Ներքին 1 ամիս առաջ - 14:53 01-05-2026

Հայաստանում գործադուլ կազմակերպելը գրեթե անհնար է. ՄԻՊ

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ի հետ զրույցում ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը անդրադարձել է գործադուլի իրավունքի իրացման խնդիրներին՝ նշելով, որ այս ոլորտը Հայաստանում ամենախնդրահարույցներից է։

Նրա խոսքով՝ գործող օրենսդրական կարգավորումները կառուցված են այնպես, որ գործադուլ կազմակերպելը գործնականում գրեթե անհնար է։

«Մեր երկրում օրենսդրական կարգավորումներն այնպիսի տրամաբանությամբ են կառուցված, որ այդ բոլոր չափանիշները բավարարելով՝ գրեթե անհնար է գործադուլ կազմակերպել։ Արդյունքում, ամեն անգամ, երբ գործադուլ է տեղի ունենում, ձևավորվում է տպավորություն, թե այն իրավաչափ չէ, հակաիրավական է, և սա շատ լուրջ խնդիր է»,- նշել է Մանասյանը։

Նա ընդգծել է, որ խնդիրը միայն օրենսդրական չէ, այլ նաև գործնական․ հաճախ բացակայում է հստակ պատկերացումը, թե ինչ է գործադուլի իրավունքը և որքան կարևոր է այն։

«Բացի օրենսդրական խնդիրներից, պրակտիկայում ևս բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծվում մարդկանց համար այս իրավունքի իրացման ճանապարհին։ Իրազեկվածությունը ևս շատ ցածր է»,- ասել է ՄԻՊ-ը։

Մանասյանը պարզաբանել է նաև, որ գործադուլը կոլեկտիվ իրավունք է, և դրա իրականացման համար սահմանված են բազմաթիվ բարդ ընթացակարգեր։

«Օրենսդրությունն այնքան բարդ է կառուցված, որ մինչև հասնես գործադուլ կազմակերպելու փուլին, պետք է անցնես բազմաթիվ քայլեր ու բավարարես խիստ չափանիշներ, ինչը գործնականում շատ դեպքերում անհնար է դարձնում այդ իրավունքի իրացումը»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ հաճախ բողոքներ են ստացվում նաև այն մասին, որ գործադուլից հետո աշխատողները ենթարկվում են ճնշումների կամ նույնիսկ ազատվում աշխատանքից։

Անդրադառնալով կոնկրետ դեպքերին՝ Մանասյանը նշել է, որ եղել են իրավիճակներ, երբ հնարավոր է եղել խնդիրները լուծել աշխատողների օգտին։

«Մի շարք դեպքերում, այդ թվում՝ հանրային հնչեղություն ունեցող, օրինակ՝ պղնձամոլիբդենային կոմբինատի գործադուլի ժամանակ, մենք հանդիպել ենք աշխատողների հետ, լսել նրանց խնդիրները և դրանք հասցեագրել համապատասխան պետական մարմիններին»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Աշխատանքի տեսչական մարմինը որոշ դեպքերում արձանագրել է խախտումներ և պահանջել դրանց վերացում։

«Եթե աշխատանքային իրավունքների հետ կապված հարցերը պատշաճ ձևով բարձրաձայնվում են և մենք հետևողական ենք լինում, ապա հնարավոր է հասնել որոշակի արդյունքների»,- ընդգծել է Մանասյանը։

Միաժամանակ նա շեշտել է, որ առկա խնդիրները համակարգային բնույթ ունեն և չեն կարող լուծվել միայն առանձին դեպքերով։

«Եթե համակարգային լուծումներ չկան, խնդիրները շարունակելու են մնալ։ Սա վերաբերում է նաև գործատուների մոտ ձևավորված ընկալումներին»,- նշել է նա։

ՄԻՊ-ը կարևորել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հարցը՝ ընդգծելով, որ այս ոլորտում ևս լուրջ խնդիրներ կան։ «Հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքի հնարավորությունները շարունակում են սահմանափակ լինել, իսկ միջավայրը՝ ոչ բավարար ներառական և մատչելի»,- եզրափակել է Անահիտ Մանասյանը։

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

23:35 Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները. Ռուբինյան
23:28 ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
13:00 Գերիների ազատման հույս է արթնանում
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
13:31 Ձորաղբյուրում բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ
14:05 Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է

Ձեզ գուցե հետաքրքրի