ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հայտարարագրերը հարցերի տեղիք են տալիս․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած տվյալներում բացակայում են ինչպես նրա նոր պաշտոնի ստանձման հայտարարագիրը, այնպես էլ ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները։
Այսպես․ եթե կենսագրականում ՍԱՏՄ պետի անձնական տվյալներն առկա են, որից տեղեկանում ենք, որ ամուսնացած է և ունի երկու որդի, ապա 2024-ի՝ տեղակալի պաշտոնն զբաղեցրած տարում, իր կողմից ներկայացված հայտարարագրում ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների վերաբերյալ տվյալներ չկան։
Նաև հստակություն չկա՝ տվյալ պաշտոնյան, ամուսնացա՞ծ է, ամուսնալուծվա՞ծ է, թե այլ կարգավիճակում է գտնվում։

Ըստ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի և հայտարարագրման կարգի, պաշտոնատար անձը պարտավոր է հայտարարագրել այն ընտանիքի անդամներին, որոնք համատեղ բնակվում են իր հետ: Եթե կենսագրության մեջ նշված է «ամուսնացած», բայց հայտարարագրում կնոջ տվյալները չկան, դա կարող է դիտվել որպես հայտարարագրման պարտավորությունների խախտում։
ՀՀ իրավակարգավորումը այս հարցում բավական հստակ է․ պաշտոնատար անձը պարտավոր է ներկայացնել ամբողջական և հավաստի հայտարարագիր, հայտարարագրվում են ոչ միայն իր, այլ նաև ընտանիքի անդամների տվյալները, ընտանիքի անդամ են համարվում, ի թիվս այլոց, ամուսինը (կինը) և այն անձինք, որոնք համատեղ բնակվում են։
Օրենքը նաև նախատեսում է հետևանքներ նման խախտումների համար՝ հայտարարագրի ուղղման պահանջ, վարչական պատասխանատվություն (տուգանք), իսկ էական կամ դիտավորությամբ խախտումների դեպքում՝ նաև ավելի խիստ իրավական հետևանքներ։
Պետրոսյանը 2025 թվականի հունիսի 24-ից նշանակվել է տեսչական մարմնի ղեկավար։ Մինչ այդ՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ից զբաղեցրել է նույն կառույցի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

Հարկ է նշել, որ հայտարարագրերի համակարգը նախատեսված է՝ պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և շահերի թափանցիկությունը ապահովելու համար, հնարավոր շահերի բախումները բացահայտելու նպատակով։
Հատկապես նոր պաշտոնի դեպքում ստանձնելու հայտարարագիրը հատկապես կարևոր է, քանի որ արձանագրում է պաշտոնյայի ֆինանսական և գույքային վիճակը հենց նշանակման պահին։ Այսպիսով՝ օրենքը հստակ պահանջ է սահմանում։ ՀՀ «Հանրային ծառայության մասին» օրենքը հստակ պահանջում է՝ պաշտոնատար անձը պարտավոր է պաշտոնը ստանձնելուց հետո 30 օրվա ընթացքում ներկայացնել համապատասխան հայտարարագիր։
Սա նշանակում է, որ Տիգրան Պետրոսյանը պետք է իր նոր պաշտոնի հայտարարագիրը ներկայացներ դեռևս 2025 թվականի հուլիսին։ Սակայն առնվազն հրապարակային հարթակում նման հայտարարագիր չկա։ Պաշտոնյայի ընտանիքն, այսպես ասած «անտեսանելի» է։

Ստացվում է հակասական իրավիճակ․ պաշտոնյան ունի ընտանիք, բայց հայտարարագրերում այն չի երևում։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա կարող է ունենալ մի քանի բացատրություն՝ հայտարարագիրը ներկայացված է, բայց դեռ չի հրապարակվել, կամ այն ընդհանրապես չի ներկայացվել օրենքով սահմանված ժամկետում, կամ էլ լրացվել է թերի։
Կամ՝ որտե՞ղ է 2025 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, բոլոր տարբերակներն էլ առաջացնում են թափանցիկության լուրջ հարցեր։
Oragir.News-ը բարձրացված հարցերի վերաբերյալ պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին․ սակայն անցել է 8 օր, և մինչ այժմ պատասխան չի ստացվել։
Հասմիկ Մովսիսյան
Հասմիկ Մովսիսյան