Ներքին 5 ամիս առաջ - 09:00 27-04-2026

Պետական ծրագրեր, պայմանագրեր, կապեր. գլխավոր էկոպարեկի կնոջ հաջողության պատմությունը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանի ընտանիքին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությունը մի շարք հարցադրումներ է առաջ բերում։ Ըստ փաստաթղթերի՝ Վլադիմիր Կիրակոսյանի կինը՝ Արուսյակ Սեդրակյանը, 2023 թվականի հոկտեմբերի 6-ին որպես անհատ ձեռնարկատեր է գրանցվել, և ընդամենը մի քանի ամիս անց՝ արդեն 2024 թվականի փետրվարի 29-ին, հանդես եկել որպես գործատու և պետական ծրագրում կնքում մի շարք պայմանագրեր։

Խոսքը վերաբերում է Արցախից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ծրագրին, որի շրջանակում իրականացվում են կարճաժամկետ ուսուցման դասընթացներ և աշխատանքային փորձի կազմակերպում։



Այս ժամանակագրությունը հարց է առաջացնում՝ ինչպե՞ս է նոր գրանցված ԱՁ-ն այդքան կարճ ժամանակում ընդգրկվել պետական ծրագրում և ինչ ընթացակարգով է ընտրվել որպես գործատու։ Ներկայացված տվյալներով՝ 2024 թվականի փետրվարի 29-ին կնքվել են առնվազն երկու պայմանագրեր (ԼՂ2-06-1053-2024 և ԼՂ2-08-1053-2024) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ։



Յուրաքանչյուր պայմանագրի շրջանակում նախատեսված է մոտ 645,000 դրամ ֆինանսավորում՝ որպես դրամաշնորհային ծախս։ Ծրագրի տրամաբանությամբ՝ պետությունը փոխհատուցում է գործատուին շահառուի աշխատավարձը և հարակից ծախսերը՝ վերջինիս աշխատանքային փորձ ապահովելու նպատակով։



Միաժամանակ հարց է առաջանում՝ քանի՞ շահառուի համար են կնքվել պայմանագրերը, որքան է ընդհանուր ստացված ֆինանսավորումը, և ինչպե՞ս է իրականացվել գործատուների ընտրությունը։ Պայմանագրերով՝ Սեդրակյանը պարտավորվում է շահառուներին ընդունել աշխատանքի առնվազն 6 ամիս ժամկետով, կազմակերպել նրանց մասնագիտական փորձը։

Այստեղ ևս հստակություն է անհրաժեշտ՝ արդյո՞ք այդ աշխատանքային գործունեությունը փաստացի իրականացվել է ամբողջ ծավալով, թե՞ կա ձևական ներգրավման ռիսկ, որը հաճախ դիտարկվում է նման ծրագրերի շրջանակում։



Փաստաթղթերում ներկայացված տվյալների համաձայն՝ Արուսյակ Սեդրակյանը եկամուտ է ստացել նաև այլ աղբյուրներից․ շուրջ 496,420 դրամ՝ ձեռնարկատիրական գործունեությունից, 982,913 դրամ՝ «Մարտիկ» հիմնադրամից։ Թե ինչ ծառայությունների դիմաց է իրականացվել Արուսյակ Սեդրակյանի ԱՁ-ին վճարումը, այստեղ ևս թափանցիկություն չկա։

Հիշեցնենք՝ «Մարտիկ» հիմնադրամը, որպես բանակին աջակցող բարեգործական կառույց, դեռևս 2018 թվականին հայտնաբերված չարաշահումների և գումարների վատնման փաստերով տարիներ շարունակ գտնվել է իրավական և հանրային ուշադրության կենտրոնում։ Թեև հիմնադրամի գործունեությունը պաշտոնապես չի դադարեցվել, սակայն 2019-ից հետո դրա ակտիվ գործունեության մասին գրեթե հրապարակումներ չկան։



Ուշագրավ է նաև փաստաթղթերում առկա հասցեների և կապերի համընկնումը։ Այսպիսով՝ համընկնում են թե՛ ԱՁ-ի գրանցման հասցեն, թե՛ ընտանիքի բնակության հասցեն, և թե՛ որոշ այլ բիզնես կառույցների հասցեները։ Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է գործող բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամին, այստեղ ևս ողջամիտ հարց է առաջանում՝ արդյոք պետական ծրագրում ներգրավվածությունը որևէ կերպ կապվա՞ծ է Վլադիմիր Կիրակոսյանի գործոնի հետ։



Այդուհանդերձ, փաստաթղթերի ուսումնասիրությունը թույլ է տալիս ընդհանուր պատկերացում կազմել Էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանի կնոջ՝ Արուսյակ Սեդրակյանի գործունեության, պետական ծրագրերում կարճ ժամանակաընթացքում ներգրավվածության և ֆինանսական հոսքերի վերաբերյալ։

Թեև գործընթացը համապատասխանում է գործող ծրագրերի մեխանիզմներին, սակայն որոշ հարցեր մութ են մնում։

Հիշեցնենք՝ Oragir.News-ն իր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էր ՇՄՆ էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանի կենսագրության մի դատական դրվագի, որը վերաբերում է չվճարված համայնքային պարտավորությանը՝ մասնավորապես աղբահանության համար սահմանված վճարներին, որը տեղի է ունեցել մինչև նրա պետական պաշտոն զբաղեցնելը։

Հասմիկ Մովսիսյան Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ