Ներքին Արտաքին 2 ամիս առաջ - 13:27 24-04-2026

Հայոց ցեղասպանությունը բաց վերք է մարդկության խղճի վրա. Լիբանանի նախագահ

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ այդ ողբերգությունը բաց վերք է մարդկության խղճում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի նախագահական գրասենյակը։

«Խորը ցավով եմ հիշում այդ մարդկային ողբերգությունը, որը բաց վերք է դարձել մարդկության խղճի վրա, և վերահաստատում եմ իմ անսասան նվիրվածությունն արդարության, ճշմարտության և մարդկային արժանապատվության արժեքներին», – նշել է նախագահ Աունը։

Նա հավելել է, որ իր հիմնադրումից ի վեր Լիբանանը եղել է անվտանգ վայր երկրի սահմաններում ապաստան փնտրող հայերի համար և նրանց դարձրել է ազգային կառուցվածքի անբաժանելի մասը։

«Հայկական ծագումով լիբանանցիները երբեք հյուր չեն եղել այս երկրում, այլ իսկական գործընկերներ են եղել նրա կառուցման, տոկունության և բարգավաճման գործում։ Նրանք իրենց ներդրումն են ունեցել տարբեր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև մշակույթ, արդյունաբերությունից մինչև արվեստ, քաղաքականությունից մինչև կրթություն՝ հստակ հետք թողնելով ժամանակակից Լիբանանի պատմության վրա», – նշված է հաղորդագրության մեջ։

«Այս առիթով ես ողջունում եմ հայ ժողովրդի տոկունությունը և նրանց անսասանությունը՝ պահպանելու իր ինքնությունն ու հիշողությունը։ Ես հաստատում եմ, որ այս տարելիցի հիշատակումը ոչ միայն անցյալի հիշողություն է, այլև նոր կոչ՝ մերժելու անարդարությունը, որտեղ էլ որ այն լինի, և աշխատելու ավելի արդար և մարդկային աշխարհի համար», – նշել է նախագահը։
Աունը նաև հաստատել է, որ Լիբանանը հավատարիմ կմնա իր առաքելությանը՝ որպես ազատության և բազմակարծության երկիր՝ հավելելով, որ հիշողությունը ողբերգությունների կրկնությունը կանխելու բանալին է:

«Եկեք այս հիշողությունից քաղենք մեր ազգային միասնությունն ամրապնդելու, մարդկային արժանապատվությունը պաշտպանելու և մեր նախնիների զոհողություններին և ապագա սերունդների հույսերին արժանի ապագա կառուցելու վճռականությունը», – հավելել է նա:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին