Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 16:00 23-04-2026

Սերժն ու Նիկոլը միշտ ճիշտ են, բոլորս՝ սխալ

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ուշագրավ հայտարարությամբ է նշանավորել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի տարեդարձը։

Անուրանալի է, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման տարիներին բազմաթիվ ազգօգուտ, ճիշտ բաներ արել է։ Գուցե Հայաստանի ղեկավարների շարքում նա ամենաշատ ճիշտ ու ազգանվեր բաներն է արել, ամենաշատ օգուտն է տվել պետությանն ու ժողովրդին։ Բայց անհամեստ է, երբ այդ մասին ինքն է խոսում, այն էլ Փաշինյանին իշխանությունը հանձնելու օրվա տարեդարձին։ Մարդ չկա՞, որ կխոսի նրա լավ գործերի, ագանվեր արարքների, իսկական քաղաքական գործչի մասին։

Սերժ Սարգսյանի հայտարարության առաջին տողն արդեն կասկած է ծնում։ Ազնիվ կլիներ, եթե նա ժողովրդին որպես ոչ քաղաքական գործիչ դիմելուց առաջ ֆորմալ դուրս գար քաղաքականությունից։ Գուցե արդեն դո՞ւրս է եկել քաղաքականությունից, պարզապես մեզ չի ասում, որ տրամադրություններս չընկնի։ Գուցե ապրիլի 23-ին՝ իր քաղաքական կյանքի ավարտի օրը, նա իրեն չի՞ զգում որպես քաղաքական գործիչ։ Ի վերջո՝ սա վիրավորական է 36 ամյա կուսակցության համար, որի առաջնորդը ժողովրդին դիմում է ոչ որպես քաղաքական գործիչ։

Հայտարարության տեքստում ճիշտ ու սխալի մասին վերացարկումներից զատ՝ հանդիմանանքի խոսք կա ժողովրդի հասցեին՝ իբր նրա պահանջով է հրաժարական տվել։ Եթե Սերժ Սարգսյանը ժողովրդի պահանջով հրաժարական տվող էր, ապա 2008-ի Մարտի 1-ից հետո թող հրաժարական տար, դեռ նախագահ չդարձած։ 2008-ի ապրիլի 19-ից վերսկսվել են նրա հրաժարականի պահանջով համաժողովրդական ցույցերն ու շարունակվել մի քանի տարի։ Այն ժամանակ հրաժարական պահանջող ժողովուրդն ուրի՞շ էր, 2018-ին ուրի՞շ։ 2010-ին կարող էր հրաժարական տալ, երբ Մոսկվայից պարտադրեցին Մարտի 16-ի ապօրինի պայմանագիրը դարձնել 49 տարի։ 2013-ի սեպտեմբերի 3-ին հրաժարական կարող էր տալ, երբ գիշերով ստիպեցին ստորագրել հակաքաղաքակրթական պայմանագիրը, մոռանալ ԵՄ-ի մասին։

Սերժ Սարգսյանի հայտարարությունը հանրային քննարկման առարկա է դարձել։ Եթե նա չէր ուզում 2 ժամկետից ավելի պաշտոնավարել, ապա թող ՀՀԿ-ից մեկին առաջ քաշեր ու նրան փոխանցեր իր ամբողջ գիտելիքն ու փորձը, որն էլ կդառնար Հանրապետականի շարունակողն ու հաջորդ վարչապետը։ Ինչ է, ժողովուրդը միայն Սերժ Սարգսյանի՞ն էր ուզում ընտրել երկրի ղեկավար։ Նա կարող էր նաև 2015-ի սահմանադրության մեջ սահմանել, որ վարչապետը չի կարող 2 ժամկետից ավելի կառավարել։ Այսպիսի նորմը գուցե կսթափեցներ Փաշինյանին, նա այդքան շատ սխալ ու աղետալի որոշումներ չէր ընդունի, մի քիչ կմտածեր, որ օրենքի ուժով ավարտվելու է իր իշխանության ժամկետը, չէր ձգտելու կառավարել ցմահ։

Անհասկանալի է, թե ինչու է Սարգսյանը փորձում վերաշարադրել մի քանի տարի առաջվա պատմությունը, կարծես՝ մարդիկ այդ ժամանակ կույր էին կամ նայում ու չէին տեսնում, թե ինչ է կատարվում, ինչպես են արտաքին ուժերը խաղում հանրային դժգոհության վրա, ինչպես է 2 լարի վրա վտանգավոր խաղը մոտենում եզրագծին։

Իհարկե, ուսանելի է, երբ բազմափորձ, երկար ժամանակ բարձր պաշտոն զբաղեցրած քաղաքական գործիչը խոսում է անցյալի մասին, հուշեր պատմում, գաղտնազերծում որոշ բաներ։ Այս առումով՝ հետաքրքիր կլիներ, եթե նա պատմեր, թե ինչո՞ւ 2008-2013-ին խստորեն ճնշում էր իր հրաժարականի պահանջով բազմամարդ ցույցերն, իսկ Նիկոլ Փաշինյանի սակավաթիվ ցույցերը չէր ճնշում։

Այս առումով՝ ի՞նչ է նշանակում՝ «հրաժարական տվեցի, որպեսզի սահմանների ներսում թույլ չտամ արյունահեղություն»։ Ի՞նչ արյունահեղության մասին է ակնարկը, ո՞վ ում արյունն էր հեղելու, Բաբաջանյանի տանկե՞րն էին ճխլելու մարդկանց, թե՞ անհայտ երկրի դիպուկահարներն էին կրակելու ժողովրդի վրա։ Ո՞վ էր նրան սպառնացել, որ արյունահեղություն կլինի ներսում, եթե հրաժարական չտա՝ սորոսականնե՞րը, թե՞ ռուս սպաները։

Կարճ ասած՝ լավ կլինի, եթե բարձրաստիճան քաղաքական, պետական գործիչները սիրով վերաբերվեն ժողովրդին, նրան չհիմարացնեն անհարկի վերացարկումներով ու տափակաբանությամբ, ինչպիսին է՝ «Ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ»։ Եվ անտեղի է ժողովրդին այսքան հանդիմանելը, քանի որ 2018-ին պետական բոլոր կառույցները կայացած վիճակում էին և կարող էին կանխել կամ ճնշել ցանկացած ցույց, ինչպես 2018-ից առաջ և հետո։ Նույնկերպ Փաշինյանն է ժողովրդին մեղադրում իր աղետալի սխալների համար։ Այնպիսի տպավորություն է, թե Սերժ Սարգսյանն ու Փաշինյանը միասին ձգտում են ապացուցել, որ իրենք միշտ ճիշտ են։ Եթե ժողովրդով միաձայն գոռանք, որ բոլորս սխա՜լ ենք, նրանց հանդիմանանքից կպրծնե՞նք։

Թաթուլ Մկրտչյան Թաթուլ Մկրտչյան

Ձեզ գուցե հետաքրքրի