Ներքին 3 ամիս առաջ - 18:00 21-04-2026

Ապարանի ջրամբարը կիսադատարկ է, բայց ջուրը մեծ հոսքով բաց են թողնում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ապարանի ջրամբարի լցվածության մակարդակը պաշտոնական աղբյուրներում հրապարակված տվյալներով՝ կտրուկ փոփոխություների է ենթարկվել վերջին շաբաթների ընթացքում։ Oragir.News-ի տեղեկություններով բոլորովին վերջերս մոտավորապես 25% էր լցվածությունը, այսօր արդեն՝ 52%-ից մի փոքր պակաս։



Այս խնդրի վերաբերյալ Oragir.News-ը հարցում էր ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել՝ Ապարանի ջրամբարի լցվածությունն ինչպես է գնահատվում, քանի որ մեր տեղկությունների համաձայն իրական թիվը 25% է։

Մենք նաև խնդրել էինք պարզաբանել՝ նման իրավիճակը կարո՞ղ է նպաստել Սևանա լճից ջրառի ավելացմանը, ենթադրաբար՝ լճի մակարդակի չափից ավելի բարձրացումը կանխելու նպատակով։

Հարցումից անցել է շուրջ 9 օր, գերատեսչությունից պատասխան դեռ չենք ստացել։

Հիշեցնենք՝ Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել էր, որ Ապարանի գետը տվյալ ժամանակահատվածում ունեցել է զգալի հոսք։ Տեսանելի է, որ ջրի ծավալը բավարար է կուտակման համար, ինչը հարց է առաջացնում՝ արդյո՞ք հնարավոր չէր այդ ռեսուրսը պահպանել ջրամբարում, այլ ոչ թե բաց թողնել գետի հունով։

Նկատենք, որ Հայաստանում հաճախ արձանագրվում է մի խնդիր, երբ գարնան ամիսներին ջրամբարները ամբողջությամբ չեն լցվում, ջրի զգալի մասը հոսում է գետերով, մինչդեռ ամռանը ոռոգման ջրի պակասը լրացվում է Սևանա լիճից հավելյալ ջրառի հաշվին։

Oragir.News-ն այս թեմայով իր նախորդ հրապարակման մեջ բարձրացրել է վարկած, ըստ որի՝ Սևանի ջրի մակարդակի բարձրացումը կարող է ջրով կամ մամուռով ծածկել ափամերձ հանգստյան գոտիներն ու բնակավայրերը, և այդ պատճառով հնարավոր է նախընտրելի համարվի սահմանափակել ջրամբարների, այդ թվում՝ Ապարանի լցվածությունը՝ շարունակելով Սևանից ջրառը։

Շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանն, Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, նշեց, որ ջրամբարների լցվածության նման արագ աճը տեսականորեն հնարավոր է միայն որոշակի պայմաններում՝ առատ տեղումների կամ ինտենսիվ հալոցքների դեպքում։ Սակայն հաշվի առնելով ներկայիս եղանակային պայմանները՝ նման կտրուկ փոփոխությունը լիովին բնական համարել դժվար է։

«Այս տարի առատ տեղումների պայմաններում որոշակի բարձրացումներ հնարավոր են, և դրանք կարող են լինել ավելի մեծ, քան նախորդ տարիներին։ Սակայն չեմ կարծում, որ մի շաբաթվա ընթացքում նման աճը կարող է բացառապես բնական պատճառներով պայմանավորված լինել։ Ներկայումս եղանակը բավականին ցուրտ է, ինտենսիվ հալոցքներ դեռևս չեն սպասվում, և զգալի փոփոխությունները կարող են սկսվել ավելի ուշ փուլում։ Ընդհանուր առմամբ, ոլորտում առկա են մի շարք համակարգային և կառավարման խնդիրներ, որոնց համեմատ տվյալների նմանատիպ տատանումները երկրորդական նշանակություն ունեն և չեն հանդիսանում առաջնային վերլուծության առարկա»,- կարծիք հայտնեց փորձագետը։

Խնդիրը, սակայն, միայն թվերի ճշգրտությունը չէ։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք ջրամբարների կառավարումը իրականացվում է արդյունավետ և ռազմավարական մոտեցմամբ։

Մասնավորապես, հաճախ բարձրաձայնվում է այն մտահոգությունը, որ ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարումը կարող է հանգեցնել ջրի ավելորդ բացթողման՝ այն ուղղելով դեպի հարևան երկրներ, մինչդեռ ամռանը առաջանում է ոռոգման ջրի պակաս։

Այս համատեքստում հաճախ հիշատակվում է նաև Սևանա լիճի դերը, որը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական ջրային «ապահովագրական պաշարը»։ Ամառային սեզոնին ջրամբարների թերի լցվածության կամ սխալ կառավարման պատճառով ստիպված են լինում մեծացնել Սևանից ջրառը, ինչը երկարաժամկետ էկոլոգիական ռիսկեր է առաջացնում։

Oragir.News-ի հարցին՝ հնարավո՞ր է գործ ունենք կառավարման խնդիրների կամ կանխամտածված քաղաքականության հետ, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Չի կարելի բացառել որևէ սցենար։ Հայաստանում երբեմն նկատվում են ինչպես համակարգային թերությունների, այնպես էլ մասնագիտական մոտեցման պակասի հետևանքով ձևավորված իրավիճակներ, որոնք որոշ դեպքերում կարող են նաև դիտարկվել որպես նպատակային գործողությունների արդյունք։ Խնդիրը բազմաշերտ է և պահանջում է առանձին ու մանրակրկիտ ուսումնասիրություն»։

Oragir.News-ը թեմայի շրջանակում հարցումներ է ուղարկել թե՛ ՀՀ Ջրային կոմիտե, թե՛ Շրջակա միջավայրի նախարարություն։ Պատասխանները ստանալուն պես ևս մեկ անգամ կանդրադառնանք խնդրին։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Հասմիկ Մովսիսյան Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին