Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:30 17-04-2026

Սամվել Կարապետյանն ազատ չարձակվեց, Փաշինյանը վիրավորում էր, Սեյրան Օհանյանը պատասխանեց․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 17-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Հակակոռուպցիոն դատարանն այսօր վերսկսել է գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին այսօր դատարան բերեցին ոստիկանական ավտոմեքենայով: Կարապետյանը լրագրողների հարցերին չպատասխանեց՝ նշելով, որ իրավունք չունի խոսելու, փաստաբաններն էլ հավելեցին, որ՝ կա սահմանափակում: Նախորդ ամռանը Հայ Առաքելական եկեղեցուն հրապարակային աջակցություն հայտնելուց հետո իշխանությունների թիրախում հայտնված, ապա կալանավորված Սամվել Կարապետյանը, մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցները օրինականացնելու համար:Նախորդ դատական նիստում գործարարի փաստաբանները միջնորդեցին, որ դատավորն առաջնահերթ քննի Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը: Կարապետյանը ցանկանում է հաջորդ շաբաթ մասնակցել իր կուսակցության համագումարին: Մինչ դատարանը քննում էր Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը, նիստին զուգահեռ դատարանի բակում Կարապետյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա են անում նրա կուսակիցներն ու համախոհները: Մի պահ իրավիճակը լարվեց. քաշքշոց սկսվեց ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև: Քաշքշոցը սկսվեց, երբ ոստիկանները որոշեցին բացել ճանապարհը, ու քանի որ քաղաքացիները ճանապարհը չէին բացում, ոստիկանները հրելով հեռացրին նրանց այդ հատվածից, որից հետո սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին: Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» հայտնել են, որ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հոդվածով 17 մարդու են ձերբակալել ու տեղափոխել համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ։ Ակցիայի մասնակիցները բղավում են՝ «Սամվե՛լ, վարչապետ», «Ազատությո՛ւն»։


Խորհրդարանում կառավարության 2021-2026 թվականնեի ծրագրի անցած տարվա կատարողականի քննարկումից հետո այսօր Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդես եկավ եզրափակիչ ելույթով։ Կառավարության ղեկավարը հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների համատեքստում պնդեց, որ նախկին-ներկա բանավեճը հաղթահարելու միայն մի տարբերակ կա. «Դրա համար 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն պետք է անցողիկ շեմը չհաղթահարեն: Ընդ որում, Փաշինյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն անվանում էր ՀՀԿ։ «Էն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ժողովրդին անվանելով «ժեխ», «շուն-շանգյալ», «բոշա»...այսինքն՝ իրենք մարտահրավեր են նետում, որ իրենց ձայն տվող մարդը պետք է ինքն իրեն հայտարարագրի որպես «ժեխ», «շուն-շանգյալ», «բոշա»: ՀՀ քաղաքացին պետք է որոշի՝ այդ մարտահրավերը ընդունում է, թե ոչ։ Եթե «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կարող են անցնել խորհրդարան, դա նշանակում է, որ ես իմ մտքով անցկացնեմ՝ Հայաստանի Հանրապետությունում այդքան «շուն ու շանգյալ» կա, որ իրենց օգտին կքվեարկի։ Դա կլինի անհարգալից վերաբերմունք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ»,- ասաց նա։ Ընդդիմությունից Նիկոլ Փաշինյանին դահլիճում լսում էին միայն «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Փաշինյանը հայտարարեց, որ իր ղեկավարած իշխանությունը երկիրը դուրս է բերել թակարդից, իսկ ընդդիմությունը կրկին ձգտում է պատերազմի մեջ ներքաշել, և այժմ, քաղաքացիները պետք է տեր կանգնեն խաղաղությանը։ «Այն թակարդից, որի մեջ մենք մտել ենք Ղարաբաղի շարժումով և որի մեջ պատերազմի եռագլուխ կուսակցությունները մեզ անընդհատ մտցրել են ու պահել են փակուղում»,- ասաց նա։ Ըստ Փաշինյանի՝ պատերազմի պատճառը եղել է Ղարաբաղյան շարժումը, իսկ եթե չկա Ղարաբաղյան շարժումը չկա, ուրեմն պատերազմ էլ չկա:


«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ-ում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ոչ ադեկվատ կառավարումն ու իրարամերժ գործողություններն են հանգեցրել 2020 թվականի 44–օրյա պատերազմին։ «Պատերազմի ժամանակ ոչինչ չեք արել երկիրը մոբիլիզացնելու և հաջողություններ ունենալու համար։ Մինչդեռ մենք ի վիճակի ենք եղել մեր առջև դրված խնդիրը կատարելու։ Պարոն Փաշինյանն ասում է, որ գեներալները փախել են. ԱԺ ղեկավարությունն ու պատգամավորները եկել էին այնտեղ, որտեղ անհրաժեշտություն կար պահեստազորայինների, որոնք այս կամ այն պատճառով լքել էին մարտական գործողությունների դաշտը։ Մինչդեռ պատգամավորները լայաղ չարեցին գոնե մի քանի ժամով գնան, աշխատեն «մոբ ռեսուրսի» հետ։ Հիմա ո՞վ է փախել. գեներալներն են փախե՞լ, թե՞ ԱԺ այն պատգամավորները, որոնք այնտեղ էին։ Ու նրանց մի քանիսին ես ճանաչում եմ»,– հայտարարեց նա։ Օհանյանը տեղեկացրեց, որ Արցախի Պաշտպանության բանակը 283 կմ պաշտպանության գոտի է ունեցել, որից 265 կմ–ն ուղիղ 1 ամիս՝ մինչև հոկտեմբերի 27–ը, պահել են։ «Այդ տարածքով են ձեր ասած գեներալները փախել, և ես գտնում եմ, որ դա ձեր պատասխանատվության գոտում է, քանի որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն է այնտեղ որոշում ընդունում, իսկ այն հաստատում եք դուք։ Ձեր պատասխանատվության գոտով է Ադրբեջանը շրջանցել, եկել –հասել Շուշի, Բերձոր, Բերդաձոր և Հայաստանի Հանրապետության սահմաններ` Գորիս, Կապան, Մեղրիի սահմանները»,– ընդգծեց ՀՀ պաշատպանության նախկին նախարարը։ Վերջում Օհանյանը դիտողություն արեց Փաշինյանին` նշելով, որ խաղաղությունը ոչ թե անվտանգության երաշխիք է, այլ ազգային անվտանգության հիմնարար արժեք։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի