Ներքին Միտք 3 ամիս առաջ - 13:00 17-04-2026

Ինչու է Փաշինյանը ծաղրում թոշակառուներին

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Քաղաքական ուժերը պարտավոր են պարբերաբար հաշվետվություն ներկայացնել կատարած աշխատանքների վերաբերյալ, խոսել հատկապես այն բաների մասին, որոնցից հանրությունը տեղյակ չէ։ Բնականաբար, իշխանությունները ավելի շատ ասելիք ունեն, քանի որ տնօրինում են ոչ միայն կուսակիցների անդամավճարներն ու համակիրների նվիրատվություններն, այլև հարկատուների միջոցները, ինչպես նաև միջազգային գործընկերների տրամադրած դրամաշնորհներն ու արտոնյալ վարկերը։

Պատասխանատու ուժերը լրջորեն են վերաբերվում հաշվետվություններին։ Իսկ պոպուլիստները հաշվետվությունները վերածում են ծաղրի, զավեշտի։ Ու եթե մի լավ բան են արել ժողովրդի համար, ապա այնպիսի տոնով են երեսով տալիս, կարծես ուզում են, որ մարդիկ մի 10 անգամ շնորհակալություն հայտնեն դրա համար։

Իհարկե՝ լավ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում այս օրերին հանդես է գալիս Կառավարության ծրագրի կատարման ընթացքի հաշվետվությամբ։ Սակայն վատ է, որ դա անում է այնպես, կարծես՝ մարդիկ պետք է շնորհակալ լինեն, որ ոչ բոլոր կետերում են ձախողվել, որոշ կետեր իրականացրել են։ Հատկապես վրդովվեցնող է թոշակների բարձրացման վերաբերյալ մեծախոսությունը։

«Կիրակի օրվա համար դեպի Լառնակա 2 եվրոյով տոմս կա, 900 դրամով Գյումրի-Լառնակա ավիատոմս կա։ Այսինքն՝ ապրիլի 1-ից մեր բարձրացրած թոշակով թոշակառուն կարա 5 հատ տուդա-աբրատնի տոմս առնի»,- այս մասին ապրիլի 15-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Փաշինյանը:

Սա ծա՞ղր է ուղղված թոշակառուին։ Ինչո՞ւ է նա կարծում, թե թոշակառուին հետաքրքրում է 5 անգամ Կիպրոս գնալ, գալը, ու միայն դա էր պակասում նրա լիակատար երջանկության համար։

Հիշենք, որ 2025-ի դեկտեմբերի 3-ին Փաշինյանն՝ թոշակների բարձրացման թեմայի շուրջ խոսելիս՝ հռետորական հարց էր տվել, թե եթե թոշակները 11 հազար կամ 10 400 դրամով ավելացնեն՝ «ի՞նչ է անելու թոշակառուն։ Այդ գումարը ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու»։ Մեկ այլ առիթով՝ անդրադառնալով թշակառուների խնդրանքին, թե թոշակը չի բավականացնում կոմունալ վարձերին, նա նշել էր, թե եթե թոշակներն, օրինակ՝ 10 հազարով բարձրացնեն, ապա թոշակառուի կոմունալ ծախսերը 10 հազար դրամով կավելանան։ Այսկերպ նա փորձում էր բացատրել, թե թոշակները բարձրացնելը սոցիալական խնդիրների լուծման առումով՝ արդարացված չէ։ Այսինքն՝ թոշակի այդքան բարձրացումը որևէ կերպ չի ազդելու թշակառուի բարեկեցության վրա։ Իսկ հիմա նա այնպիսի ոգևորությամբ է ներկայացնում թոշակների 10 հազար դրամ բարձրացումը, կարծես՝ ինքը չէր մերժում թոշակառուների խնդրանքները մի քանի ամիս առաջ։

Նկատենք, որ տարեցները ճամփորդելու, մանավանդ՝ ինքնաթիռով թռչելու առողջություն չունեն։ Նրանց մեծ մասը հանգստի կարիք ունեն, անդորրի, ոչ թե աղմկոտ ճամփորդությունների և արկածների։ Սրանից զատ՝ նույնիսկ եթե ինչ-որ տեղ, ինչ-որ առիթով 2 եվրոյով Կիպրոսի տոմս է վաճառվում, նույնիսկ եթե այդ ինֆորմացիան կեղծ չէ, դա դեռ հիմք չի տալիս ասելու, որ թոշակառուն կարող է 5 անգամ գնալ-գալ Կիպրոս։ Ի վերջո՝ եթե Փաշինյանը գոնե մեկ անգամ գնացել է Կիպրոս, ապա գիտի, որ հնարավոր չէ այս թոշակով Կիպրոսում մի քանի օր հանգստանալ, վճարել հյուրանոցի, սննդի, տրանսպորտի և այլնի համար։

Պարզ ասած՝ Փաշինյանի կողմից Կառավարության ծրագրի կատարման ընթացքի հաշվետվությունը պոպուլիստական էժանագին ելույթ է։ Այստեղ քաղաքական պատասխանատվության, հանրության հանդեպ հոգատարության նշույլ չկա։ Իսկ թոշակառուների նկատմամբ այսպիսի ագրեսիվ ու ծաղրական վերաբերմունքը վայել չէ հասուն ու պատասխանատու գործչին։

Թաթուլ Մկրտչյան Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ