Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:30 03-04-2026

18-ամյա Դավիթը վերակենդանացման բաժնում է, ՔՊ-ն ընթերցելը կխթանի, ԱԱԾ պետը ժամանակ չունի․Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 3-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Քննչական կոմիտեն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասին: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ Պաշտպանության նախարարության զորավարժադաշտում: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 532-րդ հոդվածի 3-րդ մասի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ապրիլի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում՝ Բաղրամյան խոշորացված համայնքի ժողովրդին հայտնի ՀՀ պաշտպանության նախարարության «պալիգոններում»։ Նա նշել էր, որ նշված վայրում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 29-ամյա զինվորականը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ»։

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի թիկնապահների հետ քաշքշուքից հետո 2 ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակը կրկին վատացել է, նրան բանտից Նաիրի բժշկական կենտրոն են տեղափոխել, նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է։ Փաստաբանի խոսքով՝ Դավիթն այսօր ևս գիտակցության կորուստ է ունեցել։ Այսօր ավելի վաղ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ Դավիթ Մինասյանին Արմավիրի բանտից տեղափոխել են Աբովյան ՔԿՀ: «Հիմա էլ հիվանդանոցի փոխարեն Դավիթին տեղափոխում են Աբովյան ՔԿՀ ...էրեխուն քարկտիկ են սարքել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր փաստաբանը: Անցած կիրակի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրյալի կարգավիճակ ստացած պատանու փաստաբանները դիմումներ են ուղարկել Առողջապահության նախարարություն, Քրեակատարողական ծառայություն, ընդգծել, որ Դավիթն ունի այնպիսի հիվանդություն, որը հենց կառավարությունն է անհամատեղելի որակել բանտում պահելու համար: Թե ինչու են 18-ամյա Մինասյանին տեղափոխել Աբովյանի բանտ, Քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի է առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը։ Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ Դավիթը գտնվում է բժիշկների հսկողության տակ: 18-ամյա Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում: Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը Դավիթ Մինասյանի կալանավորումը խոշտանգում է որակել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր նախընտրական ծրագրում ընթերցանությունը խթանելու ծրագրեր է ներառել։ Այս մասին Արմավիրի մարզի Ալաշկերտ բնակավայրի դպրոց այցի ժամանակ այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Մենք նախընտրական ծրագրում ներառել ենք ընթերցանությունը խթանող ծրագրերի իրականացում, այդ թվում՝ ընթերցողների ակումբներ և այլն, որովհետև ակումբում կարդալն ավելի հեշտ է։ Երբ մարդ մենակ է կարդում, դա ուրիշ է, երբ կարդում է և ուրիշների հետ էլ քննարկում է, ինչպես ընդունված է ասել ժամանակակից լեզվով՝ կարդալու դրայվ է առաջանում։ Եվ կարծում եմ, որ ընթերցողների ակումբները դպրոցներում և ոչ միայն դպրոցներում կարող են խթանել ընթերցանությունը».- նշել է նա։ Նիկոլ Փաշինյանը նաև կարծիք է հայտնել, որ տեխնոլոգիաներից չափից շատ կախվածությունը մարդկանց մոտ կարող է որոշակի դիմադրություն առաջացնել, և նրանք կարող են ինչ-որ պահի նախընտրել կարդալը, քննարկելը, գուցե, ինչ-որ բան բեմադրելն ու ստեղծագործական տրամաբանության մեջ լինելը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ձեզ գուցե հետաքրքրի