Ներքին 3 ամիս առաջ - 13:00 03-04-2026

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո չսերտած քաղաքական դասը  

Ապրիլյան քառօրյայ պատերազմի հերոսների սխրանքների մասին պետք է շատ խոսել, նրանց հիշատակը մշտապես վառ պահել։ Հիշելու է արժանի նաև 80-ականների զենքերի մասին բարձրաձայն տրտունջը, որը մշտապես միանշանակ է ընկալվելու։

Սակայն կարևոր է նաև այս պատերազմի քաղաքական աստառը, որը դեռ ստվերում է։

Այդ ժամանակ ակտիվ շրջանառվում է այսպես կոչված՝ «Լավրովի պլանը», որով ՌԴ-ն առաջարկում էր, որ Հայաստանն Ադրբեջանին հանձնի ազատագրված շրջանները 5+2 հերթականությամբ, Արցախում տեղակայվեն ռուս խաղաղապահներ։ Լավրովի պլանի մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2015-ին, սակայն ակտիվ քննարկվում էր 2016-ի պատերազմից հետո։

Այս առումով՝ Ապրիլյան քառօրյա պատերազմն ուղիղ շաղկապվում է Լավրովի պլանի հետ։ Հայաստանը մերժում էր այդ պլանը, մասնավորապես՝ Արցախում ռուս խաղաղապահներ տեղակայելու մասին առաջարկը։

Պատերազմից առաջ ասում էին, թե Ադրբեջանը մերժում է ռուսների առաջարկները, Լավրովի պլանը, Մոսկվայի միջնորդությամբ բանակցությունները, պահանջելով՝ որ նախ Արցախից երկու գյուղ հանձնեն Ադրբեջանին։ Այսինքն՝ Ադրբեջանը ՌԴ-ից պահանջում էր, որ նա Հայաստանին ստիպի, որ Արցախից կամ ազատագրված տարածքներից 2 գյուղ հանձնենք։ Այս նախապայմանի բավարարման պարագայում Ադրբեջանն, իբր կհամաձայներ, որ Արցախում տեղակայվեին ռուս խաղաղապահ զինվորներ։

Հետադարձ հայացքով՝ կարելի է ենթադրել, որ Ապրիլյան քառօրյան տեղի ունեցավ, որ ադրբեջանցիները մի քանի հարյուր ք/մ հող զավթեն Արցախից, ռուսների միջնորդությամբ հաստատված նոր զինադադարով կանգնեն այդ զավթած հողի վրա ու դրանից հետո ընդունեն Լավրովի պլանը։ Եվ իրոք՝ Քառօրյա պատերազմից հետո Բաքուն ընդունում էր Լավրովի պլանը։

Ապրիլյանի հետ կապված կա նաև շատ ուշագրավ այլ պատմություն։ Այս տարիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրն էր պատրաստվում ստորագրության, բայց այնքան դանդաղ էին ծամում, որ հույս էլ չկար, թե երբևէ կստորագրվի։ Ապրիլյան պատերազմից հետո այդ գործընթացն արագացավ։ ՀՀ-ն այս պատերազմից հետո ակտիվացրեց նաև ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը, մասնակցելով բազմաթիվ զորավարժությունների։ Սա նույնպես նշանակալի քայլ առաջ էր անկախության ու ժողովրդավարության պաշտպանության գործում։

Եվ ասում են, թե Ապրիլյան քառօրյան կանգնեցվել է, որովհետև ՀՀ այդ օրերի իշխանությունը կտրուկ հայտարարել է, թե Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի և այլն, եթե ՌԴ-ն անմիջապես չկանգնեցնի պատերազմը։ Եվ այս ուղիղ հայտարարություններից վախեցած Մոսկվան հրաժարվեց աջակցել Ադրբեջանին այս պատերազմում։ Թուրքիան ևս չաջակցեց Ադրբեջանին, քանի որ ՀՀ-ն ձգտում էր ԵՄ ու ՆԱՏՕ։ Եվ Ադրբեջանը միայնակ մնալով՝ վախեցավ շարունակել պատերազմը, համաձայնվեց զինադադարի։

Այսպիսով՝ 2016-ին քաղաքական համարժեք ակնարկներով հնարավոր եղավ կանգնեցնել պատերազմը: Ավելին՝ այդ ժամանակ շատ մարդիկ ողջամիտ կարծիք էին հայտնում, որ ՀՀ-ն պետք է իրական քայլեր անի ԵՄ անդամակցելու, ՆԱՏՕ-ին միանալու ուղղությամբ, որ կանխվի նման պատերազմների և սադրանքների կրկնությունը։ Հետադարձ հայացքով կարելի է ենթադրել, որ եթե ՀՀ իշխանությունը 2016-ին, 2017-ին ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացներ և անկախության ու ժողովրդավարության պաշտպանության ուղղությամբ մեծ քայլեր կատարեր, ապա ո՛չ թավշյա հեղափոխություն կլիներ, ո՛չ ֆորպոստի վարչապետ, ո՛չ 44-օրյա աղետալի պատերազմ, ո՛չ ազգային կորուստներ։ Սա է Ապրիլյան քառօրյա պատերազմի քաղաքական դասը, որի մասին գիտեն քաղաքական գործիչները։

Կարճ ասած՝ դառնանք ու փառք տանք Քառօրյա պատերազմի հերոսներին, նահատակներին, որոնց սխրանքով կարողացանք դիմակայել Արցախի դեմ ագրեսիան, պաշտպանել Արցախի ազատության իրավունքը 2016-ին։ Բայց ցավոք՝ այս պատերազմի քաղաքական դասը մնաց չսերտած, և արդյունքում՝ Արցախն այսօր զավթված է։ Իսկ քաղաքական համայնքն այսօր էլ համարժեք քայլեր չի անում անկախության ու ժողովրդավարության պաշտպանության ուղղությամբ, ստեղծելով ազգային նոր աղետների ռիսկեր։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին