Պամֆլետ 3 ամիս առաջ - 20:00 29-03-2026

Պամֆլետ․ Ինչ կլինի, եթե չընտրենք Նիկոլ Փաշինյանին

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Մեր մեծ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վերջերս անկեղծացավ և որոշ փակագծեր բացեց։ Ըստ հեղափոխական վարչապետի՝ եթե իր կուսակցությունը հաջորդ Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն չունենա, ապա սեպտեմբերին աղետաբեր պատերազմ կլինի։

Իհարկե, մի քիչ զարմանալի է, թե ինչպես է մեր մեծ առաջնորդը նման կանխատեսում անում, երբ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ անհայտ է, թե հաջորդ օրը ինչ կլինի։ Բայց կարելի է ենթադրել, որ Իջևանի կաթ–մածունը երևի ինչ–որ գերբնական ուժ են տվել Նիկոլ Փաշինյանին, որով նա կարողանում է գերճշգրիտ հաշվարկներ անել։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ վարչապետը ամբողջ աղետը չի բացահայտել։

Հանուն ճշմարտության՝ պետք է բացահայտել այն ամենը, ինչ կլինի, եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը բացարձակ իշխանություն չունենա ու ստիպված լինի կոմպրոմիսի գնալ ինչ–որ ուժերի հետ։ Առաջին հերթին Հայաստանի ողջ ջրային պաշարը կցամաքի, գետերը, լճերը, բոլոր ծիտիկները կսատկեն, առնետները կլցվեն փողոցները, տառականները կգրոհեն խոհանոցները, սարդերը կլցվեն ճաշերի մեջ։ Մի խոսքով, դա կլինի վերջը։ Բայց սա դեռ ամենը չէ։ Եթե իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն չունենա, Հայաստանում սարքվող բոլոր խորովածները լինելու են վառված և չոր, որովհետև միայն վարչապետի օրհնությամբ է, որ խորովածը ստացվում է լավը։

Փաշինյանի՝ բացարձակ մեծամասնություն չունենալուց հետո շաբաթ–կիրակիները կդառնան սովորական, ձանձրալի հանգստյան օրեր, լրագրողները չեն աշխատի ու կճարպակալեն։ Ոչ ոք չի հասկանա, թե երբ բացվեց սիբեխի սեզոնը և ամանորից մնացած հին կերակուրներից ձվածեղ չի կարողանա պատրաստել։

Տեսակետ կա, որ չընտրվելու դեպքում Ալեն Սիմոնյանը թիկնապահների ուղեկցությամբ կփորձի հատ–հատ թքել Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա, իսկ Նիկոլ Փաշինյանը իր բարաբանը վերցրած ման կգա բակերով ու թույլ չի տա, որ ինչ–որ մեկը քնի։ Ավելին՝ ասում են, որ նա ամեն օր կիջնի մետրո և այնտեղ դեբոշ կսարքի։ Չընտրվելու դեպքում Արարատ Միրզոյանը կշարունակի համեստ փորձագետ աշխատել ԱԱԾ–ում, ուղղակի երևի թե արդեն դա կլինի ոչ թե հայկականը, այլ հարևան երկրներից մեկինը․ դե գիտեք՝ Արարատը մերը չէ։

Այնպես որ պետք է խելքներս գլուխներս հավաքենք և մեկ մարդու պես ընտրենք աշխարհի ամենաբարի, ամենախելացի, ամենազուսպ, ամենահաշվարկված ու կազմակերպված իշխանությանը, այն է՝ Նիկոլ Փաշինյանին։

Գևորգ Էմին–Տերյան
Օրագիր Նյուզ
Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
10:27 Ռուս նորակոչիկները ռազմաճակատում գոյատևում են միջինում ընդամենը 30 րոպե. ԿՀՎ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
11:18 Անորոշ վիճակ Գյումրիում, խուլ դժգոհություն մարզպետների մոտ, հերթը ԿԳՄՍ մյուս փոխնախարարինն է․ Մամուլ