Արևելյան իմաստունների կարծիքով՝ չարիքն ունի երկու աղբյուր՝ կախվածությունն ու նախանձը։ Իսկ կախվածություններից ամենաաղետալին իշխանությունից կախվածությունն է, երբ իշխանավորն ամուր կառչում է աթոռին, չի ուզում զիջել այն ոչ ոքի, նույնիսկ՝ եղբորը, որդուն, ուր մնաց՝ այլ կուսակցությանը։ Այս կախվածության արդյունքում ձևավորվել են բռնապետություններ, որոնք մեծ աղետներ են պատճառել մարդկությանը, դանդաղեցրել նրա զարգացումը։
Ժողովրդավարական երկրներում գործում է նորմ, ըստ որի՝ մեկ հոգին կարող է երկու ժամկետ մնալ իշխանության։ Իսկ պարբերաբար կազմակերպվող ընտրությունները հնարավորություն են տալիս իրագործել պետության զարգացման տարբեր ծրագրեր, գաղափարներ, օգտագործել ազգային ամբողջ ներուժը։ Այսինքն՝ քմահաճույք չէ, երբ ասում ենք, թե մեկ հոգին պետք է կառավարի ոչ ավելի՝ քան երկու ժամկետ։
Մարտի 26-ին
Oragir.News-ը Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ նա հավակնում է վարչապետի պաշտոնին 3-րդ անգամ, այնինչ՝ 2018-ի հեղափոխությունը հենց 3-րդ ժամկետով ղեկավար դարձած մարդու դեմ էր։ «Միգուցե այն ժամանակ պայքարում էիք ոչ թե Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական կոստյումի դեմ, այլ դրա մեջ հարմար տեղավորվելու համա՞ր»,- հարցրեց
Oragir.News-ը։
«Եվ ինչքան գիտեմ, խորհրդարանական կառավարման երկրներում վարչապետի առաջադրման անգամների հետ կապված սահմանափակումներ չկան ու էդ հարցերը կարգավորվում են կուսակցական ընտրություններով, որի ավանդույթը մենք այսօր թափանցիկ կերպով ստեղծում ենք: Եվրապայում էլ լիդերներ են եղել, ովքեր 3, 4 կամ նույնիսկ 5 անգամ առաջադրվել ու հաղթել են»,- պատասխանել է Փաշինյանը:
Այս պատասխանից պարզ չէ՝ Փաշինյանը պատրաստվո՞ւմ է ցմահ վարչապետ մնալ։
Այո, կան երկրներ, որտեղ առաջնորդները երկու ժամկետից ավելի են մնում իշխանության։ Սակայն դա ոչ թե օրինաչափություն է, այլ բացառություն, հիմնավորված արտաքին մարտահրավերներով։ Օրինակ՝ Ռուզվելտը՝ 1933-1945, ԱՄՆ միակ նախագահն է, որը երկու անգամից ավելի է ընտրվել նախագահ, Գերմանիայում Անգելա Մերկելը 4 շրջան կանցլեր է եղել՝ 2005-2021։ Ռուզվելտի շնորհիվ ԱՄՆ-ն հաղթել է պատերազմում, Մերկելի շնորհիվ Գերմանիան ԵՄ առանցքային երկիր դարձավ, մեծացավ նրա ազդեցությունը ԵՄ-ում ու աշխարհում։
Այս առումով՝ Փաշինյանը չի կարող համեմատվել Ռուզվելտի կամ Մերկելի հետ։ Նա կարող է համեմատվել Լուկաշենկոյի հետ, ձեռոց նետել նրան, ձգտել գերազանցել նրա ռեկորդը իշխանության մնալու ժամկետի առումով։
Բելառուսում ու Ռուսաստանում ժողովրդավարություն չկա, ազատ մամուլ չկա, ընտրությունները ֆիկտիվ են, քաղաքական գործիչները հետապնդվում են, սպանվում։ Այս հակաժողովրդավարական երևույթների պատճառն այն է, որ Պուտինն ու Լուկաշենկոն ուզում են ցմահ իշխել։ Հետևաբար՝ օրինաչափ է, որ պետք է սպանեն, հալածեն ու հետապնդեն պոտենցիալ մրցակիցներին, սեփական ժողովրդի դեմ բռնություն կիրառեն, որ ոչ ոք ու ոչինչ չսպառնա իրենց իշխանությանը, չսասանի աթոռը։ Եթե Փաշինյանը ևս ուզում է ցմահ իշխել, ապա այսպիսի սարսափելի, հակաժողովրդավարական բաներ կլինեն նաև մեր երկրում, անխուսափելիորեն։
Հայաստանի և Բելառուսի միջև, սակայն, կա էական տարբերություն։ ՀՀ-ում և՛ իշխանությունն է ռուսամետ, և՛ ընդդիմադիր հզոր ուժերը։ Երկուսն էլ բալանսավորման քողի տակ ռուսական շահեր են պատրաստ սպասարկել։ Բելառուսում ամբողջ ռուսամետ սեգմենտը միավորված է Լուկաշենկոյի շուրջ, իսկ Բելառուսի ընդդիմությունը անկախության ու ժողովրդավարության ջատագով է։ Այս առումով՝ Բելառուսի ընդդիմությունը հույս է ներշնչում, որ այդ երկիրն ապագա ունի։
Քաղաքական տրամաբանություն ունեցողի համար պարզ է, որ եթե ՀՀ-ում ևս ընդդիմադիր ուժերն ամբողջությամբ անկախության ու ժողովրդավարության ջատագովներ լինեին, ապա ոչ մի ժողովրդավար երկիր Փաշինյանի կողքին չէր կանգնի, ժողովուրդը ՔՊ-ից երես կթեքեր հունիսի 7-ին։ Պարտությունից խուսափելու համար ՔՊ-ն 2026-ի ընտրություններում կա՛մ նոր առաջնորդով հանդես պիտի կգար, կա՛մ Փաշինյանին պիտի հռչակեր Հայաստանի Լուկաշենկո՝ ցմահ ղեկավար, բռնապետ, որին ոչ մի նորմալ երկիր չէր ճանաչի։ Իսկ հիմա, երբ հզոր ռուսամետ ուժերն ուզում են, որ Հայաստանը Բելառուս դառնա, ապա, այդպիսով նպաստում են, որ Փաշինյանը ցմահ վարչապետ մնա ու բոլորը նրան ճանաչեն։
Կարճ ասած՝ մտահոգիչ է, որ Փաշինյանը վերստին է ձգտում վարչապետ դառնալ, այն դեպքում՝ երբ 2018-ին պայքարում էր 3-րդ ժամկետով իշխելու դեմ։ Այս հարցում մեղքի բաժին ունեն ընդդիմադիր նշանակված ռուսամետները, որոնք թույլ են տալիս Փաշինյանին շահարկել ընդդիմության ռուսամետությունն ու լեգիտիմություն վաստակել, խախտելով 2-ից ավելի ժամկետով իշխելու ժողովրդավարական նորմը։
Թաթուլ Մկրտչյան