Ուղիղ եթեր
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 13:20 27-03-2026

Սեպտեմբերին կանխատեսվող պատերազմը հնարավոր է կանխել

Սեպտեմբերին լինելու է պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններում չստանա սահմանադրական մեծամասնություն։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կիրակի, մարտի 22-ին, քարոզարշավի հերթական օրն ամփոփելու ժամանակ։ Հիշեցնենք՝ այդ օրը նա բախվել էր քաղաքացիների դիմադրությանը, և հավանաբար, վախեցել, որ հունիսի 7-ին կարող է պարտվել։

Ինչո՞ւ է այսպիսի պնդում անում Փաշինյանը։ Եվ ինչպե՞ս կանխել պատերազմը։

2018-ի իշխանափոխությունից հետո նախկինների շրջանակներից ասեկոսե էր տարածվում, թե աշնանը պատերազմ է սկսվելու, չի ուշանալու։ Այն սկսվեց 2020-ի սեպտեմբերին Փաշինյանի աղետալի սխալների պատճառով։ Հետո ՔՊ առաջնորդը մեղքը գցեց նախկինների վրա, ասելով, թե ինքն ընդամենը շարունակել ու խորացրել է նախկինների սխալները։

Այս համեմատությամբ ենթադրելի, որ ՔՊ-ի պարտվելու դեպքում նորերը շարունակելու են ՔՊ կուրսը, ու այդ պատճառով էլ լինելու է պատերազմ։ Նախկինները հիմա պնդում են, որ եթե իրենք մնային, ապա պատերազմ չէր լինի։ Փաշինյանը նրանցից առաջ է անցնում, ասելով՝ եթե ինքը չընտրվի, ապա պատերազմ կլինի։

Տարածված վարկածն այն է, որ Փաշինյանը պարզապես փորձում է վախեցնել ժողովրդին ենթադրյալ պատերազմի սարսափով, որ մարդիկ պատերազմը կանխելու համար ընտրեն ՔՊ-ին։ Սա նշանակում է, որ ՔՊ-ն քարոզչական ասելիք չունի, ծրագիր չունի։ Այնքան բարձր է Փաշինյանի բացասական վարկանիշն ու պարտվելու ռիսկը, որ վախեցնում են ժողովրդին։ Հավանաբար՝ կարծում են, թե այլ կերպ քվե չեն կարող կորզել, ուստի՝ պետք է վախեցնեն, որ մարդիկ Փաշինյանին ձայն տան։ Սեպտեմբերն ասոցիացվում է 44-օրյայի հետ։ Այդ միտումով էլ նշում է սեպտեմբերը, որ ասոցիատիվ վախ ներշնչի հիվանդագին երևակայություն ունեցողներին, որոնք ըստ չճշտված աղբյուրների կազմում են բնակչության 10 տոկոսից ավելին։

Ոմանց կարծիքով՝ այս կանխատեսումն անտրամաբանական է, քանի որ խաղաղության պայմանագիրն է նախաստորագրված, ԹՐԻՓՓ-ն է ստորագրված, ԵՄ դիտորդներն են կանգնած, իսկ բանակն՝ ըստ ՔՊ-ականների՝ լավ սպառազինված է, ամուր դիրքեր ունի։ Այսպիսի իրավիճակում բնական է, որ հանրության մի մասը ծիծաղելի հեգնանքով է արձագանքում Փաշինյանի կանխատեսմանը։

Բայց պատերազմը կատակ բան չէ։ Հարկ է լուրջ վերաբերվել և ազգովի ամեն ինչ անել այն կանխելու համար։ Եթե իսկապես հավանական է, որ կարող է պատերազմ սկսվել, ապա ենթադրաբար կան դրա շահառուներ ներսում և դրսում։ Առաջին հերթին պետք է չեզոքացնել ներքին շահառուներին։ Այս առումով ենթադրելի է, որ ԿԸՀ-ն չի գրացնի պատերազմի դուռ բացող թեկնածուներին, որոնց հաղթանակի պարագայում, ըստ Փաշինյանի՝ կարող է պատերազմ սկսվել սեպտեմբերին։ Ապահովության համար ու մի քիչ էլ վաղվա մասին մտածելով, ԿԸՀ-ն կարող է ոչ մեկին չգրանցել, բացի ՔՊ-ից։ Բայց այս դեպքում ժողովրդավարության հետ կապված խնդիր կառաջանա։ Այդ պատճառով ՔՊ-ից երկու խումբ անդամներ պետք է ձևական դուրս գան ու երկու ֆիկտիվ կուսակցություն գրանցեն, որոնք ՔՊ-ի հետ միասին կանցնեն ԱԺ հունիսի 7-ին։ Ցանկացած այլ դասավորության պարագայում պատերազմի ռիսկը պահպանվում է։

Փաշինյանը պետք է չեզոքացնի նաև պատերազմի արտաքին ռիսկերը։ Դրա համար պետք է ընդունի Պուտինի նախապայմանները, խոստանա, որ առաջիկա տարիներին ևս լուրջ քայլ չի անի ՀՀ անկախության ու ժողովրդավարության ուղղությամբ, կշարունակի սպասարկել ռուսական շահերը։ Ավելին՝ Մայիսի 9-ին կարող է գնալ Մոսկվա, Կարմիր հրապարակում գոռալ՝ «Ուռա՜»։

Խոստումներ կարող է տալ նաև պատերազմի ենթադրյալ մյուս արտաքին շահառուներին՝ Պեկինին, Բաքվին, Անկարային, բավարարել նրանց ակնկալիքները, նույնիսկ եթե դրանք ստորացուցիչ լինեն։ Սակայն այս պարագայում էլ կմեծանան ռիսկերն Արևմուտքից։ Ինչպե՞ս առևանգեցին Վենեսուելայի բռնապետ Մադուրոյին, որը սպասարկում էր ռուսական ու չինական շահերը։ Բա որ նույնկերպ առևանգեն ռուս-չինական շահեր սպասարկող Փաշինյանի՞ն։ Այս պարագայում դարձյա՞լ պատերազմ կլինի։

Կարճ ասած՝ լավ կլինի, որ ընդդիմադիր կուսակցությունները միանգամից հայտարարեն ընտրություններին չմասնակցելու մասին, չսպասեն, թե երբ ԿԸՀ-ն չի գրանցի իրենց։ Կարելի է նաև «Ո՛չ պատերազմին» ճակատ ստեղծել ու համոզել ընդդիմադիրներին, որ լուծարվեն, չստեղծեն պատերազմի ռիսկ։ Եթե ոմանք փող են կպցրել ու ստիպված պետք է փողոց դուրս գան, ապա կարող են կոչ անել բոյկոտել ընտրությունները։ Գուցե միասնական ջանքերով հնարավոր կլինի կանխել սեպտեմբերին կանխատեսվող պատերազմը, որը հասունացրել է ՔՊ-ն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան