Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:30 26-03-2026

Փաշինյանը 5-րդ անգամ կառաջադրվի՞, ովքեր են փախել Արցախից, պաշտոնյաներ են ձերբակալվել․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է մարտի 26-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանը խնդիր չի տեսնում, որ ինքը երրորդ, չորրորդ կամ հինգերորդ անգամ կարող է ղեկավարել Հայաստանը, թեպետ ժամանակին Սերժ Սարգսյանին մերժում էր՝ երրորդ ժամկետի հավակնելու համար։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Oragir.News-ի այն հարցին, թե չի՞ ստացվում, որ այն ժամանակ նա պայքարում էր ոչ թե Սերժ Սարգսյանի ու նրա սուպերվարչապետական կոստյումի դեմ, այլ դրա մեջ հարմար տեղավորվելու համար։ «Իմ ասածը կապված ա եղել Սերժ Սարգսյանի հրապարակային խոստման հետ, որ ինքը չի առաջադրվելու՝ որպես վարչապետի թեկնածու: Եվ ինչքան գիտեմ, խորհրդարանական կառավարման երկրներում վարչապետի առաջադրման անգամների հետ կապված սահմանափակումներ չկան ու էդ հարցերը կարգավորվում են կուսակցական ընտրություններով, որի ավանդույթը մենք այսօր թափանցիկ կերպով ստեղծում ենք: Եվրապայում էլ լիդերներ են եղել, ովքեր 3, 4 կամ նույնիսկ 5 անգամ առաջադրվել ու հաղթել են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով, որ դեռ 4-րդ ու 5-րդ անգամ էլ կարող է հավակնել վարչապետի պաշտոնին։

Նիկոլ Փաշինյանը նաև միֆ է որակել այն պնդումները, թե Ղարաբաղում մինչև վերջ կռվել են։ Նրա խոսքով՝ Արցախում 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած դեպքերից հետո տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ վերլուծվել են մարտական գործողությունների արդյունքները, և պնդումները, թե կռվել են և այլն, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը։ Փաշինյանը հավելել է, որ, հետախուզության տվյալներով, սպառազինության առյուծի բաժինը (80-90%-ը) անձեռնմխելի է մնացել։ Նա առասպել է անվանել այն խոսակցությունները, թե մինչև վերջ մարտեր են մղվել։ «Իմիջիայլոց, կարիք լինի այդ տվյալները կգաղտնազերծենք։ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերի նման ճիշտ պահին հրապարակեմ։ Սուտ է, չեն կռվել, չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են, - նշել է կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ նույնպես «ճողոպրել են» որոշակի պլանի շրջանակներում, որպեսզի դա ներկայացվի որպես Հայաստանի իշխանությունների դավաճանություն և այդ ֆոնին իշխանափոխություն իրականացվի։ «Բայց նրանք չէին կարող դա անել, քանի որ չէին ներկայացնում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ղարաբաղի ժողովուրդներին։ Նրանք լեգիտիմություն չունեին», - նշել է Փաշինյանը։ Նա վստահեցրել է, որ մինչ այդ իշխանությունները պայմաններ էին ստեղծել, որպեսզի քաղաքական գործընթաց տեղի ունենա, իսկ Ղարաբաղի ղեկավար շրջանակների որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտել են դրան, այլև իրականացրել են իշխանափոխություն, ինչի կապակցությամբ Հայաստանի խորհրդարանում միմյանց շնորհավորում էին՝ հակառակ գնահատականներին և զգուշացումներին։ «Ընդամենը մի շաբաթ հետո տեղի ունեցան այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան։ Այն, ինչ որ արեցին Ղարաբաղում՝ հաջորդիվ ուզում են անել Հայաստանում։ Այդ մարդիկ, ընդ որում, նրանց մի մասը Հայաստանի իշխող շրջանակների և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ էին, բառիս բուն իմաստով՝ նրանք փախան Ղարաբաղից։ Ընդ որում՝ ինձ մեղադրելով, որ սահմանները մենք փակել ենք և թույլ չենք տալիս, որ ժողովուրդը դուրս գա։ Ղարաբաղի ներկայացուցիչներին ես այն ժամանակ զգուշացրել եմ, ասել եմ, եթե դուրս եկաք՝ իմացեք, այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու», - նշել է Նիկոլ Փաշինյանը։

«Դադիվանքը մերը չէ՞, Դադիվանքը հայկական չէ՞, Դադիվանքում մոմ վառած չկա՞ք»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով ՔՊ-ականներին։ Նա շարունակեց իր խոսքը՝ նշելով, որ Դադիվանքը հայկական է, իսկ նրանք, ովքեր կարծում են հայկական չէ, ինչպես Ալիևն է ասում՝ աղվանական է, այս ամբիոնից պետք է ասեն այդ մասին, որպեսզի ժողովուրդը հասկանա այդ մարդկանց դիրքորոշումները պատմության, ինքնության նկատմամբ։ «Դադիվաքը, Ղազանչեցոցը մերն է ու հայկական է։ Ասում եմ՝ Արարատը, Արագածը, Խուստուփը, Իշխանասարը մերն են՝ մեր ինքնության տարբեր գագաթներն են։ Արարատը մեր ինքնության մաս չէ՞, թե դա էլ է կայսրական ինքնության ձևավորման կտոր։ Ես չեմ կարծում»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը, ապա՝ հավելել․ «Արարատը իմ ինքնության մի մասն է, եթե ձեր ինքնության մասը չէ՝ եկեք, այստեղ կանգնեք ու ասեք, որ Արարատի հետ կապ չունեք: Ուրեմն պետք է փոխենք Արարատ քաղաքի անունը, Արարատի մարզի անունը, և ի վերջո արտաքին գործերի նախարար ունենք Արարատ անունով, ինքն ի՞նչ է, քայլող սադրա՞նք է, գրողը տանի»։

Մանրամասները՝ տեսանյութում: