Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երկու ամսական երեխան մահացել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Արաբկիր բժշկական կենտրոնից։
Հիշեցնենք, որ երեխան մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց: Նրան ծեծի է ենթարկել խորթ մայրը: Ոստիկանությունը կասկածյալին ձերբակալել էր դեպքից անմիջապես հետո: Խորթ մոր նկատմամբ կիրառվել է կալանավորումը՝ որպես խափանման միջոց: Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է 2 ամսով:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քննչական մարմինները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները:
Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են «Romantic scam» մեթոդով համակարգչային հափշտակություններ կատարող խումբ: Մարտի 17-ին Երևանում վարձակալած գրասենյակային տարածքում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են համակարգիչներ, բջջային հեռախոսներ, օտարերկրյա հեռախոսաքարտեր և հանցավոր գործունեությունը համակարգող ուղեցույցներ:
Պարզվել է, որ խմբի անդամները ծանոթությունների հավելվածներում և մեսենջերներում կեղծ օգտահաշիվներով ներկայացել են որպես երիտասարդ աղջիկներ, սիրային նամակագրության միջոցով շահել քաղաքացիների վստահությունը, ապա ուղղորդել կեղծ ֆիշինգային կայքեր՝ հափշտակելով նրանց ֆինանսական միջոցները: Հափշտակված գումարները կանխիկացվել են օտարերկրյա պետությունում և փոխակերպվել կրիպտոարժույթի: Նախաքննությունը շարունակվում է:
«Նիկոլ Փաշինյանը վախեցած է և սեփական ժողովրդին շանտաժի է ենթարկում ու սպառնում պատերազմով», - այսօր
Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը՝ անդրադառնալով Փաշինյանի վերջին հայտարարությանը, որտեղ նա ընդդդիմադիր որոշ ուժերի «պատերազմի դուռ բացողներ» էր որակել։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանն էլ մեզ հետ զրույցում տարօրինակ համարեց, որ երկրի ղեկավարն առաջնորդվում է Ադրբեջանի նախագահի թելադրած օրակարգով։
«Գագիկ Ծառուկյանը բազմիցս շեշտել է, որ որևէ մեկը պատերազմ չի ուզում, և կոնկրետ մենք ձգտում ենք երաշխավորված խաղաղության, ոչ թե ամեն օր ստորացվող խաղաղության»,- ասաց Իվետա Տոնոյանը։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն չի կարողանա մասնակցել Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ի հուղարկավորությանը: Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Փաստաբանի խոսքով՝ քննիչը մերժել է վեհափառի պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վերացնելու խափանման միջոցը, որը արգելում է նրա ելքը Հայաստանից: Զոհրաբյանը նշել է, որ դա «երկրի վարկանիշը վնասող հերթական ապօրինություն է»:
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին վեհափառ հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով: Գործի շրջանակներում արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում՝ կրկեսի դիմաց, բախվել են «Tesla» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Բախման հետևանքով «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարերի վրայով և հայտնվել «Արարատ» կինոթատրոնի տարածքում:
Ոստիկանությունը պարզում է վթարի հանգամանքները:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը մի շարք վարչական շրջաններում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել նորման:
Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է, բայց դեռ ոչ ոք դրա մասին չի հայտարարել: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը՝ «Բերլիներ Ցայթունգ» թերթին տված հարցազրույցում:
«Հնարավոր է՝ այն արդեն սկսվել է, մենք պարզապես դեռ պաշտոնապես չենք խոսում դրա մասին: Նավթի, գազի, հանքանյութերի, հազվագյուտ մետաղների և այլ հումքի համար պայքարը սկսվել է վաղուց»,- ասել է նա:
Վուչիչը նշել է, որ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները սկսվել են որպես տարածաշրջանային հակամարտություններ, և միայն ավելի ուշ են ձևավորվել ավելի մեծ դաշինքներ, որոնք, ի վերջո, հանգեցրել են ուղղակի հակամարտության: Նրա խոսքով՝ նմանատիպ դինամիկա է նկատվում նաև այսօր:
Սերբիայի նախագահը հույս է հայտնել, որ կարելի է խուսափել սրացումից, բայց խոստովանել է, որ ներկայումս չի տեսնում դրան հասնելու հեշտ ճանապարհ:
«Նոր ուժ» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի վարչապետի թեկնածու Հայկ Մարությանով: Այս մասին կուսակցության անդամները հայտնեցին այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
«2021 թվականից արդեն 5 տարի է անցել, այս 5 տարվա ընթացքում ինչ ասես, որ չենք տեսել: 2018 թվականին երբեք չէինք կարող մտածել, որ այսպիսի նվաստացում ենք տեսնելու, արհավիրքներ ենք տեսնելու, օրենքների խախտում ենք տեսնելու, բայց արի ու տես, այդ ամենը եղավ»,- նշել է Հայկ Մարությանը՝ հավելելով, որ ընտրությունների նախօրեին քաղաքական դաշտում առկա բազմազանության հետևում կան ստորգետնյա ջրեր, որոնց մասին ընտրողը պետք է տեղյակ լինի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նովրուզի առիթով շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին և նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Ուղերձներում Փաշինյանը վստահություն է հայտնել, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ երկու բարեկամ երկրների հարաբերությունները՝ խարսխված անկեղծության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա, և Իրանի ժողովրդին մաղթել հարատև խաղաղություն ու բարօրություն: