Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 09:00 20-03-2026

Բորելն ընդդեմ Փաշինյանի. Արցախի պայքարն այլ ելք կարող էր ունենալ

Նիկոլ Փաշինյանը փորձում է վերաշարադրել պատմությունը, խեղելով քաղաքական միտքն ու նոր ռիսկեր առաջացնելով։

«Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և Հայաստանի Հանրապետությունը միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է»,- ասել է Նիկոլ Փաշինյանն Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, ապա հավելել,- «Ինչո՞ւ է թաքցվել իրողությունը, ինչո՞ւ է թաքցվել 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի իրողությունը։ Հիմա էլ փաստաթղթերն ամբողջությամբ հրապարակված են։ Ինչո՞ւ աղմուկ-աղաղակ չկա այդ փաստաթղթերի մասին, որովհետև ամեն ինչ հրապարակված է, և ամբողջ ճշմարտությունը դրված է ժողովրդի առաջ, բայց այդ ճշմարտությունը դեռ ունի զարգանալու տեղ, որ այդ պատմությունը ընդամենը եղել է Հայաստանի՝ անկախ պետություն լինելը թույլ չտալու մասին»։

Եթե այսպես է, ապա ինչի՞ շուրջ էին Հայաստանը, Ադրբեջանը և միջազգային միջնորդները բանակցում 25 տարի։ Եվ կարո՞ղ էր այլ ելք ունենար Արցախյան հարցը։

Սառը պատերազմում ԽՍՀՄ-ի պարտությունից ու կործանումից հետո աշխարհակարգը փոխվեց, աշխարհի քարտեզի վրա ու ՄԱԿ-ում բազմաթիվ երկրներ ավելացան։ Դրանց մի մասն ավելի թույլ հիմքեր ունեին անկախանալու, քան Արցախը, բայց հիմա անկախ երկրներ են։ Դիտարկենք Կոսովոյի օրինակը, պատկերացնելու, որ Արցախը կարող էր անկախ դառնալ։

Խորհրդային ճամբարի երկրներից էր Հարավսլավիան։ ԽՍՀՄ-ի կործանումից հետո քայքայվեց այն, ու գոյացան բազմաթիվ երկրներ։ Իսկ ամենավերջում Կոսովոն անջատվեց Սերբիայից։ Երկար ժամանակ Սերբիան պայքարում էր Կոսովոյի համար, այն համարում իր տարածքի անբաժանելի մասը։ Բայց Արևմուտքը ճանաչեց Կոսովոյի անկախությունը։ Եվ այսօր Կոսովոն անկախ է։

1994-ի զինադադարի ժամանակ կողմերն ու միջնորդները պայմանավորվում են, որ զինադադարից հետո Հայաստանից, Արցախից ու Ադրբեջանից դուրս են բերվելու ռուսական զորքերը։ Արցախից լրիվ դուրս եկան ռուսական զորքերը։ Ադրբեջանից էլ դուրս եկան։ ՀՀ-ից դուրս չեկան, Գյումրիում տեղակայվեց ռուսական ռազմաբազա։

Հայաստանում ռուսական զորքերին տեղ տալու արդյունքում աշխարհում մտավախություն առաջացավ, որ ՀՀ-ն մտադիր է հրաժարվել անկախությունից, կրկին դառնալ ռուսական ազդեցության գոտի։ 1996-ի Լիսաբոնի բանաձևում տեղ գտած ձևակերպումները այդ մտավախության արտահայտությունն են։ Այդկերպ աշխարհը ցույց տվեց, որ չնայած Հայաստանը քաղաքակրթական առումով ավելի հարազատ է Արևմուտքին, ժողովրդավարական արժեքների կրող է և այլն, բայց աշխարհը կարող է սատարել Բաքվին, քանի որ Հայաստանն ի հեճուկս 1994-ին ձեռք բերված միջազգային պայմանավորվածության՝ իր տարածքում պահում է ռուսական զորք։

Եթե 1995-ին Արցախը ԵՄ-ին անդամակցելու և ՆԱՏՕ-ին միանալու հայտ ներկայացներ, ապա շատ մեծ էր հավանականությունը, որ նրա անկախությունը կճանաչեին ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի երկրները, որից հետո էլ՝ ՄԱԿ-ը։ Եթե ՀՀ-ն ու Արցախը այդ թվերին դիմեին ՄԱԿ ու խնդրեին, որ ՄԱԿ-ի զորքեր տեղակայվեն Արցախում, ապա Արևմուտքը շահագրգիռ կլիներ և Արցախը կճանաչեր։ Այսինքն՝ Արցախը կճանաչվեր, ինչպես Կոսովոն։ 25 տարի բանակցությունները շարունակվում էին այն հույսով, որ ՀՀ իշխանությունները վերջապես խելքի կգան, անկախությունն ավելի բարձր կդասեն ու կհրաժարվեն ռուսական շահեր սպասարկելուց։ Բայց այդ սպասումներն ապարդյուն եղան։ Վերջին հույսը փշրեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ավելի խորացրեց նախկինների սխալները։ Ռուսների աջակցությամբ 2018-ին գալով իշխանության, նա սառեցրեց ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի հետ գործընկերությունը, նույնիսկ Սիրիա զինվորներ ուղարկեց։ 44-օրյայից առաջ ու պատերազմի ժամանակ նա մերժում էր Արևմուտքի աջակցության առաջարկները, նախապատվություն տալով Մոսկվային։ Նույնիսկ երբ բոլորի համար պարզ էր, որ Մոսկվան աջակցում է Ադրբեջանին, Փաշինյանը մերժում էր Արևմուտքի առաջարկներն ու գերադասում, որ Արցախում ռուսական զորքեր տեղակայվեն։ Պարզ ասած՝ եթե Փաշինյանը ՀՀ անկախությունն ամեն ինչից վեր դասեր, այլ ոչ թե ռուսական շահերը, ապա հնարավոր է՝ Արցախի ազատության պայքարը կպսակվեր հաջողությամբ։

Ի վերջո՝ հիշեցնենք, որ 2023-ի հունիսի 13-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը պարզ արձանագրել է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը կոնկրետ դրսևորումներով, և շատ կարևոր է այն փաստը, որ Հայաստանը Ղարաբաղը ներառեց Ադրբեջանի տարածքում։ «Սա առաջին անգամն է, որ Հայաստանի ղեկավարը, տվյալ դեպքում Փաշինյանը, դա արտահայտում է նման միանշանակ կերպով։ Դա միանգամայն միանշանակ էր»,- ընդգծել է Բորելը։ Ուստի՝ Փաշինյանը պետք է նախ ընդգծի, որ Բորելը դպրոցում Հայոց Պատմություն առարկայից «2» է ստացել կամ ստում է, հետո կրկնի, թե ՀՀ-ն միշտ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։

Թաթուլ Մկրտչյան