Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:30 11-03-2026

Փաշինյանը ԵԽ-ում Ալիևին գովում է, Վեհափառին՝ թիրախավարում, Turkish Airlines-ը եկավ ՀՀ․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է մարտի 11-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ: Կառավարության ղեկավարին Ստրասբուրգի օդանավակայանում դիմավորել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Կրիստել Շալդեմոզը: Այսօր Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։ «Մեծ պատիվ է ինձ համար հյուրընկալվել այստեղ ձեր կողմից, ինչպես դուք նշեցիք ժողովրդավարության տանը, մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարության տուն վերադառնալու անհրաժեշտություն և կարիք ենք զգում, համոզվելու և համեմատելու համար մեր դեմոկրատական բարեփոխումների ժամացույցը դեմոկրատիայի տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ընթացքը ընթանում է ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ և ճիշտ ուղղությամբ»,- հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ ասել է նա, ապա հավելել․ «Իհարկե մեզ համար մեծ պատիվ է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք ԵՄ–ի և Եվրոպական խորհրդարանի աջակցությունը, և այսօրվա իմ ելույթում ես նաև հնարավորություն ունեմ կիսվելու, թե ինչպիսի ընթացք ստացա նախորդ երկուսուկես տարվա ընթացքում այն թեմաները, որոնց մասին նախորդիվ առիթ ունեցել ենք քննարկել»։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ամենակարևորն այն է, որ 2025 թվականին ընդունվեց և ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության ԵՄ անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որն, իր խոսքով, պատմական նոր փուլ է բացում Հայաստանի և ԵՄ–ի հարաբերություններում։ «Դա մի նոր խթան է մեզ համար շարունակելու դեմոկրատական, ժողովրդական, ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը։


Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի ամբիոնից և հերթական անգամ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ «Արդեն ութ ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին լիարժեք խաղաղություն է հաստատված, 2025 թվականը մեր անկախությունից, այսինքն 1991 թվականից ի վեր դարձավ առաջին օրացուցային տարին, երբ Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ է եղել, ոչ վիրավոր»,- ասել է Փաշինյանը, ապա՝ շարունակել, «Արդեն ամիսներ սահմանամերձ բնակավայրի բնակիչները կրակոցների ձայներ չեն լսում։ Ավելին, անկախությունից ի վեր առաջին անգամ 2025 թվականի նոյեմբերին Ադրբեջանի տարածքով անցնելով նաև անցնելով Վրաստանի միջով գնացք եկավ Հայաստանի Հանրապետություն։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե վերացնում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային փոխադրումների սահմանափակումները, և ես Ադրբեջանի նախագահին շնորհակալ եմ նման որոշման համար։ Մենք էլ մեր հերթին հայտարարել ենք, թե պատրաստ ենք հենց այսօր ապահովել տարանցումը Ադրբեջանից դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ, որովհետև սա կարող ենք անել այս պահին մեր գործող ճանապարհներով։ Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան այս հնարավորությունից դեռ չեն օգտվել, ենթադրում եմ նաև այն պատճառով, որ մտածում են, թե նման լուծումը գուցե բերի «ԹՐԻՓՓ» նախագծի իրագործման ձգձգման»։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է նաև, որ որ Հայաստանը ԹՐԻՓՓ նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի։ Նա նաև պնդել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է դիվանագիտական լուռ աշխատանք տանել Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի ազատ արձակման ուղղությամբ։ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է հենց այսօր՝ Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր–Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախջևանի միջև ավտոմոբիլային կապը։


Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել։ Այս մասին հայտնում են թանգարան–ինստիտուտից։ «Դիմումը գրված է, սակայն դրա վերաբերյալ որևէ իրավական ակտ դեռ չկա»,– ասացին թանգարանից: Մնացած հարցերը չմեկնաբանեցին՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Ինքը՝ Գզոյանը, նույնպես չի մեկնաբանում իրավիճակը։ Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Ժաննա Անդրեասյանն է Էդիտա Գզոյանին հորդորել աշխատանքից ազատվելու դիմում գրել, անգամ սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, կազատեն աշխատանքից։ Ըստ լուրերի` պաշտոնական պատճառաբանությունը եղել է, թե Գզոյանն իբր պատշաճ չի վերահսկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը, ինչը նրա գործառույթը չէ։ Լուրեր կան նաև, որ Գզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը կապ ունի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցի հետ. Գզոյանը Վենսին ներկայացրել է Սումգայիթի ու Բաքվի ջարդերի պատմությունն ու Արցախյան հակամարտությունը, իսկ թանգարանի պաշտոնական հայտարարության մեջ օգտագործվել է «Արցախ» տերմինը:


Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ Փարիզում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Տարածքային կառավարման կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ։ «Հանդիպման ընթացքում քննարկեցինք ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում երկարատև խաղաղությանն ու կայունությանը. այս համատեքստում անդրադարձանք համագործակցության ոլորտներին, հիմնականում՝ էլեկտրաէներգիայի փոխկապակցվածությանը, ատոմային էներգետիկային և բնական գազին»,- X-ում գրել է թուրք նախարարը՝ հանդիպումից հրապարակելով լուսանկարներ։

Մանրամասները՝ տեսանյութում: