Ուղիղ եթեր
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 16:00 10-03-2026

3-րդ հեղափոխության արդյունքում լինելու է չտեսնված աղետ

Հեղափոխությունն աղետալի հետևանքներ է ունենում պետության ու ժողովրդի համար։ Սա հասկացող առաջնորդները ժողովրդին ուղեկցում են էվոլյուցիոն զարգացման ճանապարհով։

Առաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3, մարտի 7-ին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: «2018-ի ընտրություններով արել ենք ներքաղաքական հեղափոխություն, 2021-ի ընտրություններով ժողովուրդը մեզ առաջնորդել է դեպի սոցիալ-հոգեբանական և մտածողության հեղափոխություն, 2026-ի հունիսի 7-ի ընտրություններում հասնելու ենք պատմա-քաղաքական հեղափոխության»,- ասել է նա։

Ի՞նչ են տվել նախորդ 2 հեղափոխությունները պետությանն ու ժողովրդին, և ի՞նչ կարելի է ակնկալել 3-րդից։

Շատերը հետադարձ հայացքով 2020-ի աղետալի իրադարձությունները կապում են 2018-ի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հետ, որը Փաշինյանն այս ելույթում անվանում է ներքաղաքական հեղափոխություն։ 2018-ի հեղափոխության արդյունքում ռուսների աջակցությամբ տապալվեց Սերժ Սարգսյանի իշխանությունն ու Հայաստանում ձևավորվեց մաքուր ռուսական իշխանություն, ֆորպոստի վարչապետ կարգվեց Նիկոլ Փաշինյանը։

Այս հեղափոխության արդյունքում Փաշինյանը խորացրեց ռուսական կախվածությունը, սառեցրեց 2017-ի նոյեմբերի 24-ին ստորագրված SEPA-ի կյանքի կոչման ընթացքը, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ գործընկերությունը, աշխարհում ստեղծելով տպավորություն, թե Հայաստանը չարիքի առանցքի երկիր է դարձել, որին հարվածելը բարի գործ է։ Մոսկվան էլ դրան դեմ չէր, եթե դրա դիմաց դոլար ստանար։ Արդյունքում Հայաստանը պարտվեց պատերազմում, կորցրեց Արցախի մի մասը։ Ժողովուրդը տվեց հազարավոր զոհեր, վիրավորներ, կորցրեց Արցախում դրած տուն-տեղն ու հարստությունը։ Թշնամին ինքնագլուխ գծեց ՀՀ սահմանը, որոշ տեղերում ուղղակի ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք։ Սա է եղել Փաշինյանի՝ 2018-ի առաջին հեղափոխության արդյունքը։

2021-ի երկրորդ հեղափոխությունից հետո 2022-ի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը ներխուժեց Հայաստան, փաստացի զավթելով ՀՀ ինքնիշխան տարածքից հատվածներ։ ՀՀ-ն տվեց մի քանի հարյուր զոհ։ Փաշինյանը հրաժարվեց Արցախի ազատության համար պայքարից։ 2023-ի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ բռնազավթվեց, հայերը տվեցին մի քանի հարյուր զոհ, 120 հազարը Արցախից բռնի տեղահանվեց։ Սա էլ եղել է Փաշինյանի՝ 2021-ի 2-րդ հեղափոխության արդյունքում։ Այսքանից հետո Փաշինյանը չի էլ մտածում անկախության ու ժողովրդավարության պաշտպանության ուղղությամբ քայլեր անելու՝ ՀՀ-ից ռուսական բազան դուրս հրավիրելու, քաղաքակրթական ընտրություն կատարելու մասին։ Այսինքն՝ շարունակում է նույն հակաքաղաքակրթական, ռուսամետ աղետալի կուրսը վարել։

Հիմա էլ ՔՊ առաջնորդը ժողովրդին սպառնում է պատմաքաղաքական հեղափոխությամբ։ Սարսափելի է մտածելը, թե ինչ աղետալի հետևանքներ կունենա Փաշինյանի 3-րդ հեղափոխությունը։ Եթե այն քննենք որպես 1-ինի ու 2-րդի տրամաբանական շարունակություն, ապա ենթադրելի է, որ կրկին լինելու են տարածքային կորուստ, բազմաթիվ զոհեր, պետության հեղինակության անկում, ինքնիշխան իրավունքների ոտնահարում այլն։

Եթե նկատի ունենանք, որ պատմությանը հայտնի չէ պատմաքաղաքական մեկ այլ հեղափոխություն, ապա ենթադրելի է, որ այս անգամ լինելու է չտեսնված՝ պատմաքաղաքական աղետ։ Հաշվի առնելով քաղաքական ուժերի ներկա դասավարությունը և Փաշինյանի նախընտրական տրամադրությունը, ենթադրելի է, որ եթե 2026-ի հունիսի 7-ին ՔՊ-ն հաղթի, ապա ՀՀ-ն ավելի է խորացնելու հակաքաղաքակրթական կուրսը, վատագույն պարագայում Փաշինյանը անսալու է գեներալ Վիտալի Բալասանյանին ու ՀՀ-ն դարձնելու է միութենական պետության մաս։ Այսինքն՝ ՀՀ պատմությունն ու քաղաքականությունն ավարտվելու են։ Սա այն աղետն է, որը կանխատեսելի է 3-րդ հեղափոխության արդյունքում։

Այսինքն՝ եթե 1-ին ու 2-րդ հեղափոխությունների արդյունքում աղետալի բաներ են եղել, և եթե 3-րդը դրանց տրամաբանական շարունակությունն է, ապա բացառվում է, որ 3-րդի արդյունքում աղետ չլինի, քանի որ էական ոչինչ չի փոխվել. ո՛չ իշխանության որակն ու դեմքերն են փոխվել, ո՛չ քաղաքական կուրսը, ո՛չ առաջնահերթությունները, ո՛չ արժեբանական հիմքերը, ո՛չ էլ աշխարհաքաղաքական դիրքորոշումը։ Ուստի՝ լավատեսության ռացիոնալ հիմքեր չկան, թե 3-րդ հեղափոխությունը գուցե բարի կլինի և դրական բան կտա պետությանն ու ժողովրդին։

Պարզ ասած՝ Փաշինյանի հայտարարությունը, թե հունիսի 7-ին իր հաղթանակի պարագայում 3-րդ հեղափոխությունն է լինելու, հարկ է ընկալել որպես ակնարկ, որ հերթական աղետն է սպասվում, գուցե ավելի վատը, քան եղել են 2018-ից ու 2021-ից հետո։ Եթե ժողովուրդն այս ակնարկը համարի նախընտրական հերթական սուտ, դատարկ սպառնալիք, ապա ՔՊ-ն կստանա 65 տոկոս։ Իսկ եթե լուրջ ընդունի և ողջամտորեն չուզենա նոր հեղափոխության ու աղետի միջով անցնել, ապա հունիսի 7-ին Փաշինյանն ընդդիմություն կդառնա։

Թաթուլ Մկրտչյան