Թուրքական «Yeni Şafak» թերթի սյունակագիր Սուլեյման Սեյֆի Օղյունը անդրադարձել է Իրանի շուրջ սրվող լարվածությանը և փորձել է գնահատել՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայի համար Իրանում հնարավոր ռեժիմի փոփոխությունը։ Գրում է Ermenihaber-ը:
Հեղինակը ներկայացնում է երկու սցենար, որոնցից առաջինը ենթադրում է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը կարճ ժամանակում ծանր հարվածներով կաթվածահար կանեն Իրանը, ինչին կարող են զուգակցվել ներքին ապստամբությունները։ Նրա գնահատմամբ՝ նման զարգացումների դեպքում Թեհրանում կարող է ձևավորվել ԱՄՆ-ին և Իսրայելին մոտ իշխանություն։ Օղյունը գրում է, որ այդպիսի սցենարը կարող է «ծանր հետևանքներ» ունենալ Անկարայի համար՝ ստեղծելով Թուրքիայի «արևելքից շրջափակման» պատկեր։
Հեղինակը ուշադրություն է հրավիրում նաև Հարավային Կովկասի վրա՝ նշելով, որ եթե Իրանը թուլանա, տարածաշրջանում Իսրայելի և Հնդկաստանի ներկայությունը կարող է ուժեղանալ։ Նրա կարծիքով՝ դա կարող է փոխել տարածաշրջանային ուժերի բալանսը և նոր ճնշումներ առաջացնել Թուրքիայի համար։
Օղյունը անդրադառնում է նաև Սիրիայի գործոնին՝ պնդելով, որ ԱՄՆ-ի քայլերը կարող են հանգեցնել նրան, որ Անկարան և Թել Ավիվը հայտնվեն ավելի ուղիղ մրցակցության պայմաններում։ Նա չի բացառում, որ Իրանի շուրջ լայնածավալ պատերազմը կարող է վերաճել տարածաշրջանային բախման՝ ընդգրկելով տարբեր դերակատարների։
Ավելին՝
սկզբնաղբյուր կայքում: