Մանկական մահացության ցուցանիշը Հայաստանում, ընդհանուր առմամբ, նվազման միտում ունի: 0-4 տարեկանների շրջանում մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2016 թվականին՝ տղաների դեպքում կազմելով 11.5, աղջիկների դեպքում՝ 8.5: Այս ցուցանիշը տարեցտարի նվազել է, բայց տղաների դեպքում շարունակում է բարձր մնալ: 2024-ին 0-4 տարեկան տղաների մահացության ցուցանիշը 8.6 է եղել, աղջիկներինը՝ 6:
Նորածինների՝ 0-1 տարեկան փոքրիկների շրջանում, օրինակ, 2022-ին մահացել է 53 աղջիկ, 80 տղա, 2023-ին՝ 59 աղջիկ, 72 տղա, իսկ 2024-ին՝ 49 աղջիկ և 74 տղա: Ըստ այս տվյալների՝ աղջիկ նորածինների մահացության ցուցանիշը նվազել է, տղաներինը՝ ավելացել 2-ով: Սա հաշվարկված է 10 հազար ողջ ծնվածի հաշվով:
Մինչև 1 տարեկան նորածինների շրջանում մահացության պատճառներից առաջինը պերինատալ շրջանում առաջացած բարդություններն են: Դրանց պատճառով 2024-ին մահացել է 32 աղջիկ ու 46 տղա: Տղաների ցուցանիշը 2023-ի հետ համեմատ մնացել է նույնը, աղջիկներինը՝ նվազել:
Երկրորդ տեղում բնածին արատներն են, հաջորդը՝ շնչառական օրգանների հիվանդություններն ու այլ պատճառով առաջացած մահերը: Ամենաքիչ մահերը առաջացել են մարսողական հիվանդությունների պատճառով: 0-4 տարեկան երեխաների շրջանում նույնպես առաջատարը պերինատալ շրջանում առաջացած առանձին վիճակներն են:
Հաջորդն էլ կրկին բնածին անկանոնություններ և ձևախախտումային խանգարումներն են: Վարակիչ ու մակաբուծային հիվանդությունների պատճառով առաջացած մահերի թիվը համեմատաբար ցածր է, սակայն 2024-ին նկատվել է աճի միտում, ինչը վկայում է պատվաստումների բացերի մասին:
Ընդհանուր առմամբ 2022-ին 0-4 տարեկան փոքրիկների շրջանում մահացության գործակիցը (տղաներն ու աջիկները միասին, 1000 բնակչի հաշվով) կազմել է 14.8, 2023-ին աճել է՝ դառնալով 15.5, իսկ 2024-ին մի փորք նվազել է՝ 14.6:
Մայրական մահացության ցուցանիշը նույնպես տարիների ընթացքում տատանվել է՝ առանց կայուն նվազման կամ աճի: 2024-ին քաղաքային բնակավայրերում մայրական մահացության ցուցանիշը (100 հազար ողջ ծնվածի հաշվով) կազմել է 22, իսկ գյուղական բնակավայրերում՝ 19:
Քաղաքի ու գյուղի միջև ամենամեծ տարբերությունը եղել է 2020 թվականին. այդ տարի քաղաքային բնակավայրում մայրական մահացության ցուցանիշը կազմել է 12, գյուղում՝ 45: