Ներքին 3 ամիս առաջ - 13:38 06-02-2026

Ալենը Լավրովի բերնին չչռփեց, որ ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է վարում

Եթե Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, ապա պարտավոր են ներկայացնել կոնկրետ փաստեր և դրանք բարձրացնել նաև ռուս գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին։

Զոհրաբյանը հիշեցրեց, որ արտաքին հետախուզական ծառայության զեկույցում բազմիցս օգտագործվում է «հիբրիդային պատերազմ» ձևակերպումը՝ ակնարկելով Ռուսաստանին։

«Եթե առաջին դեմքերը բաց խոսում են Ռուսաստանի կողմից տարվող հիբրիդային պատերազմի մասին, եթե Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը խոսում է հիբրիդային պատերազմի մասին, Բրյուսելում ևս այդ թեման բարձրացնում է, ապա տրամաբանական է, որ երբ Նիկոլ Փաշինյանը կամ Ալեն Սիմոնյանը գնում են Ռուսաստան, այդ հարցերը պետք է բարձրացնեն ռուս գործընկերների հետ հանդիպումներում»,- նշեց նա։

Զոհրաբյանի խոսքով՝ ինքը հետևել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումներին և չի լսել հստակ ձևակերպումներ այդ թեմայով՝ նույնիսկ այն բանից հետո, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե իրենց համար անհասկանալի են Հայաստանից հնչող «հիբրիդային պատերազմի» մասին ձևակերպումները։

«Սպասում էի, որ կասվի՝ ինչն է անհասկանալի, և կներկայացվեն հիմնավորումներ, բայց փոխարենը հնչեցին անորոշ ակնարկներ։ Եթե իսկապես կան փաստեր, ապա դրանք պետք է ներկայացվեն՝ ինչ մեխանիզմներով, ինչ կառույցների, ՀԿ-ների, կուսակցությունների կամ գործարար շրջանակների միջոցով է իրականացվում այդ հիբրիդային պատերազմը: Եթե ունեք փաստեր, և ձեր արտաքին հետախուզության զեկույցը դա արձանագրում է, ապա ի՞նչն է խանգարում չռփել ՌԴ-ի բերնին, և հանրությանն էլ ներկայացնել դրանք»,- ասաց նա։

Զոհրաբյանի կարծիքով՝ եթե նման տվյալներ կան, բայց չեն հրապարակվում և չեն ներկայացվում բանակցային սեղանին, ապա դա խնդիր է.

«Եթե փաստեր ունեք և թաքցնում եք, դա արդեն մեր ժողովրդի դեմ ուղղված քայլ է։ Արտաքին քաղաքականությունը չի կարող կառուցվել ակնարկների ու ենթադրությունների վրա։ Այդպես պետություն չեն կառավարում»,– ընդգծեց նա։

Նա նաև կարծիք հայտնեց, որ հակառուսական հռետորաբանությունը հաճախ ուղղված է ներքին լսարանին և կարող է ունենալ նախընտրական կամ քարոզչական նպատակ։

«Հասարակությանը երկար ժամանակ կերակրել են եվրոպական արագ ինտեգրման, վիզաների ազատականացման խոստումներով։ Այս հայտարարությունների մի մասը ներքին լսարանի համար է։ Բայց արտաքին հարթակներում ու Ռուսաստանում հնչում են բոլորովին այլ շեշտադրումներ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագրի բացակայության և բալանսավորման փորձերի մասին»,– ասաց Զոհրաբյանը։

Նրա գնահատմամբ՝ արտաքին քաղաքականության նման հակասական հաղորդագրությունները վտանգավոր են, և հասարակությունը պետք է ստանա հստակ ու փաստարկված տեղեկատվություն։

Ձեզ գուցե հետաքրքրի