Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:59 05-02-2026

Ադրբեջանը ցմահ դատավճիռները կօգտագործի ավելի մեծ զիջումներ կորզելու համար

Երեկ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանին և Ալիևին մրցանակ է շնորհվել՝ «երկու երկրների միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը» հետևողականորեն առաջ մղելու համար։

Այս մրցանակը ստանալուց հետո մեկ օր էլ չանցած՝ հայտնի դարձավ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մի մասին Բաքվի ռազմական դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման, նրանք 2023 թվականի սեպտեմբերից պատանդի կարգավիճակում պահվում են Բաքվում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ ի սկզբանե ակնկալիքներ չեն ունեցել Բաքվի դատարանից, սպասելի էր, որ Բաքվի դատարանը բավարարելու է դատախազական մեղադրանքները։

«Ադրբեջանը քաղաքական պատվերով էր մեկնարկել այս գործընթացը, և ակնհայտ էր, որ այն պետք է հասցվեր իր «տրամաբանական» ավարտին։ Ի սկզբանե պարզ էր, որ արդարացման դատական ակտ ներկայացնել չէր կարող, իսկ շինծու դատավարությունների եզրափակման պարագայում անհնար էր նաև որևէ դատական ակտ չունենալ։ Հետևաբար այլ ելք, քան մեղադրական դատավճիռներն ու ցմահ ազատազրկումները, պարզապես չկար։

Դատական գործընթացի կասեցումը քաղաքական հայտարարության հիման վրա նույնպես որևէ բացատրություն և տրամաբանություն չէր ունենա։ Չմոռանանք նաև ներքին լսարանի գործոնը․ այս դատավարությունները սպասարկում էին ադրբեջանական հասարակության մեջ ձևավորված հայատյաց տրամադրությունները։

Այլ հարց է՝ նման դատական ակտերի պայմաններում արդյո՞ք Ադրբեջանը կարող է կամ պետք է հայրենադարձի հայ պատանդներին։ Այս հարցի պատասխանը մենք արդեն ունենք՝ այն վերահաստատված է երկկողմ հարաբերություններում ձևավորված պրակտիկայով։ Թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմը նախկինում միմյանց են հանձնել անձանց, որոնք դատապարտված են եղել ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման, սակայն փաստացի չեն կրել իրենց պատիժը»,- նշեց Սահակյանը։

Իրավապաշտպանը նշում է նաև, որ այս անձինք ազատ չեն արձակվել պատիժը կրելու ժամկետի լրանալու հիմքով․ երկու պետություններն էլ, մեծ հաշվով, անտեսել են սեփական դատարանների որոշումները՝ քաղաքական պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով։

Սա ևս մեկ անգամ վկայում է, որ գերիների խնդիրը և նրանց վերադարձի հարցը իրավական չեն, այլ բացառապես քաղաքական։ Այն եղել և մնում է քաղաքական հարց։

«Քաղաքական պայմանավորվածությունների պայմաններում դատական որոշումները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ վերադարձի գործընթացի համար։ Միաժամանակ ակնհայտ է, որ Ադրբեջանը այս դատական ակտերը շահարկելու է՝ ավելի մեծ զիջումներ կորզելու նպատակով։ Ցմահ ազատազրկման դատավճիռներով, «մեղավորության» պաշտոնական հաստատմամբ, նրանք փորձելու են խնդիրը առավել բարդացնել՝ բանակցություններում իրենց դիրքերը ուժեղացնելու և առավել արդյունավետ դարձնելու համար»,- նշեց իրավապաշտպանը։

Ք. Ս.

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան