Արտաքին 4 ամիս առաջ - 22:51 03-02-2026

Նորվեգիայում ձերբակալել են թագաժառանգ Մետտե-Մարիտի ավագ որդուն

Նորվեգիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Նորվեգիայի թագաժառանգ Մետտե-Մարիտի ավագ որդուն՝ Մարիուս Բորգ Հեյբիին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրան կասկածում են մարմնական վնասվածքներ պատճառելու, դանակով սպառնալու և այցելության արգելքը խախտելու մեջ։

Ինչպես նշում է նորվեգական Trondheim 24-ը, ոստիկանությունը դատարանին դիմել է միջնորդությամբ՝ Հեյբիին չորս շաբաթով կալանավորելու խնդրանքով՝ նոր հանցագործությունների կրկնության ռիսկի պատճառով։ Հեյբիի փաստաբան Էլեն Անդենասը հաստատել է ձերբակալության փաստը։

Մարիուս Բորգ Հեյբին փետրվարի 3-ին ներկայանալու է Օսլոյի շրջանային դատարան։ Նրա նկատմամբ առաջադրվել է ընդհանուր առմամբ 38 մեղադրանք, այդ թվում՝ չորս կանանց բռնաբարության, ընկերուհու նկատմամբ բռնության, սպառնալիքների, բնակարանի վնասման, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մեքենա վարելու հետ կապված իրավախախտումների համար։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան կարող է սպառնալ ավելի քան տասը տարվա ազատազրկում։

Նորվեգական արքունիքը հայտարարում է, որ Մարիուս Բորգ Հեյբին թագավորական ընտանիքի անդամ չէ և չի հանդիսանում հանրային պաշտոնատար անձ։ Մետտե-Մարիտը նրան ունեցել է առաջին ամուսնությունից, իսկ 2001 թվականին ամուսնացել է Նորվեգիայի թագաժառանգ արքայազն Հոկոնի հետ։