Ներքին 5 ամիս առաջ - 14:20 24-01-2026

Քննություններին չմասնակցած 40 դիմորդները փետրվարի վերջին նոր հնարավորություն կունենան. ովքեր են մեղավոր

Սյունիքի մարզում փակ ճանապարհների պատճառով Սիսիանից և հարակից գյուղերից մի քանի տասնյակ դիմորդներ չեն կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննությանը մասնակցելու համար։

Այս մասին Oragir.News-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը՝ նշելով, որ շուրջ 40 աշակերտ չի կարողացել մասնակցել քննությանը, սակայն բոլոր դիմորդները պետք է ունենան քննություններին երկու անգամ մասնակցելու իրավունք։

«Գնահատման և թեստավորման կենտրոնը ԿԳՄՍՆ-ի հետ քննարկումների արդյունքում որոշել է, որ եղանակային պայմանների պատճառով քննական կենտրոն չներկայացածների համար փետրվարի վերջին կկազմակերպվի միասնական քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Այսինքն՝ այդ 40 հոգու մեջ կարող են լինել նաև այնպիսիք, որոնք պարզապես չեն ներկայացել, սակայն եթե պարզվի, որ հատկապես եղանակի պատճառով չեն կարողացել հասնել քննությանը, ապա մոտ 4 տասնյակ դիմորդների՝ Սիսիանի տարածաշրջանից, Սիսիանի վարժարանի և քոլեջի սովորող աշակերտների համար կկազմվի նոր թեստ՝ համարժեք գործող թեստին։ Քննությունը կկազմակերպվի փետրվարի վերջին, որպեսզի նրանք ևս կարողանան օգտվել տարվա ընթացքում երկու անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորությունից»,- նշեց Գրիգորյանը։

Հարցին, թե արդյոք այսօր քննություն հանձնած դիմորդները չեն տուժի, քանի որ փետրվարին քննություն հանձնող այդ 40 դիմորդները փաստացի առավելություն կունենան, Գրիգորյանը պատասխանեց․ «Համարժեք թեստեր տարիներով կազմվում են, և որևէ տարբերություն կամ փոփոխություն չի լինելու։ Պարզապես նույն թեստը չի կարող կիրառվել, քանի որ քննության ավարտից հետո թեստերը ճիշտ պատասխանների հետ միասին հրապարակվում են, և արդեն օգտագործված թեստով երկրորդ քննություն անցկացնել հնարավոր չէ։ Այսինքն՝ թեստերը լինելու են միանգամայն համարժեք»։

Խաչանուշ Գրիգորյանը նաև հավելեց, որ նման խնդիր արձանագրվել է միայն Սյունիքի մարզում՝ Գորիսում և Կապանում։ Վատ եղանակային պայմանների պատճառով սիսիանցի և գորիսցի երեխաները չեն կարողացել հաղթահարել Սիսիան–Գորիս ճանապարհը։

Հարցին էլ, թե արդյոք հնարավոր է, որ դիմորդները տուժել են մարզպետարանի անգործության կամ ոչ բավարար իրականացված ձնամաքրման աշխատանքների պատճառով, Գրիգորյանը պատասխանեց․ «Ես դա ասել չեմ կարող․ հնարավոր է՝ այո, հնարավոր է՝ ոչ»։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության