Ուղիղ եթեր
Մշակույթ 4 ամիս առաջ - 13:28 23-01-2026

Սոս Սարգսյանի երազանքը 35 տարի անց կատարվեց․Համազգային թատրոնն արդեն շենք ունի

Այսօր՝ երկար դադարից հետո, բացվում է Համազգային թատրոնի շենքը

Երկար տարիների դեգերումներից հետո Համազգային թատրոնը վերջապես կունենա սեփական շենքը։ Նոր շենքի պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր՝ նոր ներկայացմամբ։

Թատրոնի հիմնադրման պատմություն

1991 թվականին ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը հիմնադրեց Համազգային թատրոնը։ Հայաստանի համար դժվարին տարիներին նա ջանք ու եռանդ չխնայեց՝ ապահովելու թատրոնի կայացման բարդ գործընթացը։ Այդ տարիներին բեմադրվեցին ներկայացումներ, որոնք հանդիսատեսը ջերմորեն ընդունեց և սիրեց։

Թատրոնի առաջին ներկայացումների թվում էին՝ «Սանիտայի թաղապետը», «Լեռնային կակաչներ», «Մենք», «Մի գավաթ բարություն», «Օսկար», «Լիր արքա» և այլ բեմադրություններ։

ՀՅԴ-ի և Համազգային միության ներգրավվածությունը

Համազգային թատրոնի հիմնադրման և գործունեության պատմությունը սերտորեն առնչվում է նաև Հայ Յեղափոխական Դաշնակցության մշակութային գործունեությանը։ Թատրոնը ձևավորվել է Համազգային հայկական կրթական և մշակութային միության հովանու ներքո, որը գաղափարական ու կազմակերպական առումով փոխկապակցված է Դաշնակցության հետ։

Այս շրջանակում թատրոնը սկզբնապես ընկալվել է ոչ միայն որպես գեղարվեստական հաստատություն, այլև ազգային մշակութային առաքելություն իրականացնող հարթակ։ Դաշնակցության ներգրավվածությունը հիմնականում եղել է գաղափարական և կազմակերպչական մակարդակներում՝ նպաստելով թատրոնի ստեղծմանը, պահպանմանը և զարգացմանը՝ հատկապես անկախության առաջին տարիների ծանր պայմաններում։

Միևնույն ժամանակ, թատրոնի ստեղծագործական գործունեությունը պահպանել է ինքնուրույնությունը՝ կենտրոնանալով արվեստի, դերասանի և բեմական խոսքի առաջնայնության վրա՝ դուրս մնալով կուսակցական ուղիղ քարոզչությունից։

Զարգացման ուղին

Թատրոնի հիմնադրման, ճանաչման և զարգացման գործում մեծ ավանդ ունեն Մայիս Կարագյոզյանը, Շահում Ղազարյանը, Հրաչյա Գասպարյանը, Կարեն Ջանիբեկյանը, Գալյա Նովենցը, Դավիթ Հակոբյանը, Կարինե Ջանջուղազյանը և ուրիշներ։ 2000 թվականին թատերախումբ մտան նաև տաղանդավոր երիտասարդ դերասաններ։

2003 թվականին Համազգային թատրոնը ստացավ պետական կարգավիճակ, իսկ 2015 թվականին վերանվանվեց հիմնադրի անունով՝ դառնալով Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն։

Թատրոնի գործունեության առաքելությունն է՝ հայկական թատրոնը դարձնել միջազգային հնչեղություն ունեցող մշակութային կենտրոն, որը հուզում, ոգեշնչում և արժեքներ է փոխանցում։ Թատրոնի հիմնարար արժեքներն են հայկական մշակութային ժառանգության պահպանումը և նորարարական մոտեցումները։

Դավիթ Հակոբյանը՝ թատրոնի ստեղծման և դժվարությունների մասին

Համազգային թատրոնի դերասան Դավիթ Հակոբյանը Oragir.News-ի հետ զրույցում հիշում է թատրոնի ստեղծման բարդ ճանապարհը։

«1991 թվականին Սոս Սարգսյանի մեծ ցանկությամբ ու նվիրումով որոշվեց թատրոն հիմնել։ Հովանավորությունն իրականացրեց Համազգային կրթական և մշակութային միությունը, որն այդ ժամանակ արդեն հաստատվել էր Հայաստանում։ Եվ այդպես ստեղծվեց թատրոնը։ Այն կոչվեց «Համազգային», հավաքվեցին համախոհներ տարբեր թատրոններից, անգամ շրջաններից։ Շատ թատրոններ այդ տարիներին գրեթե չէին աշխատում, ծանր տարիներ էին»,- նշում է նա։

Դավիթ Հակոբյանի խոսքով՝ առաջին ներկայացումը բեմադրվել է 1992 թվականի դեկտեմբերին՝ Գրողների միության դահլիճում․

«Վարագույրը բացվեց Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» ներկայացմամբ։ Ես էլ բախտ ունեցա մասնակցելու այդ ամենին՝ Սոս Սարգսյանի հետ խաղալով»։

Նա ընդգծում է, որ թատրոնը երկար ժամանակ գործել է առանց պետական կարգավիճակի․

«Ամիսներ են եղել, որ աշխատել ենք առանց աշխատավարձի։ Բայց գաղափար կար, հավատ կար։ Թվում էր՝ պատերազմական տարիներ են, ի՞նչ թատրոն, բայց դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, անգամ երբեմն հոսանք չկար»։

Դավիթ Հակոբյանի խոսքով՝ Համազգային թատրոնի ստեղծումը Սոս Սարգսյանի երկար տարիների երազանքն էր․

«1991 թվականին Սոս Սարգսյանի մեծ ցանկությամբ ու նվիրումով որոշվեց թատրոն հիմնել»,- նշում է դերասանը՝ ընդգծելով, որ թատրոնը Սոս Սարգսյանի համար պարզապես աշխատանք չէր, այլ գաղափար ու կյանքի նպատակ ունեցող նախաձեռնություն։ Նրա երազանքն էր ստեղծել դերասանամետ, արժեքներ փոխանցող ազգային թատրոն, որը կգործի անկախ պայմաններից և դժվարություններից։

Դավիթ Հակոբյանը նաև անդրադարձել է Դաշնակցության հետ կապվող խոսակցություններին․

«Թատրոնին աջակցել է ոչ թե կուսակցությունը, այլ Համազգային կրթամշակութային միությունը։ Դա Սփյուռքում գործող կառույց է, որի հովանավորներից են նաև դաշնակցական շրջանակները։ Բայց դա չի նշանակում, որ թատրոնը կուսակցական է։ Թատրոնում երբևէ կուսակցական բնույթի գործունեություն չի եղել»։

Նրա խոսքով՝ նոր շենքի բացումը կարևոր իրադարձություն է ոչ միայն թատրոնի, այլև Հայաստանի մշակութային կյանքի համար․

«Սա անկախ Հայաստանի պատմության մեջ զրոյից կառուցված թատրոնի շենք է, ոչ թե վերանորոգում կամ հարմարեցում։ Սա նաև հասարակական, ինչու չէ՝ քաղաքական նշանակություն ունեցող իրադարձություն է»։

Նշենք, որ Համազգային թատրոնի նոր շենքի բացումը նախատեսված էր 2020 թվականի աշնանը, սակայն տարբեր հանգամանքների պատճառով այն հետաձգվեց, և բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունենում միայն 2026 թվականին։