Նախօրեին Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ վատ ռեզյումե չունի, առնվազն կարող է նաև լավ լրագրող աշխատել։
«Ես դա չեմ քննարկում։ Ես քաղաքական գործիչ եմ, պետական այր եմ, ես նման բաների մասին չեմ մտածում, բայց կարծում եմ՝ վատ ռեզյումե չունեմ, առնվազն՝ Ձեր լրատվականում»,- ասել է նա։
Oragir.News-ը կապ է հաստատել մի քանի լրատվականների խմբագիրների հետ, ճշտելու՝ ենթադրյալ իշխանափոխությունից հետո նրանք աշխատանքի կընդունե՞ն Ալեն Սիմոնյանին որպես լրագրող։
Aravot.am-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել Ալեն Սիմոնյանի որևէ արտահայտություն։
«Ես պատրաստ չեմ ընդհանրապես մեկնաբանել Ալեն Սիմոնյանի որևէ արտահայտություն»,-ասաց նա։
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասաց, որ լրագրող աշխատանքի ընդունելիս երբեք չի առաջնորդվում ռեզյումեով կամ նախորդ հրապարակումներով․
«Ցանկացած մեկը կարող է այսօր մտնել մեր խմբագրություն և ասել, որ ուզում է լրագրող աշխատել։ Եվ ես իրեն տալիս եմ հանձնարարություն կամ նույնիսկ առաջարկում եմ, ասում եմ՝ քո ընտրությամբ որևէ թեմա վերցրու, նյութ արա, բեր, համոզվեմ, որ դու ի վիճակի ես աշխատել։ Կարող եմ նաև ընդունել աշխատանքի կրթություն, կենսագրություն չունեցող, տասնամյա կրթությամբ որևէ մեկին կամ ցանկացած այլ մասնագիտություն ունեցող մարդու, ով ուզում է այսօր լրագրող աշխատել, որովհետև լրագրողի աշխատանքը, իմ կարծիքով՝ մասնագիտական հատուկ կրթություն չի պահանջում։ Հակառակը՝ պահանջում է բնատուր խելք, դիտողականություն, մտքերը շարադրելու ընդունակություն, որը ցանկացած գրագետ մարդ կարող է անել։ Ուզում եմ ասել, եթե կգա այդ պահը, որ Ալեն Սիմոնյանը կամ Սուրեն Պապիկյանը կամ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը կցանկանան աշխատել «Հրապարակ» օրաթերթում, ես մի առաջարկ կանեմ, կասեմ՝ գնա նյութ բեր, ես համոզվեմ՝ դու ի վիճակի՞ ես աշխատել և ինչքանո՞վ ես առողջ և լավ նյութեր պատրաստում։ Դա է լրագրող աշխատելու չափանիշը»,- ասաց Արմինե Օհանյանը։
Armlur.am կայքի թողարկման պատասխանատու Սոնա Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ալեն Սիմոնյանը կարող է տեսականորեն աշխատել որպես լրագրող, սակայն ոչ իրենց լրատվականում։
«Մեր լրատվականում չի կարող աշխատել, քանի որ այն ինչ իրենք անում են իրենց իշխանական ներկայացուցիչներով լրագրողների գլխին՝ քննադատում են, վատաբանում են լրագրողների աշխատանքը, անգամ մեզ զրկել են խորհրդարանի աշխատանքները լուսաբանելուց, ու անհնարին է, որ Ալեն Սիմոնյանը կարողանա մեզ հետ աշխատել, որովհետև ինքը գործընկերային չի աշխատում։ Այս պահին շատ պատգամավորներ կան, որ նախկինում լրագրող են եղել, օրինակ՝ Արթուր Հովհաննիսյանը, Հայկ Կոնջորյանը, իրենք չեն կարողանա վերադառնալ լրագրություն, իրենց չեն ընդունի, որովհետև իրենք երբ հայտնվել են խորհրդարանում, մոռացել են իրենց անցյալը, մոռացել են՝ ինչպես են իրենք լրագրությամբ զբաղվել, դարձել են ընդամենը չինովնիկներ և խանգարում են լրագրողներին։ Մենք իրենց հաստատ աշխատանքի չենք վերցնի, թող իրենց լավ ռեզյումեները պահեն այլ տեղում աշխատելու համար»,- ասաց նա։
Hayeli.am-ի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը Ալեն Սիմոնյանի հայտարարությունը համարեց զավեշտալի։
«Իր պարագայում հա՜, հա՜, հա՜, հա՜։ Իր դեպքում ինչ-որ լուրջ բան ասելն արդեն վերածվում է զավեշտի։ Ինքն իր տեղը, իր միջավայրը լավ գտել է։ Եվ կարծում եմ՝ Լոբոդան, հետո Սուպեր Սաքոն բարեգութ կգտնվեն, ոնց էլ չլինի՝ մի բան կտան, կոստյում բռնել, ինչ-որ բաներ բերել։ Նման կազմակերպչական բաներ արել է, հիմա շրջապատն ավելի լայն է դարձել, կկարողանա հետաքրքիր աշխատանք անել։ Ես խորհուրդ կտամ ինքն այդ ուղղությամբ մտածի։ Ամոթ է նման բան ասել այն օրը, երբ Նարեկ Սամսոնյանը 12 օր է հացադուլ է անում»,- եզրափակեց Անժելա Թովմասյանը։