Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 17:43 16-01-2026

ՀՀ նախագահը պարգևատրել է Քրիստինա Քվինին Բարեկամության շքանշանով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։

Ողջունելով դեսպանին՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Քվինին գործունեության և համագործակցության համար՝ ընդգծելով վերջին երեք տարիների ընթացքում իրականացված աշխատանքի նշանակությունը։

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ձեր կատարած աշխատանքի համար: Դուք մեզ հետ եք եղել շատ դժվար ժամանակաշրջանում մեր պետության համար, կիսել եք դժվարությունները մեզ հետ միասին, և այս առումով ես անկեղծ շնորհակալություն եմ հայտնում: Իհարկե, արձանագրված արդյունքները ևս շատ տեսանելի են հատկապես վերջին երկու տարիների ընթացքում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

Նախագահը առանձնակի կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման վերջին փուլը՝ ընդգծելով ռազմավարական գործընկերության ձևավորումը։

«Դեռևս անցյալ տարի հունվարի 14-ին ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը շատերի համար անհավանական էր թվում, և գործընթացները շատ ավելի արագ զարգացան, քան կարելի էր պատկերացնել, և մենք ունենք արդեն օգոստոսի 8-ի փաստաթուղթը, և հիմա նաև հունվարի 13-ի փաստաթուղթը»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ արդեն տեսանելի է Միացյալ Նահանգների աջակցությամբ տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ընտրված ուղին։

Նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ խաղաղությունը կլինի հարատև, իսկ Միացյալ Նահանգների ներկայությունն ու աջակցությունը կնպաստեն նաև Հայաստանի տնտեսական կյանքի առաջընթացին։

Իր հերթին դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության համար՝ նշելով, որ նախագահի և կառավարության հետևողական աշխատանքի շնորհիվ է հնարավոր դարձել արձանագրել զգալի առաջընթաց։

«Հայաստանը, կարծում եմ, այս պահին շատ լավ հնարավորություն ունի առաջ շարժվել բոլոր այն պայմանավորվածությունների ուղղությամբ, որոնք ձեռք են բերվել օգոստոսի 8-ին, և ամրապնդել ու կայուն հիմքերի վրա դնել իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարցերը, և հուսանք նաև խաղաղ ապագան տարածաշրջանում»։

Ամփոփելով խոսքը՝ դեսպան Քվինը նշել է, որ իր դիվանագիտական առաքելությունն ավարտելով՝ շարունակելու է մնալ Հայաստանի բարեկամը։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեսպան Քրիստինա Քվինին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ավարտին նախագահ Խաչատուրյանը պարգևատրել է Քրիստինա Քվինին Բարեկամության շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համագործակցության խորացման, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում