Մամուլ 6 ամիս առաջ - 08:59 15-01-2026

Առաջարկվում է տնային կալանքի մեջ գտնվող անձանց հեռավար կրթություն ստանալու հնարավորություն տալ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել Քրեական դատավարության օրենսգրքում։ Օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակում է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը:

Դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել, ի թիվս այլնի, ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց: Սակայն Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Անազատության մեջ պահվող անձանց իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի պատշաճ իրականացման մեխանիզմների անհրաժեշտությանն անդրադարձ է կատարվել նաև մի շարք միաջազգային-իրավական փաստաթղթերով:

Գործնականում ներկայում հնարավոր չի լինում ապահովել տնային կալանքի մեջ գտնվող անձանց կրթության իրավունքի պատշաճ իրացումը, քանի որ բացակայում են անհրաժեշտ օրենսդրական կարգավորումները: Նկատի ունենալով, որ տնային կալանք խափանման միջոցը ենթադրում է, որ անձի ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակված է, և վերջինս չի կարող այցելել ուսումնական հաստատություններ, առավել նպատակահարմար է վերջիններիս կրթությունը կազմակերպել հեռավար (դիստանցիոն) կարգով:

Առաջարկվում է քրեական դատավարության օրենսգրքում կատարել լրացում և սահմանել իրավակարգավորում այն մասին, որ դատարանի կողմից տնային կալանք կիրառելիս՝ նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններ, հաղորդակցության այլ ձևերից (այդ թվում՝ փոստային առաքանուց) օգտվելու սահմանափակումները կարող են չտարածվել կրթության շարունակականությունն ապահովելու համար կրթական ծրագրերով հեռավար (դիստանցիոն) կրթությունը շարունակելու դեպքերի նկատմամբ:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի