Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 17:47 14-01-2026

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, կանոնական, կագապահական խնդիրներին առնչվող հարցեր։ Եկեղեցի-պետություն հարաբերությունների և ստեղծված իրավիճակի մասին զեկույցով հանդես եկավ ի.գ.դ. տիար Գևորգ Դանիելյանը։

Ընդգծվեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն հուզող խնդիրները քննվում են եկեղեցական սահմանված կարգով համապատասխան կառույցներում ու առաջադրվում համարժեք լուծումներ։ Նշվեց, որ շրջանառվող «ներեկեղեցական հակադրությունների» թեզը արհեստածին է և նպատակ ունի օրինականացնել իշխանությունների ապօրինի միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին։ Արձանագրվեց նաև, որ 2025թ. մայիսի վերջից իշխանության նախաձեռնած հակաեկեղեցական արշավը ստացել է համակարգված բնույթ՝ ուղեկցվելով հակասահմանադրական գործողություններով, քրեական հետապնդումներով և հոգևորականների նկատմամբ բռնաճնշումներով։

Գերագույն հոգևոր խորհուրդն իր գնահատանքը հղեց Հայ Եկեղեցուն իրենց աջակցությունը ցուցաբերած հավատավոր ժողովրդին, ինչպես նաև կառույցներին և առանձին անհատներին, ովքեր օրինական քայլերով իրենց վճռական դիրքորոշումն են արտահայտում ի պաշտպանություն Եկեղեցու իրավունքների։

Քաղաքականության մեջ Եկեղեցու ներգրավված լինելու մեղադրանքը անհիմն և անընդունելի համարելով՝ ԳՀԽ-ը մերժելի նկատեց իշխող ուժի կողմից արհեստական օրակարգերի ձևավորմամբ Հայ Եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը, ինչը նոր բաժանումներ ու հակառակություններ է առաջ բերում ազգային կյանքում։

ԳՀԽ-ն նաև իր մտահոգությունն արտահայտեց տասը եպիսկոպոսների որդեգրած պառակտիչ կեցվածքի, հանրային ելույթներում Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցրած զրպարտիչ հայտարարությունների ու մեղադրանքների առնչությամբ։ Ժողովականները խստորեն դատապարտեցին եպիսկոպոսների միանալը վարչապետի կողմից նախաձեռնված և անթաքույց հովանավորվող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման ծրագրին», ինչպես նաև ՏԻՄ ղեկավարների, իրավապահ և ուժային կառույցների ներգրավմամբ թեմակալ առաջնորդների կողմից եկեղեցականների նկատմամբ գործադրվող ապօրինի ճնշումներն ու սպառնալիքները։

Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորեց հոգևորականներին չտրվել հակաօրինական պարտադրանքներին և, հավատարիմ մնալով իրենց կոչմանը, առաջնորդվել բացառապես Հայոց Եկեղեցու կանոնական կարգով։

Քննարկելով առկա իրադրության հաղթահարման ուղիները՝ որոշվեց նախորդ տարեվերջին հրավիրված և ժամանակավորապես հետաձգված Եպիսկոպոսաց ժողովը և աղոթական առանձնացումը կազմակերպել փետրվար ամսվա ընթացքում։

Ժողովը փակվեց «Պահպանիչ» աղոթքով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան