Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 19:30 10-01-2026

Լոռիում մանկավարժները սովորողներին բռնության են ենթարկել․ Տեսչականը հաստատում է

Oragir.News-ին հայտնի էր դարձել, որ Վանաձորի պետական դպրոցներում մանկավարժական աշխատողների կողմից սովորողների նկատմամբ բռնության դեպքեր են արձանագրվել։

Պարզելու համար՝ արդյոք դրանց տրվե՞լ է որևէ իրավական գնահատական, դիմեցինք նախ ՀՀ կրթության տեսչական մարմնին: Մեր մի քանի գրությունների արդյունքում Տեսչական մարմինն ի վերջո հաստատեց մեզ հայտնի դեպքերի իսկությունը՝ տեղեկատվություն տրամադրելով նաև ամբողջ մարզի վերաբերյալ:

Մեր այն հարցին՝ ինչպե՞ս, ի՞նչ եղանակով են այդ դեպքերը հայտնի դարձել կրթության ոլորտի վերահսկող մարմնին՝ երեխաների՞, ծնողների՞ տեղեկացմամբ, թե՞ այլ եղանակով, Տեսչական մարմինը պատասխանել է, որ Լոռիում մանկավարժական աշխատողների կողմից սովորողների նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեբանական բռնության դեպքերին իրենք առնչվել են սովորողների ծնողներից ստացված դիմումների ուսումնասիրության շրջանակներում:

Ապա հարցերի լայն շրջանակ էինք առաջադրել Տեսչական մարմնին. 2024 և 2025 թվականների Լոռու մարզի վերաբերյալ նշված դիմումները մարզի կոնկրետ ո՞ր համայնքների ո՞ր կրթական հաստատություններին են վերաբերում, յուրաքանչյուր դեպքով ի՞նչ պայմաններում, ո՞ր առարկաների ուսուցիչների կողմից են սաները ենթարկվել բռնության, ո՞ր տարիքային խմբերին են պատկանում տուժողները, բացահայտման արդյունքում ի՞նչ պատիժ է կիրառվել բռնարարների նկատմամբ, արդյո՞ք նրանք շարունակում են աշխատանքը նույն մանկավարժական հաստատություններում, կոնկրետ Տեսչական մարմինն այդ դեպքերով ի՞նչ գործողություններ է ձեռնարկել, արդյո՞ք այդ դեպքերը փոխանցվել են իրավապահ մարմիններին, կա՞ն նախաձեռնված վարույթներ ու ի՞նչ հետևանքներով:

Տեսչական մարմնի տրամադրած պաշտոնական արձանագրության համաձայն՝ 2024 թվականին բռնության դեպք է գրանցվել Ստեփանավանի թիվ 1 մանկապարտեզում (տվյալներ առկա չեն), 2025 թվականին՝ Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցում (կենսաբանություն առարկայի ուսուցչի կողմից 7-րդ դասարանի սովորողի նկատմամբ), Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում (դպրոցի տնօրենի տեղակալի կողմից 5-րդ դասարանի սովորողի նկատմամբ), Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցում (քիմիա առարկայի ուսուցչի կողմից 7-րդ դասարանի սովորողի նկատմամբ), Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցում (ֆիզիկա առարկայի ուսուցչի կողմից 7-րդ դասարանի սովորողի նկատմամբ), Ախթալայի թիվ 2 միջնակարգ դպրոցում (ուսուցչի, դպրոցի հոգեբանի կողմից 3-րդ դասարանի սովորողի նկատմամբ):


Նշվել է նաև, որ դիմումներում բարձրացված խնդիրներն ուսումնասիրելու նպատակով տեսչական մարմինն իր նախաձեռնությամբ հարուցել է վարչական վարույթներ: Ըստ վերահսկողության արդյունքների՝ կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումներ չեն արձանագրվել միայն Ստեփանավանի թիվ 1 մանկապարտեզում, իրականացված վարչական վարույթը կարճվել է՝ իրավախախտման բացակայության հիմքով: Մնացած 5 ուսումնական հաստատություններում իրականացված վարույթների արդյունքում տեսչական մարմնի ղեկավարի կողմից ուսումնական հաստատությունների տնօրեններին տրվել են կարգադրություններ: Մանկավարժական աշխատողներին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ տեղեկատվությանը, սակայն, Տեսչական մարմինը չի տիրապետում:

Բացի այդ, Ստեփանավանի թիվ 1 մանկապարտեզի, Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի և Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի վերաբերյալ դիմումներում բարձրացված հարցերի մի մասը՝ Տեսչական մարմնի իրավասությունից դուրս լինելու պատճառով, մասնակիորեն վերահասցեագրվել է ՀՀ ներքին գործերի նախարարություն։

Ադրինե Թորոսյան





Ձեզ գուցե հետաքրքրի