Ներքին 9 ամիս առաջ - 23:05 09-01-2026

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի երկարաձգումը քաղաքական է և ծայրահեղ վտանգավոր Հայաստանի համար․ AntiFake.am

Դատարանի կողմից Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ևս երեք ամսով երկարաձգումը իրավական չէ, քաղաքական է և ծայրահեղ վտանգավոր Հայաստանի համար։

Այս մասին հայտարարություն է տարածել AntiFake.am-ը։

«Այս որոշմամբ դատավոր Մանվել Շահվերդյանը ոչ թե իրականացրեց արդարադատություն, այլ դարձավ քաղաքական կամքի գործիք՝ խոսքի ազատության դեմ շարունակվող արշավում։

«Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորված են ոչ թե հանրային վտանգավոր արարքի, այլ փոդքասթի ընթացքում իրենց խոսքի, դիրքորոշման և ՀՀ ազգային ժողովի նախագահի հայհոյանքին պատասխանելու համար։ Այդ արձագանքի ընթացքում Նարեկ Սամսոնյանն ընդամենը «հետույք» բառն է օգտագործել։ Նարեկ Սամսոնյանը AntiFake.am-ի հիմնադիրն ու ղեկավարն է, անկախ մեդիայի ներկայացուցիչ, ում գործունեությունն ուղղված է եղել իշխանության գործողությունների բացահայտմանը և հանրային վերահսկողությանը։

Այսօր դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել է անժամկետ հացադուլ՝ որպես ապօրինության դեմ վերջին միջոց։ Սա ծայրահեղ քայլ է, որը ծնվել է ոչ թե հուզական պոռթկման հետևանքով, այլ քննիչների և դատախազի և դատավորների մասնակցությամբ իրավական համակարգային խուլիգանությանը վերջ տալու նպատակով:

Մենք արձանագրում ենք․
քրեական գործի նախաքննությունն ավարտված է,
գործը գտնվում է դատաքննության փուլում,
վարույթին խոչընդոտելու որևէ ռիսկ գոյություն չունի,
Նարեկ Սամսոնյանն ունի երկու անչափահաս երեխա և ընտանիքում միակ կերակրողն է,
Վերաքննիչ դատարանը Նարեկ Սամսոնյանի պարագայում արձանագրել է կալանքի կիրառման դատական սխալ,

և այս պայմաններում կալանքի երկարաձգումը այլևս ոչ մի իրավական բացատրություն չունի։

Սա դասական օրինակ է այն բանի, ինչ միջազգային իրավունքում կոչվում է chilling effect - երբ մեկ մարդու դեմ կիրառված բռնաճնշումը ուղերձ է բոլորին․ լռեք, հակառակ դեպքում կկործանվեք։

Մենք դիմում ենք․

Հայաստանի Հանրապետության իշխանություններին - անհապաղ դադարեցնել խոսքի ազատության դեմ իրականացվող քաղաքական հետապնդումները։

Դատական իշխանությանը - գիտակցել սեփական որոշումների հետևանքները և պատասխանատվությունը մարդու կյանքի ու առողջության համար։ Անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։

Հայաստանյան և միջազգային ԶԼՄ-ներին - չլռել, չլուսաբանել այս գործը որպես «սովորական քրեական վարույթ»։

Միջազգային իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններին - արձագանքել, արձանագրել և գնահատել այս գործը որպես քաղաքական հետապնդում։

Ընդդիմադիր քաղաքական գործիչներին և հասարակական դերակատարներին - լռությունը այս պահին ոչ թե չեզոքություն է, այլ մասնակցություն։

AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարում է, որ ամբողջ պատասխանատվությունը Նարեկ Սամսոնյանի առողջության և կյանքի համար կրում են Հայաստանի Հանրապետության իշխանությունները։

Մենք շարունակելու ենք պայքարը՝ բոլոր իրավական, հանրային և միջազգային հարթակներում»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
19:38 Հարցում ուղարկեք՝ պրոցես կանենք. «Հայփոստը» խուսափում է պատասխանել՝ Բաքու հնարավո՞ր է նամակ ուղարկել, թե՞ ոչ