Ներքին 10 ամիս առաջ - 16:03 22-12-2025

Ուսուցիչների ատեստավորման թեստերը վաճառվե՞լ էին․ ԿԳՄՍՆ-ի պատասխանը

Օրեր առաջ Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով պատասխանել կամավոր ատեստավորման թեստերին առնչվող մի շարք հարցերին, ինչպես նաև հաստատել կամ հերքել համացանցում առկա այն տեղեկությունը, որ այս ուսումնական տարվա ընթացքում թեստերի արտահոսք է տեղի ունեցել, ինչի պատճառով էլ գործընթացը որոշ ժամանակով հետաձգվել էր, իսկ հապճեպ կազմված նոր թեստերում էլ բազմաթիվ բացթողումներ են եղել։

Հարցին, թե ո՞ր կառույցն է պատասխանատու ուսուցիչների կամավոր ատեստավորման թեստերի կազմման, որակի, դրանց հնարավոր արտահոսքի համար, ԿԳՄՍՆ-ից պատասխանել են․

«Կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման թեստերը մշակվում են ԳԹԿ-ի կողմից համապատասխան մասնագիտական խմբի ներգրավմամբ՝ պահպանելով պարտադիր գաղտնիության սկզբունքը, որից հետո մուտքագրվում են ԿՏԱԿ-ի Էլեկտրոնային կառավարման համակարգ՝ նույնպես պահպանելով գաղտնիության ընթացակարգը: Ուսուցիչների կամավոր ատեստավորման թեստերի կազմման համար որպես հիմք են ընդունվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հանրակրթական դպրոցի չափորոշիչները և ծրագրերը, բոլոր գործող դասագրքերը»:

Հիշեցնենք՝ Oragir.News-ն օրեր առաջ հայտնել էր, որ այս ուսումնական տարվա ընթացքում ատեստավորման թեստերում մի շարք սխալներ և վրիպակներ կային, նախքան դա էլ՝ ատեստավորման անցկացման օրերը մեկ շաբաթով հետաձգվել էին։ Oragir.News-ի հարցին՝ լուրեր կան, որ դա անմիջական կապ ուներ թեստերի վաճառքի հետ, արդյոք որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը, ԿԳՄՍ նախարարության համապատասխան բաժնից պարզաբանել են․

«Հաշվի առնելով բազմաթիվ ուսուցիչների մտահոգությունները և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ուղարկված դիմումները՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցում կատարվել են փոփոխություններ, և ատեստավորման անցկացման օրերը մեկ շաբաթով հետաձգվել են, ինչն ուսուցիչներին լրացուցիչ հնարավորություն է ընձեռել ատեստավորմանը պատրաստվելու համար: Կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցիչների կողմից վերհանված դիտարկումները, որոնք վերաբերել են ուղեցույցներին, տարբեր թեստերի բարդության համադրելիությանը, յուրաքանչյուր առարկայի համար կազմվող թեստի հարցերի քանակին, թեստավորման տևողությանը, երկիմաստ հարցերին, հիմնական և միջնակարգ դպրոցների տարանջատմանը և այլ թեմաների, հաշվի են առնվել և արդյունքում բոլոր առարկաների թեստային առաջադրանքները բերվել են մեկ ձևաչափի, որպեսզի դրանք լինեն համադրելի ու համաչափ բոլոր առարկաների ուսուցիչների համար»:

Հաջորդ հարցին՝ Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ներգրավվա՞ծ է թեստերի ենթադրյալ վաճառքի մեջ։ Ուսուցիչներն ու ուսանողները ահազանգում են, որ այս լուրը տարածում է ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը՝ փորձելով արատավորել նախկին ռեկտորի անունը, ԿԳՄՍՆ-ից պատասխանել են․

«Թեստերը կազմող մասնագետներն աշխատանքի կատարման վերաբերյալ պայմանագիր են կնքում գնահատման և թեստավորման կենտրոնի հետ. պայմանագրի բաղադրիչ է նաև գաղտնիության պահանջը: Ըստ գործող իրավակարգավորումների՝ գաղտնի է նաև թեստ գրողի անունը: Միաժամանակ հայտնում ենք, որ հարցման մեջ արված ենթադրություններն անհիմն են և դուրս են ԿԳՄՍՆ մեկնաբանության տիրույթից: Եթե առկա են հիմնավոր փաստեր կամ տեղեկություններ, ապա անհրաժեշտ է դիմել իրավապահ մարմիններին»:

Իսկ թե՝ ատեստավորման թեստերի հնարավոր վաճառքի հետ կապված Կրթության տեսչական մարմինը որևէ ուսումնասիրություն իրականացրե՞լ է, ի՞նչ խնդիրներ է բացահայտել, այս հարցերին ի պատասխան ԿԳՄՍ-ն առաջարկել է դիմել Կրթության տեսչական մարմնին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները