Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 17:37 19-12-2025

Առաջարկ է եղել դիմել միջազգային կառույցներին․ մանրամասներ՝ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովից

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով։

Ժողովին անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, տասը եպիսկոպոսների խոտոր ընթացքին և դրա պառակտիչ հետևանքներին, Եկեղեցու շուրջ տիրող իրավիճակի հաղթահարման ուղիներին։

Քննարկման առարկա դարձան հոգևորականների ու Եկեղեցու հավատավոր զավակների նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումները և քրեական վարույթներով իրավական գործընթացները։ Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց իր պահանջը ՀՀ իրավապահ և դատական մարմիններից, որ արդարադատություն, օրինականություն ապահովվի շինծու մեղադրանքներով ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և այլ նվիրյալ հայորդիների նկատմամբ։ Շեշտվեց, որ Մայր Աթոռը բոլոր հասանելի օրինական միջոցներով պետք է հետամուտ լինի Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանությանը, եկեղեցապատկան բռնազավթված սրբավայրերի վերադարձմանը։

Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին, վիրավորում մեր ժողովրդի կրոնական ապրումները և ոտնահարում Հայոց Եկեղեցու իրավունքներն ու դարերով նվիրագործված ավանդույթները։

Մասնավորաբար քննության առնվեց նաև վարչապետի ներկայությամբ մատուցվող պատարագներին հարկադրաբար Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հարցը։ Ընդգծվեց, որ սույն երևույթը նոյեմբերի 26-ի եպիսկոպոսաց ժողովում միաձայն դատապարտվել էր որպես եկեղեցաբանական տեսանկյունից հակականոնական, որ կարող է հանգեցնել հերձվածի։ ԳՀԽ անդամները տարակուսելի նկատեցին, որ ժողովական որոշմանը կողմ հանդես եկած որոշ եպիսկոպոսներ հետագայում մասնակից դարձան իշխանության նախաձեռնությամբ կազմակերպված աղճատված արարողություններին։

Անդրադառնալով տասը եպիսկոպոսների խոտոր ընթացքին, միաբանությունից ինքնամեկուսացմանը և ԳՀԽ անդամ եպիսկոպոսների բացակայությանը ժողովներից՝ ԳՀԽ-ն իր մտահոգությունն արտահայտեց վերջիններիս որդեգրած պառակտիչ կեցվածքի առնչությամբ՝ այն դիտարկելով իբրև խախտում նրանց հոգևոր ուխտի և հարված Եկեղեցու միասնականությանը։ Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի նկատեց նաև եպիսկոպոսների բարձրաձայնած անհիմն մեղադրանքները և դրանց արծարծման կերպերը՝ կարևորելով, որ նրանք հրաժարվեն պարտադրված, հակականոնական օրակարգերից, վերադառնան Մայր Եկեղեցու գիրկը՝ առաջնորդվելով բացառապես եկեղեցական կանոնական ընթացակարգերով։

Ստեղծված մտահոգիչ, Եկեղեցու և նրա աշխարհասփյուռ հոտի համար անցանկալի այս իրավիճակի հաղթահարման հրամայականից ելնելով՝ Գերագույն հոգևոր խորհուրդը հրատապ համարեց Եպիսկոպոսաց ժողովի գումարումը մոտ ապագայում։ Այս կապակցությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Ժողովին առաջարկ ներկայացվեց համապատասխան քայլեր ձեռնարկելու միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպան կառույցների հետ գործակցության ուղղությամբ՝ կասեցնելու պետական քարոզչամեքենայի կողմից Եկեղեցու շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ տարածվող թյուր ընկալումները։

Ժողովականներն իրենց գնահատանքը հայտնեցին այս դժվարին օրերին Հայոց Եկեղեցու նկատմամբ հավատարմություն դրսևորած հոգևորականներին՝ փորձությունները արիությամբ, հավատով ու միասնականությամբ հաղթահարելու համար։ ԳՀԽ հորդորեց հոգևոր սպասավորներին հոգեխնամ առաքելության շրջանակներում պատշաճ իրազեկումներով գոտեպնդել իրենց հավատացյալներին և հորդորել զերծ մնալ Եկեղեցու միասնականությունը խաթարող երևույթներից։

Անդրադարձ կատարելով ժողովից առաջ՝ Երեկոյան ժամերգությանը, Մայր Տաճարի շրջափակում եպիսկոպոսաց կազմակերպած հավաքի պատճառով հրահրված անկարգություններին՝ Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտեց վանքի հոգևոր մթնոլորտը խաթարած հակաօրինական գործողությունները։ Ժողովականներն իրենց գնահատանքը հայտնեցին հավատավոր ժողովրդին, հակառակ կազմակերպված խժդժությունների, դրսևորած զգոնության, եկեղեցանվիրումի և հավատարմության համար։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի