2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկներից պահանջվելու է բժշկական պարտադիր ապահովագրություն՝ ներկայացված վրացերեն կամ անգլերեն։ Ապահովագրությունը պետք է ակտիվ լինի մուտքի պահից և երկրի տարածքում մնալու ամբողջ ընթացքում։ Պահանջի խախտման դեպքում նախատեսվում է 300 լարի (շուրջ 42,320 դրամ) տուգանք, որը ժամկետանցվելու դեպքում կրկնապատկվում է, ապա՝ եռապատկվում։ Պաշտոնական պահանջի անտեսումը կարող է նաև հանգեցնել մուտքի սահմանափակման կամ արտաքսման։
Oragir.News–ը փորձեց հասկանալ՝ արդյոք հայկական ապահովագրական ընկերությունները պատրա՞ստ են նոր կանոններին և ի՞նչ առաջարկներ ունեն դեպի Վրաստան մեկնող քաղաքացիների համար։
«ԻՆԳՈ Արմենիա»-ից նշեցին, որ իրենք ունեն հատուկ առաջարկ Վրաստան մեկնողների համար: Ապահովագրական ընկերությունից
Oragir.News-ին շեշտեցին, որ տրամադրում են ճամփորդական առողջապահական ապահովագրություն, որը կարող է օգտագործվել նաև Վրաստան մուտք գործելու համար։ Ընկերության փոխանցմամբ՝ իրենց կայքի միջոցով պայմանագիր կնքելու դեպքում տրամադրվում է 15% զեղչ։
«Այո, նման առաջարկ ունենք։ Եթե շահառուները ցանկանում են Վրաստան մուտք գործելու համար առողջության ապահովագրություն, կարող են պայմանագիրը կնքել օնլայն՝ այն ինքնաշխատ կերպով կուղարկվի անգլերեն տարբերակով։ Վրաստանի համար ունենք նաև հատուկ առաջարկ, որի արժեքը ներկայացվում է ըստ այցելության օրերի քանակի»,– նշեցին ընկերությունից։
Ընկերությունը նաև ընդգծեց, որ ապահովագրական պայմանագրերը գործում են այն պահից, երբ անձը լքում է Հայաստանի սահմանը.
«Պետք է հստակ նշել այն ժամանակահատվածը, երբ անձը գտնվելու է Վրաստանում։ Ապահովագրությունն ուժի մեջ է մտնում Հայաստանի սահմանը հատելու պահից»։
Ապահովագրության երկարաձգումը Վրաստանի տարածքում հնարավոր չէ․ ժամկետը պետք է նախապես որոշված լինի։
Ապահովագրության դիտարկվող արժեքները Ճամփորդություն դեպի Վրաստան՝ հատուկ առաջարկով, նվազագույն 3 օր՝ 850 դրամ (օնլայն կնքելու դեպքում)։ Ամբողջ աշխարհի դեպքում՝ 1105 դրամ։ Ընդ որում, ճանապարհորդական ապահովագրության նվազագույն ժամկետը 3 օր, իսկ առավելագույնը՝ 180 օր է։ Գոյություն ունեն նաև «բաց ամսաթվերով» տարբերակներ՝ 60/90/180 օրվա թռիչք-վերադարձային կուտակային ապահովագրությամբ մեկ տարվա ընթացքում։
Ինչ վերաբերում է Վրաստանի պաշտոնական պահանջներին՝ «ԻՆԳՈ Արմենիա»-ում նշեցին, որ դեռևս չեն ստացել պաշտոնական ուղեցույց։
Կապ հաստատեցինք նաև «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ: Ընկերությունից
Oragir.News–ին փոխանցեցին, որ դեպի Վրաստան մեկնող քաղաքացիների համար ապահովագրության տարածքը նշվում է Վրաստան, իսկ գները կախված են գտնվելու օրերի քանակից՝ մեկ օրվա արժեքը կազմում է 220–320 դրամ։ Նվազագույն ապահովագրության տևողությունը 3 օր է, առավելագույնը՝ 365 օր։ Օրինակ՝ 365 օրվա դեպքում մեկ օրվա արժեքը կլինի 220 դրամ։
Ընկերությունը նշեց, որ ապահովագրությունը հնարավոր է կնքել նաև առցանց՝ կայքի միջոցով, և գործընթացը տևում է մինչև 5 րոպե։
Ընկերության ներկայացուցչի խոսքով տարիքային սահմանափակումները հետևյալն են․ երեխաների համար առանձնահատուկ սահմանափակումներ չկան, մինչդեռ 70–85 տարեկան քաղաքացիների դեպքում կիրառվում է գործակից, ինչի արդյունքում ապահովագրության գինը փոքր-ինչ ավելի բարձր է, քան մինչև 70 տարեկան անձանց դեպքում։
Ընկերությունից հավելեցին նաև, որ հաճախորդները արդեն սկսել են հետաքրքրվել, թե ապահովագրությունն ի՞նչ ծածկույթ է ներառում և որքա՞ն է տևում գործընթացը:
Զրուցեցինք նաև «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերության ներկայացուցչի հետ, ով
Oragir.News–ին տեղեկացրեց, որ իրենք վաղուց պատրաստ էին Վրաստանի նոր պահանջներին, քանի որ ունեցել են օնլայն հարթակ, որը ստեղծվել էր դեռ անցած տարի՝ սպասվող իրավական փոփոխությունների համար։
Ընկերությունից նշեցին, որ ապահովագրության ձեռքբերման գործընթացը հնարավորինս արագ է․
«Եթե հաճախորդը արդեն անցել է ինքնությունն գործընթացը՝ հավելվածի միջոցով, ապա ապահովագրության ձեռքբերումը տևում է ընդամենը մեկ րոպե։ Օնլայն դեպքում անձը պարզապես լրացնում է անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, ընտրում է օրերի քանակը և կատարում գնումը։ Ընդհանուր գործընթացը առավելագույնը 5 րոպե է տևում»։
Ինչ վերաբերում է Վրաստանի պահանջներին, ընկերությունում ընդգծեցին, որ որոշումները դեռ վերջնականացված չեն․ «Մենք մշտապես հետևում ենք Վրաստանի կառավարության հրապարակումներին, որտեղ փոփոխությունները դեռ շարունակվում են։ Հետևաբար, քաղաքացիները, որոնք կփորձեն սահմանը հատել առանց ապահովագրության, կարող են բախվել խնդիրների։ Այդ պատճառով մենք արդեն ծանուցումներ ենք ուղարկել մեր բոլոր տուրիստական գործընկերներին, որպեսզի ժամանակին տեղեկացնենք իրենց և նրանց հաճախորդներին»։
Ընկերությունը նաև պարզաբանեց, որ ապահովագրության գինը կախված է անձի տարիքից, գտնվելու օրերի թվից և ընտրված ծածկույթից․ «Մեր ստանդարտ փաթեթը կազմում է 30,000 եվրո, ինչը լիովին բավարարում է Վրաստանի պահանջներին։ Բայց ունենք նաև 50,000 եվրո և 100,000 եվրո ծածկույթով տարբերակներ, որոնց դեպքում արժեքը բարձրանում է։ Օրինակ՝ 28 տարեկան անձի համար 5 օրվա ապահովագրությունը 30,000 եվրո ծածկույթով կազմում է ընդամենը շուրջ 1200 դրամ»։
Ընկերությունում հաստատեցին, որ վերջին օրերին հետաքրքրությունն աճել է․ «Այո, շատ դիմումներ ենք ստանում թե՛ մեր սոցիալական էջերի միջոցով, թե՛ տուրիստական գործընկերների միջոցով։ Մարդիկ փորձում են հասկանալ՝ ինչ է պահանջվում Վրաստան մուտք գործելու համար և ինչ ապահովագրական տարբերակներ կան»։