«Քարտեզագրելով կորուստը» ցուցահանդեսի շրջանակում այսօր ՆՓԱԿ-ում ներկայացվեց Արցախի մշակութային ժառանգության թվային փաստագրման ծրագիրը, որի պատասխանատուները ներկայացրին իրականացված աշխատանքի փուլերն ու արդյունքները։
Ծրագրի ղեկավար կազմի փոխանցմամբ՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ավարտից անմիջապես հետո ԹՈՒՄՈ-ի, ICONEM-ի և կամավորների թիմերը հասցրել են այցելել Արցախի շուրջ 80 եկեղեցի և մի շարք այլ մշակութային վայրեր, որտեղ իրականացվել է բարձր ճշգրտությամբ 3D սկանավորում։ Աշխատանքները կատարվել են մինչև վերջին հասանելի օրը՝ նպատակ ունենալով փաստագրել վտանգված հայկական ժառանգության օբյեկտները։
Մեզ հետ զրույցում ԹՈՒՄՈ-ի Հայկական ժառանգության սկանավորման ծրագրի համակարգող Հյուլէ Քէշիշեանը պատմեց իրականացման ընթացքի մասին՝ նշելով. «Թվայնացել ենք Արցախի հուշարձանները, 2020-ի պատերազմից ճիշտ հետո հրատապ վիճակ էր տիրում, և մենք մի քանի շաբաթում կարողացանք սկանավորել 40-ից ավել հուշարձաններ Արցախում։ Դրանից հետո 2023 թվականին էլ հասցրեցինք ևս 40 հուշարձաններ սկանավորել, և դա հիմա կարողանում ենք ցուցադրել՝ այդ սկանավորումների եռաչափ մոդելները»։
Ներկայացվեց նաև Հայկական մշակութային ժառանգության սկանավորման ծրագրի ընթացիկ գործունեությունը․ մինչ օրս թվայնացվել է ավելի քան 275 մշակութային վայր Հայաստանում և Արցախում, որոնք դարձել են կարևոր ռեսուրս գիտական, պահպանական և կրթական ոլորտների համար։
Այցելուները հնարավորություն ունեցան Apple Vision Pro-ի միջոցով VR ձևաչափով դիտել Արցախի հուշարձանների թարմացված 3D մոդելները՝ զգալով դրանց իրական տարածական չափերն ու միջավայրի խորությունը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Հակոբյան