Միտք Ներքին 5 ամիս առաջ - 10:30 04-12-2025

Ո՞վ է ծիծաղում հարկատուի վրա՝ ռուսական լեյտենանտի ենթակա՞ն, թե՞ Փաշինյանը 

Ծանր բաներ է ասել Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի հասցեին դեկտեմբերի 3-ին ԱԺ ամբիոնից։ Նա ակնարկել է, թե կաթողիկոսը դավաճան է, սպասարկում է ռուսական շահերը, ռուսական հատուկ ծառայությունների ավագ լեյտենանտի ենթական է։

«Ինձ պետք չէ կաթողիկոս, որ ենթարկվի ինձ, ինձ պետք է կաթողիկոս, որ չենթարկվի օտարեկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի և ամենօրյա ռեժիմով չզեկուցի այդ լեյտենանտներին»,- ասել է նա։

Ի՞նչ հետևանք կունենա վարչապետի այս ծանր ակնարկը։

Եթե ՔՊ-ական իշխանությունը նորմալ իշխանություն լիներ, ապա ՔՊ-ն այս թեմայով կդիմեր դատարան, իրավապահին, իսկ Նիկոլ Փաշինյանը դատարանում վկայություն կտար, կներկայացներ այս ծանր մեղադրանքի հիմքերը։ Դատարանն էլ կպարզեր այդ հիմքերի արժանահավատությունը և ՀՀ օրենքով կընդուներ վճիռ։ Եթե մեղադրանքը հաստատվեր, ապա կաթողիկոսափոխության հարցը լեգիտիմ հիմք կստանար։ Իսկ եթե չհաստատվեր, ապա մարդիկ իրավունք կունենային ասելու, որ Փաշինյանը ստում է, Վեհափառին հանիրավի է մեղադրում դավաճանութան մեջ։ Այս դեպքում էլ կաթողիկոսը կարող էր Փաշինյանի դեմ գործ բացել սուտ մատնության թեմայով։

Մեր երբեմնի բախտակից երկրներում՝ խորհրդային բռնազավթումից ազատագրված Արևելյան Եվրոպայում, Բալթյան երկրներում, Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում իրականացվել է լյուստրացիա, ընդունվել է լյուստրացիայի մասին օրենք, նախկին ռուսական գործակալները զրկվել են բարձր, քաղաքական, հանրային պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Այսինքն՝ Լյուստրացիա իրականացրած երկրներում ռուսական հատուկ ծառայության լեյտենանտի գործակալն օրենքով իրավունք չունի զբաղեցնելու բարձր պաշտոն, այդ թվում՝ հոգևոր իշխանության առաջնորդի պաշտոնը։

Եթե ՔՊ-ական իշխանությունը նորմալ իշխանություն լիներ, ապա ՀՀ ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 3-ի ելույթից հետո վարույթ կհարուցեր այն անձի դեմ, որը կատարում է ռուսական հատուկ ծառայությունների լեյտենանտի հրահանգները։ Հարկատուներն իրավունք ունեն իմանալու, թե իրենց միջոցներով սնվող ԱԱԾ-ն ինչո՞վ է զբաղված, երբ բարձր պաշտոն են զբաղեցնում ռուսական հատուկ ծառայության լեյտենանտին ենթարկվողները։

Հետևապես՝ անհասկանալի է, թե եթե Փաշինյանի ասածը լուրջ է, ապա ինչո՞ւ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցությունը լյուստրացիայի մասին օրենքի նախագիծ չի բերում օրակարգ, ինչո՞ւ ԱԱԾ-ն վարույթ չի հարուցում այսօրինակ ծանր մեղադրանքների մասին հայտարարություների հետքերով։

Առաջին և ամենատարածված վարկածն այն է, որ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձր ՔՊ-ական պաշտոնյաներ ևս զեկուցում են ռուսական հատուկ ծառայության լեյտենանտի։ Այս վարկածի հիմքն է Փաշինյանի՝ 2025-ի հունիսի 19-ի հայտարարությունը, թե ինքը 2018-2022-ին եղել է ֆորպոստի վարչապետ։ Ու եթե այսօր ընդունվի լյուստրացիայի մասին օրենք, ապա Փաշինյանն օրենքով կզրկվի քաղաքական բարձր պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Հաջորդ վարկածն այն է, որ 2018-ին ռուսական աջակցությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը խոստացել է լյուստրացիա չանել, ռուսական լրտեսների, ռուսական գործակալների մազին չպկնել։ Եվ այդ պայմանավորվածությունն է կաշկանդում նրան իրական քայլեր կատարել և երկիրը մաքրել պետության դեմ գործող, ռուսական հատուկ ծառայության լեյտենանտների հրահանգները կատարող գործակալներից ու լրտեսներից։

Այս պարագայում քանի՞ լումա արժե Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արված ծանր ակնարկը ռուսական լեյտենանտի մասին, եթե դրան ոչ մի քայլ չի հետևելու։

Պատասխանը դարձյալ նույնն է։ Ե՛վ նախկինները, և՛ Փաշինյանը ազատ աշխարհի՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի աջակցության կարիքն ունեն։ Եվ այդ պատճառով բոլոր տեսակի ընդդիմադիրներին, իշխանության համար անցանկալի անձանց որակում են Կրեմլի ագենտ։ Սակայն որակումից այն կողմ չեն անցնում, գործուն քայլերի ընդունակ չեն, քանի որ կաշկանդված են Մոսկվայի հետ ունեցած պայմանավորվածություններով։

Պարզ ասած՝ Փաշինյանի՝ դեկտեմբերի 3-ի ծանր ակնարկն օդում կրակոց էր, դատարկ հնչյուն։ Անկախության պաշտպանության տեսանկյունից այս անգործությունը ծաղր է ժողովրդի, հարկատուի հասցեին։ Քաղաքացին կարող է շփոթվել ու չհասկանալ, թե ո՞վ է իր վրա ծիծաղում՝ ռուսական լեյտենանտն ու նրա ենթակա՞ն, թե՞ Փաշինյանն ու ԱԱԾ-ն, որոնք ամեն ինչ գիտեն, բայց ոչինչ չեն անում երկիրը ռուսական գործակալներից մաքրելու ուղղությամբ։

Թաթուլ Մկրտչյան