Oragir.News-ը ներկայացնում է դեկտեմբերի 3-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի նախագծի եզրափակիչ ելույթում հայտարարել է, թե հաջորդ տարվանից կառավարություն կենսաթոշակները բարձրացնում, սակայն ավելացած գումարները ոչ թե առձեռն են տալիս, այլ առողջապահության ապահովագրության միջոցով։
«Այո, կառավարումն ունի նրբություններ և սովորում ենք ավելի արդյունավետ կառավարել։ Ինչ ենք ասում՝ ամսական 10 400 դրամով ավելացնենք, բայց էդ գումարն ի՞նչ է անելու, ինչի վրա է ծախսելու… Հետազոտությունը ինչ է ցույց տալիս, խոսքը 65+ տարեկանների մասին է, որ մարդկանց առաջնային ծախսը առողջապահությունն է։ Հիմա ինչի՞ մենք մարդկանց տանք էդ փողը, որ ինքը չիմանա, թե էդ փողն ինչպես արդյունավետ օգտագործի իր առողջության համար. գնա դեղատուն, այլ բան գնի, քան պետք է գնի, կամ բուժծառայություն ստանա, քան պետք է ստանա։ Մենք այդ 10.000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ ու ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է մեծ հավանականությամբ ոչ թե 10 000, այլ գուցե 40, 50, գուցե 100.000, գուցե 500.000 դրամի ծառայություն»,– ասաց նա։
Փաշինյանը անդրադարձել է նաև այն մեղադրանքներին, որ իր կաբինետը չի կատարել կենսաթոշակները բարձրացնելու նախընտրական խոստումը՝ նշելով․ «Մենք խոստացել ենք, որ առողջապահական ապահովագրություն լինելու է, բայց չենք խոստացել, որ թոշակառուն դրա համար չի վճարելու, և այս լուծմանն ենք գնում»,– ասաց նա։ Փաշինյանը հավելել է նաև, որ թոշակն ավելանում է նաև անկանխիկ առևտրի պարագայում, թեպետ թոշակառուների ճնշող մեծամասնությունը չի օգտվում այս համակարգից։
Կառավարության ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ իր թիմը Հայաստանը դուրս է բերել աշխարհաքաղաքական թակարդից, փակուղուց։ «Դուրս ենք բերել մի տեղ, որտեղ բոլոր ուղղություններով ՀՀ-ի առաջ բացվել է հեռանկար, և ՀՀ-ի ժողովուրդն իր ինքնիշխան կամքով կարող է որոշել, թե ինքը որ ուղղությամբ, ինչ տեսլական է որդեգրում»,- նշել է նա ու հավելել, որ արդեն հրապարակել են բանակցային փաթեթը, բայց ընդդիմությունից ստանում են էլի նույն նարատիվները, որոնք, իր պնդմամբ, հնացած են։
«Ընդդիմությունից որ ասում են՝ բանակցությունները սենց պետք է լիներ, նենց լիներ, իրենք 30 և ավելի տարի իշխանություն են եղել, բա 100 անգամ ասել եմ, որ տենց շանսեր կային, ինչի՞ չէիք լուծում, այսինքն՝ հայամետ լուծման շանս է եղել, դուք չե՞ք արել, բա ինչի՞ եք մեզ դավաճան ասում, ձեզնից դավաճան չկա»,- նշել է Փաշինյանը։ Մյուս տարբերակը, ըստ նրա, այն է, որ այս ամենն ընդամենը աչքակապություն է եղել:
«Հիմա բանավեճի չեմ էլ հրավիրում, էլ ինչ խոսամ, էլ բանավիճելու բան չկա, թող կարդան, պատմեն, կարդան, պատմեն, ինչ պետք է պատմեն, պատմելու բան չկա»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ էլ Փաշինյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին իրեն մրցակից չի համարում։
«Ի՞նչ ասես, եթե 2021 թվականին ընտրություններ էր, խորհրդարանական ընդդիմություն էր, որը եկել էր քաղաքական իշխանափոխության օրակարգով և ինչ-որ առումով դեռ կարելի էր քաղաքական մրցակից և մրցակցություն համարել: Ես կարծում եմ, որ նրանք մեզ մրցակից չեն այլևս, շատ վաղուց մրցակից չեն»,- պնդել է նա։
-
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը ներկայացված հիմնավորումներով առ այն, որ Թադե քահանան՝ վարկաբեկել է Հայ Եկեղեցին և եկեղեցականներին, այդ թվում՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով, իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին, պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է՝ փաստացի ժխտելով նվիրապետական կարգը, իրեն դուրս դնելով Եկեղեցուց և, ըստ էության, հարելով հերձվածողական շարժմանը, եկեղեցական իշխանության նկատմամբ դրսևորել է անհնազանդություն։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով:
-
Սրբուհի Գալյանը կարծում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան՝ նշելով, թե չգիտի՝ ինչ չափանիշների մասին են լրագրողները խոսում, երբ քաղբանտարկյալների առկայության մասին հարց են տալիս։
«Միանշանակ խոսք չի գնում այն անձանց մասին, երբ անձինք իրոք կատարում են քրեորեն հետապնդելի արարքներ։ Ես միշտ նշում եմ, որ շատ հարմար է արդարացնել արարքը, որը պարունակում է Քրեական օրենսգրքի որոշ հոդվածների հատկանիշներ, այն փաստարկներով, որ անձը զբաղվում է քաղաքականությամբ, հետևաբար քաղբանտարկյալ է։ Մեր երկրում, ի ուրախություն մեզ, քաղբանտարկյալներ չկան և սա ասում եմ ձեր կողմից վկայակոչվող միջազգային չափանիշների վրա»,-ասաց նա։ Գալյանը նաև տեղեկացրել է, որ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ընտրություններում կայուն մեծամասնության հետ կապված որոշում է կայացրել։
«Ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից գտանք ճիշտ, որ հիմնական ընտրություններից հետո, եթե մեկ կուսակցություն քաղաքական մեծամասնություն չի ձևավորում, կամ չի ձևավորվում կոալիցիա, ոչ թե գնանք 2–րդ փուլ, այլ լինեն նոր ընտրություններ։ Այսինքն՝ նոր ընտրություններով նոր հնարավորություն ստեղծենք քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ, որ համախմբվելու ավելի մեծ հնարավորություն լինի»,– ասաց նա՝ հավելելով, որ առաջին ընտրություններում առավելագույն քվեներ ստացած կուսակցությունները որևէ ազդեցություն կամ առավելություն չեն ունենա մյուս ուժերի նկատմամբ, իսկ եթե ընտրությունների նոր ընտրությունների արդյունքներով էլ որևէ ուժ մեծամասնություն չստանա, ապա այդ դեպքում արդեն կկիրառվեն ներկայումս գործող կարգավորումները և խորհրդարանում մեծամասնություն կապահովվի։
-
Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանն առաջիկա վեց ամիսների ընթացքում վերաբացելու հարցը։ Այս մասին իր աղբյուրներին հղում անելով՝ գրում է Bloomberg-ը: Թերթը հավելում է, որ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարություններից առայժմ մեկնաբանություն չեն ստացել: Նախոր շաբաթ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդել էր, որ Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Գյումրիում: Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը: Թեպետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերին հայտարարել էր, որ Թուրքիայի հետ Հայաստանի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ առաջիկայում կարող ենք հայ-թուրքական սահմանի բացում ունենալ, սակայն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նոյեմբերին ասել էր, որ երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր, Թուրքիան պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։
«Եթե մենք այս պահին կարգավորենք հարաբերությունները, մենք կվերացնենք Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ամենամեծ պատճառը։ Հետևաբար, մենք կարող ենք բախվել տարածաշրջանում սառեցված հակամարտության հնարավորությանը։ Մենք դա չենք ուզում»,- նշել էր նա։
-
«ԱրՔա» համակարգն այսօր հերթական անգամ խափանվել էր։ Վճարային համակարգից տեղեկացրել են, որ այսօր ծանրաբեռնվածություն է նկատվել, որի հետևանքով համակարգում խափանումներ են եղել՝ վստահեցնելով, որ ժամը 13։25–ի դրությամբ խնդիրը կարգավորվել է։
«Խնդրի առաջացման, իսկ հետո նաև կարգավորման մասին մենք տեղեկացրել ենք բոլոր բանկերին»,– նշեց նա։
Չնայած ընկերությունից վստահեցրին, որ համակարգում այլևս խնդիրներ չկան, սակայն մի շարք բանկերի առցանց հավելվածներ այս պահին շարունակում են խափանումներով աշխատել կամ ընդհանրապես մուտք չանել։ «ԱրՔա» համակարգը նախորդ անգամ խափանվել էր օգոստոսի 25-ին, նախորդիվ նաև օգոստոսի 13-ին և 1-ին։ Ընկերությունը հայտնել էր, որ պատճառը տեխնիկական է, կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ կապ չունի։
-
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, իսկ բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները:Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ «Opel»-ը մեկնում էր՝ մասնակցելու հարսանեկան արարողության, «Opel»-ի վարորդը հարսանիքի քավորն է, իսկ վիրավորներից մեկը՝ քավորկինը: