«Լրատվամիջոցներից մարդիկ հաճախ խուսափում են, որովհետև առաջին հարվածով՝ մեծ գումարներ կորցնելուց հետո, ենթարկվում են նաև հալածանքի ու հասարակական քննադատության։ Սկսվում են հարցերը՝ «Ո՞ւր էր ձեր գլուխը, ինչո՞ւ եք խաբվել, ինչո՞ւ եք գումար փոխանցել հանցագործներին»։ Բայց պետք է հասկանալ, որ հանցագործների ճակատին գրված չէ, որ իրենք հանցագործ են։ Նմանատիպ դեպքերում ամբողջ փաստաթղթաբանությունը, որպես կանոն, ապահովագրված է լինում։ Մենք ունենք շահառուներ, ովքեր ծրագրավորողներ են, կան քաղաքացիներ, ովքեր աշխատում են բանկերում՝ փողերի լվացման բաժիններում։ Այսինքն՝ ծուղակում հայտնվելը միայն «անփույթ» կամ «միամիտ» մարդու խնդիր չէ։
Պետությունը պարտավոր է պաշտպանել քաղաքացիներին և վերականգնել նրանց ֆինանսական իրավունքները։ Պետությունն իրավասու չէ տույժ կրած քաղաքացիներին մեղադրանքներ ներկայացնել՝ իբրև թե միամտության կամ անփութության համար։ Միամտություն և անփութություն է այն, ինչ արել են համապատասխան մարմինները»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրային վերահսկողություն» հասարակական կազմակերպության նախագահ Մհեր Կարագյոզյանը։
Կարագյոզյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը մի ձնագունդ է, որը գնալով մեծանում է, իսկ մարդը ծուղակում հայտնվելուց հետո գումարները միանգամից չի փոխանցում․ «Մենք ունենք քաղաքացիներ, որոնք առաջին ներդրումը արել են ընդամենը 1400 դոլար, հետո նորից՝ 1000 դոլար։ Այնուհետև նրանց հետ կապ են հաստատում իբրև թե ինչ-որ միջազգային կամ իրավաբանական ծառայությունների ներկայացուցչներ՝ համոզելով, որ գտել են կորցրած գումարը, և այն պետք է վերադարձվի, եթե քաղաքացին վճարի որոշակի գումար։ Արդյունքում նրանք մի քանի հազար դոլար էլ են փոխանցում այսպես կոչված իրավաբաններին»։
ՀԿ նախագահը նաև նշում է, որ քաղաքացիներին շատ դեպքերում հուսալքում են հենց ՆԳՆ-ի մարզային համապատասխան կառույցներում, ինչպես նաև քննիչները․ «Քաղաքացիներ կան, որոնք սպառնալիքներ են ստանում, որ եթե տեղեկությունը փոխանցի իրավապահներին, կայնքին վտանգ կսպառնա։ Սա իրատեսական վտանգ է քաղաքացիների նկատմամբ։ Հիմա ինչ, քնենք ուղտի ականջո՞ւմ, թե՞ քնենք էշի ականջում»։