«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված դիտարկումները՝ ընդգծելով, որ իրենց առաքելությունն այս ընտրություններին եղել է ամենախոշորը։
Չալաբյանի խոսքով՝ համայնքում տեղի ունեցած ընտրություններին մասնակցել են անկախ դիտորդի կարգավիճակով՝ իրականացնելով ընտրական գործընթացների, քարոզարշավի, քվեարկության, ինչպես նաև ներկա փուլում իրականացվող վերահաշվարկի դիտարկումը․ «Ընտրադիտարկումը, ներառյալ քվեարկության վերահսկողությունը, իրականացվել է 14 օրում՝ ընդգրկելով 47 ընտրատեղամաս, որոնք ներառում են նախկին Վաղարշապատ և Խոլ համայնքները։ Մեր կողմից հավատարմագրված դիտորդների թիվը գործնականում հավասար է մնացած բոլոր դիտորդական առաքելությունների հավատարմագրված դիտորդների ընդհանուր թվին։ Սա այս ընտրություններին մասնակցած ամենախոշոր դիտորդական առաքելությունն է»։
Նա ընդգծեց, որ մինչ արձանագրված բազմաթիվ խախտումներին անդրադառնալը, անհրաժեշտ է ներկայացնել մի քանի կարևոր ընդհանուր դիտարկումներ․
«Վաղարշապատի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է մոտ 31 500 ընտրող։ Մասնակցությունը կազմել է մոտ 45 տոկոս, ինչը տեղական ինքնակառավարման ընտրությունների համար բավական բարձր ցուցանիշ է։ Ընտրական շեմը հաղթահարել են երեք ուժ՝ Քաղաքացիական պայմանագիրը (40.5%), «Հաղթանակ» դաշինքը (31.8%) և Մայր Հայաստան կուսակցությունը (5.4%)։ Տվյալները հրապարակվել են ԿԸՀ-ի կողմից»։
Չալաբյանը կարևորեց նաև, որ ընտրությունների պատկերը էականորեն տարբերվում է ըստ նախկին համայնքների․
«Եթե արդյունքները բաժանենք նախկին երկու համայնքների՝ Խոյի և Վաղարշապատի, կստացվեն միմյանցից էապես տարբեր երկու պատկերներ։ Խոյ համայնքում Քաղաքացիական պայմանագիրն ստացել է 59.2%։ «Հաղթանակ» դաշինքը՝ 21.2%, Մայր Հայաստանը՝ 10.5%։ Ընտրողների թիվը եղել է մոտ 12 հազար, իսկ մասնակցությունը՝ 53%․ սա զգալիորեն բարձր է ընդհանուր միջինից»։
Ինչ վերաբերում է նախկին Վաղարշապատ համայնքին, ապա այստեղ, նրա խոսքով, պատկերն ամբողջովին այլ է․
«Վաղարշապատում Քաղաքացիական պայմանագիրը ստացել է 47% ձայն, «Հաղթանակ» դաշինքը՝ 38.5%, Հանրապետությունը՝ 5.2%, Ազատ դեմոկրատները՝ 5%, Հայրենիքը՝ 4.8%։ Մայր Հայաստանը այս հատվածում չի հաղթահարել շեմը։ Ընտրողների թիվը կազմել է մոտ 15 500, մասնակցությունը՝ 42%, այսինքն՝ ավելի ցածր, քան Խոյում»։
Ավետիք Չալաբյանը նշել է, որ վիրավիճակն ընդհանուրում կանխորոշվել է հենց Խոյի բարձր մասնակցությամբ․
«Փաստացի նախկին Վաղարշապատում ընտրությունների պատկերը միանշանակորեն տարբերվում է նախկին Խոյի պատկերից, սակայն ընտրությունների համընդհանուր արդյունքը որոշվել է հենց Խոյի համայնքի ձայների բաշխմամբ և այնտեղ արձանագրված էապես բարձր մասնակցությամբ։ Այդ պատճառով երեք քաղաքական ուժ՝ Հանրապետությունը, Ազատ դեմոկրատները և Հայրենիքը, որոնք Վաղարշապատում հաղթահարել էին շեմը, չեն անցել ընդհանուր համայնքում։ Մինչդեռ, եթե ընտրությունները կայանային միայն Վաղարշապատում, այդ ուժերը ներկայացված կլինեին ապագա ավագանիում»։