Այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացել, որ Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել քրեական ոստիկանության վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Տեղում բժիշկները քրեական ոստիկանների հայտնել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծնողի ուղեկցությամբ, ում տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա Գյումրու շտապօգնության ավտոմեքենայով երեխային տեղափոխել են Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց։
Տեղում քրեական ոստիկանները պարզել են, որ երեխան Շիրակի մարզի բնակիչ 2-ամյա տղա է, ով Գյումրու իրենց շենքի 3-րդ հարկի բնակարանի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել։
Դեպքի մասին Շիրակի մարզի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխային Գյումրու շտապօգնության ավտոմեքենայով Երևանի «Մուրացան» հիվանդանոց տեղափոխվելուց հետո, շտապօգնությունը Գյումրի հետ վերադառնալիս Երևանում՝ Սեբաստիա փողոցում, վթարի էր ենթարկվել, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր երեխայի ծննդյան օրն է։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում