Ուկրաինական իշխանությունները մեղադրանք են ներկայացրել յոթ անձի՝ 100 միլիոն դոլարի չափով կաշառք վերցնելու համար։ Գործով անցնում են էներգետիկ ոլորտը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ուկրաինայի կառավարությունը պաշտոնանկ է արել Արդարադատության նախարար Գերման Գալուշչենկոյին։
Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինները պնդում են, որ Ուկրաինայի կառավարության նախկին և գործող մի քանի անդամներ, այդ թվում՝ գործարար Թիմուր Մինդիչը, որին անվանում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մտերիմ ընկերը, կապ ունեն ուկրաինական էներգետիկայում «ատկատների» մասշտաբային սխեմայի հետ։
Այս մասին
Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ, ով նշեց, որ սա այդքան էլ չի առնչվում կառավարությանը, խնդիրն ավելի շատ վերաբերում է միջին օղակի պաշտոնյաներին։
«Հավանաբար այս նորությունը չէր ունենա այսքան մեծ տարածում, եթե Ռուսաստանի կողմից չուռճացվեր և փորձ չարվեր ընդհուպ Զելենսկուն ներառել այդ բացահայտումների մեջ։
Զելենսկին կապ չունի սրա հետ, որովհետև ամերիկյան այն կազմակերպությունը, որը կոռուպցիոն սխեմաները բացահայտել և հայտնել է ներկայացրած զեկույցներով, ընդհանրապես Զելենսկու մասին հիշատակում անգամ չի արել»,- նշել է նա։
Հարցին, թե ինչու հենց այս աշխարհաքաղաքական իրավիճակում, փորձագետը պատասխանեց․ «Կարելի է ենթադրել, որ այստեղ որոշակի պահանջ կա Ուկրաինայից՝ բեռի ավելի մեծ հատված վերցնելու։ Ֆինանսական ծախսերի մասով պահանջներ կան Ուկրաինայից, և ակնհայտ է նաև, որ Արևմուտքում ոչ բոլորը են խանդավառված, որ իրենց միջոցները Ուկրաինան օգտագործում է։
Իհարկե, սա չի նշանակում, թե նրանք ցանկանում են Ուկրաինային օգնություն չտրամադրել, բայց մյուս կողմից դժգոհում են, որ Ուկրաինան, ըստ իրենց, բավարար ջանք չի ներդրում իրենց կողմից տրամադրված օգնությունը առավել արդյունավետ ծախսելու համար։ Հենց դրա համար էլ նման հետազոտություններ են անում, հրապարակումներ անում, որպեսզի Ուկրաինային մղեն մի փոքր ավելի շատ աշխատանք կատարել»։
Իսկ քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էլ նշեց, որ, այնուամենայնիվ, Ուկրաինայում կոռուպցիա կա․ «Ուկրաինայում միշտ էլ կոռուպցիա եղել է, և հատկապես մեծ կոռուպցիա է սկսվել պատերազմի ժամանակ։ Հիմնական կոռուպցիոն գործողությունները ամբողջ աշխարհում հենց պատերազմի ժամանակ են տեղի ունենում, հատկապես զենքի և բանակի մատակարարման գործում։
Այստեղ մեծ քանակությամբ ամերիկյան գումարներ կան, դրա համար դաշտային հետախուզական ծառայությունն է զբաղվում այս հարցով, որովհետև խոսքը վերաբերում է ամերիկյան միլիարդավոր դոլարների։ Եվ բոլորի համար ակնհայտ է, որ այս ամենը այսբերգի միայն մի փոքր մասն է, մնացածը դեռ ջրի տակ է»։
Հարցին՝ ինչու հենց հիմա, Դանիելյանը պատասխանեց․ «Ուկրաինական որոշ լրատվամիջոցներում տեսակետ կա, որ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Զելենսկուն Թրամփը խորհուրդ է տվել, որ հաջորդ ընտրություններին ինքը իր թեկնածությունը չդնի։ Զելենսկին պատասխանել է, թե դա ինքը չի որոշում, կուսակցությունն է որոշում և այլն։
Իսկ դրանից կարճ ժամանակ անց են սկսել այս գործընթացները՝ կոռուպցիոն բացահայտումները։ Հաջորդ ընտրություններին Զելենսկին իր թեկնածությունը չի դնի և կգնա որոշակի զիջումների ռուսական կողմին՝ տարածքային հարցում։
Դա Ամերիկայի Միացյալ Նահանգների տեսակետն է, ըստ որի այլ տարբերակ չկա․ պետք է որոշ տարածքային զիջումներ արվեն, որպեսզի պատերազմը կանգ առնի։ Կկատարվեն նաև ռուսական հիմնական պահանջները՝ օրինակ՝ ՆԱՏՕ-ին չանդամագրվելը»։
Մանրամասները՝ տեսանյութում: