copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 09:53 09-11-2025

Այսօր 44-օրյա պատերազմի ավարտի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 5-րդ տարելիցն է

Այսօր նոյեմբերի 9-ն է՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտի և այն ազդարարած եռակողմ հայտարարության 5-րդ տարելիցը:

Այս օրը հայոց օրացույցում սևով է նշված. այն հայոց պատմության ամենաամոթալի և աղետաբեր էջերից մեկն է:

5 տարի առաջ այս օրը ստորագրված Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրի արդյունքում Արցախի մեծ մասը մնաց թշնամուն, իսկ այսօր արդեն հայերի պատմական բնօրրան Արցախն ամբողջությամբ կորսված է ու հայաթափված:

Սակայն այսօր չկա այդ հայտարարության շահառուն՝ Արցախը․ 5 տարի անց 150,000 հայեր բռնի տեղահանվել են, այն Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Չկա Լաչինի միջանցքը, չկա նաև ՌԴ ԱԴԾ զորքերի տեղակայում Մեղրիում, որոնք, ըստ Բաքվի և Մոսկվայի տրամաբանության, պիտի ապահովեին Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի երթևեկի անվտանգությունը։

Ստորև ներկայացնում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության տեքստը, որն ընդունվել է նոյեմբերի 9-ին:

«1. 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ին հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանական Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

2. Աղդամի շրջանը վերադարձվում է ադրբեջանական կողմին մինչեւ 2020թ. նոյեմբերի 20-ը:

3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներ, 90 միավոր զրահամեքենաներով, 380 միավոր ավտո եւ հատուկ տեխնիկայով:

4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման տեղակայման ժամկետը 5 տարի է`հաջորդ 5-ամյա ժամանակահատվածների ավտոմատ երկարաձգմամբ, եթե Կողմերից ոչ մեկը չի հայտարարում սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ:

5. Հակամարտության կողմերի կողմից համաձայնությունների կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար տեղակայվում է խաղաղապահ կենտրոն:

6. Հայաստանը կվերադարձնի Ադրբեջանին Քելբաջարի շրջանը մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 1-ը Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ չի տարածվի Շուշի քաղաքի վրա, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարիներին որոշվելու է Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման պլանը, որը կապահովի կապը Ստեփանակերտի եւ Հայաստանի միջեւ՝ հետագայում այդ երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբի վերաբաշխմամբ:

Ադրբեջանի երաշխավորում է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների երթեւեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով:

7. Ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:

8. Իրականացվում է ռազմագերիների եւ այլ պահվող անձանց եւ զոհվածների մարմինների փոխանակում:

9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային երթեւեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցում»:

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել էր հետեւյալ գրառումը.

«Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել:

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար:

Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով:

Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի եւ սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ:

Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար:

Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը:

Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եվ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է:
Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը»: