«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի թեմի հոգեւորականներին եւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող անձնական իրերը վերադարձնելու միջնորդությունը ՀՀ քննչական կոմիտեն հետաձգել է։ Ասել է թե՝ հրաժարվել է հոգեւորականների հեռախոսները, երեխաներին պատկանող պլանշետները եւ այլ իրերը վերադարձնել, քանի որ, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, այս պահին իրավապահ համակարգում ակտիվ զննության են ենթարկվում հոգեւորականների հեռախոսները։
Հիշեցնենք, որ անցած ամիս՝ հոկտեմբերի 15-ին, իրավապահները լայնածավալ խուզարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգեւորականների եւ Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքացիական աշխատակիցների տներում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի կողմից շահերի բախման առերեւույթ դեպքի վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշում է ընդունել։
Բանն այն է, որ «Հետքը»-ը պարզել էր, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի առաջարկով, ավագանին համաձայնություն է տվել համայնքային գույքը 4 տարի ժամկետով վարձակալության տալ Աղաբաբյանի օգնականի ընկերությանը: Արսեն Աղաբաբյանը պայմանագիր է կնքել օգնականի ընկերության հետ: Հետաքրքիրն այն է, որ համայնքի ղեկավարի զավակները հաշվառված են նույն հասցեում, ինչ օգնականը: Երբ ընկերության տնօրեն է դարձել համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի որդին, վարձակալության 4 տարի ժամկետը դարձել է 25 տարի:
Հրապարակ» թերթը գրում է․ «Գլխավոր դատախազությունը 2 ամսում 3 քաղաքացիական հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի՝ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի դեմ: Վերջին հայցը ներկայացվել է հոկտեմբերի 22-ին՝ հողամասերի աճուրդներն ու վարձակալության մրցույթներն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջով, դրանից առաջ էլ երկու քաղհայց էր ներկայացվել` օգոստոսի վերջին:
Երկու հայցն էլ՝ կրկին աճուրդն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջով։ Հայցերը դատավորներ Ռուդոլֆ Ավագյանի, Նարինե Ավագյանի եւ Կարապետ Բադալյանի վարույթներում են, դատաքննությունը դեռ չի սկսվել։ Հայաստանում, որպես կանոն, ՔՊ-ականների ներկայացրած հայցերն արագությամբ քննվում են, իսկ նրանց դեմ ներկայացված հայցերը` տարիներով ձգձգվում»:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեզ պատմեցին, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի Հայթաղ գյուղի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Ասատրյանին օրերս հեռացրել են աշխատանքից: Մեր աղբյուրը պատմեց, որ դպրոցի տնօրենի հարեւաններից մեկն է նրան «մատնել»:
Նրան տեսել է ընդդիմության քարոզարշավին մասնակցելիս, նկարել է, նկարներն ուղարկել մարզպետարան, որից հետո «ժողովրդավար» մարզպետ Վահրամ Խաչատրյանն էլ Ասատրյանին անմիջապես ազատել է աշխատանքից եւ նրա փոխարեն տնօրենի ԺՊ նշանակել Էջմիածնից ինչ-որ մի կնոջ, որին դպրոցի կոլեկտիվը չի ճանաչում:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Շուրջ կես տարի է՝ Գյումրու ՔՊ տարածքային կառույցը լուծարվել է, եւ նորը չի ձեւավորվում։ ՔՊ տարածքային կառույցի նախկին ղեկավար Կարեն Սարուխանյանը երեկ մեզ ասաց, որ տեղական կառույցի լուծարման դիմումն ինքն անձամբ է ներկայացրել ՔՊ վարչություն՝ այս տարվա մայիսին: Սակայն պատճառների մասին չմանրամասնեց։
Կան տեղեկություններ, որ իրականում Սարուխանյանն այնքան էլ սեփական կամքով չի լուծարման դիմում ներկայացրել` նրան դա պարտադրել են անել Գյումրու ՏԻՄ ընտրություններից, ՔՊ-ի պարտությունից եւ Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ դառնալուց հետո։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Վարչապետի աշխատակազմում անհանգիստ են։ Մեր աղբյուրները հայտնում են, որ աշխատակազմի ղեկավար կազմը բավական լարված վիճակում է: Պատճառը Սամվել Կարապետյանի եղբորորդու` «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի օրերս կայացած հարցազրույցն է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ։
Ոմանք շատ անհանգիստ են, որ այս թեման կարող է դառնալ որոշակի բացահայտումների առիթ և Նիկոլ Փաշինյանի համար էլ կարող են որոշ անակնկալներ բացահայտվել: Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների և Կարլսոնի մակարդակի լրագրողների աշխատանքի սկզբունքներին ծանոթ մարդիկ շատ լավ գիտեն, որ ԱՄՆ լրագրողական համայնքի Բարձրագույն լիգայում հարցազրույցները փողով չեն կազմակերպվում: Նման բան մտածելն անգամ տգիտության նշան է: Կարող են դեր խաղալ կապերն ու միջնորդությունները, բայց ոչ փողը: Բայց Վարչապետի աշխատակազմում անհանգիստ են, որ սրանով ինչ որ մութ սխեմաներ են ջրի երես դուրս գալիս, որոնցով տարիներ շարունակ օտարերկյա ԶԼՄ-ների հետ հարցազրույցների կազմակերպումն իրականացվել է բավական կլորիկ գումարներ աշխատակազմի և ՊՈԱԿ-ի բյուջեներից դուրս գրելով:
Հիմա մեծ ռիսկ կա, որ այս «շուստրիությունները» կարող են բացահայտվել: