Ներքին 6 ամիս առաջ - 23:49 06-11-2025

Սահմանադրության նոր տեքստի մշակման փուլում ենք գտնվում. Սրբուհի Գալյան

Սահմանադրության նոր տեքստի մշակման փուլում ենք գտնվում, փոփոխությունները կապված են իշխանությունների թևերի ապակենտրոնացման, զսպման և հավասարակշռման սկզբունքների հետ։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Ըստ Գալյանի՝ նոր Սահմանադրություն կամ փոփոխված Սահմանադրություն ունենալու պահանջը ձևավորվել է հեղափոխությունից անմիջապես հետո։ Սա մի փաստարկ է, որը ի չիք է դարձնում այն նկատառումները, որ մենք ցանկանում ենք կատարել ինչ-որ երրորդ երկրի պահանջ։

«Շատ շուտով մենք պետք է սկսենք հանրային իրազեկման արշավները, կներկայացնենք բոլոր կարգավորումները, որ պետք է լինի նոր Սահմանադրության մեջ, որից հետո ժողովուրդը պետք է կատարի իր ընտրությունը՝ ունենա՞լ նոր Սահմանադրություն, թե չունենալ»,- ասել է նա։

Հարցին, որ Ալիևը ասում է՝ Սահմանադրության մեջ դրույթներ կան, որոնք պարունակում են Ադրբեջանից տարածքային պահանջներ, այդ դրույթները ներառվելո՞ւ են նոր սահմանադրության մեջ, Գալյանն ասաց․ «Ներածության մասով դեռ որոշում չունենք, հարցը խորհրդի կողմից չի քննարկվել, բայց ցանկացած փոփոխություն, որը կլինի, պետք չէ կապել որևէ պահանջի հետ։ Մյուս կողմը մեր նախաբանում եղած հասկացությունները դիտարկում է միջազգային խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր խոչընդոտների համատեքստում, իսկ մենք այդ մասով ասել ենք, որ որևէ խոչընդոտ չկա, խաղաղությանը միտված մենք արել ենք ամեն ինչ և անում ենք ամեն ինչ»։