Ներքին 8 ամիս առաջ - 18:53 06-11-2025

Ժաննա Անդրեասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան–ԵԽ համագործակցության ընթացիկ հարցերն ու կրթության, գիտության, մշակույթի և մարդու իրավունքների ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղիները:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն մասնակցել Հայաստան–ԵԽ նոր գործողությունների ծրագրի մշակմանն ու իրականացմանը՝ հատկապես կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։ Նա շեշտել է, որ այս համագործակցությունը կնպաստի եվրոպական արժեքների ամրապնդմանը և ժողովրդավարության զարգացմանը։

Ժաննա Անդրեասյանը հատուկ կարևորել է կրթության դերակատարությունը ժողովրդավարական մշակույթի ձևավորման գործում՝ ընդգծելով քաղաքացիական և մարդու իրավունքների կրթության ամրապնդման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարարն առաջարկել է ընդլայնել ԵԽ-ի հետ համագործակցությունը՝ զարգացնելով մեդիագրագիտության, հանդուրժողականության և ժողովրդավարական մշակույթի ուսուցմանն ուղղված համատեղ ծրագրերը Հայաստանում։

Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցող կրթական բարեփոխումները՝ նախարարը տեղեկացրել է, որ ոլորտում իրականացվում են լայնածավալ և համակարգային փոփոխություններ․ մշակվել և ներդրվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որը համահունչ է եվրոպական կրթական արժեքներին ու մոտեցումներին։ Նա ներկայացրել է նաև բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ընթացող բարեփոխումները, անդրադարձել նոր օրենքի ընդունման գործընթացին և ներկայացրել «Ակադեմիական քաղաք» ռազմավարական նախաձեռնությունը։

Անդրադառնալով մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է առավել ակտիվ մասնակցել Եվրոպայի խորհրդի “Cultural Routes” և “Heritage Education” ծրագրերին՝ կարևորելով մշակութային ժառանգության պահպանությունը և դրա միջոցով խաղաղության ու երկխոսության խթանումը։ Նա նաև տեղեկացրել է, որ Կառավարությունը նպատակ ունի զարգացնել մշակութային և ստեղծարար արդյունաբերությունները՝ դիտարկելով մշակութային ժառանգությունը՝ որպես սոցիալ-տնտեսական զարգացման շարժիչ ուժ։

Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ 2025 թվականի նոյեմբերի 26–28-ը Երևանում տեղի կունենա միջազգային «Մշակութային խաչմերուկ. Երևան» համաժողովը, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արտահայտությունների բազմազանության պաշտպանության և խթանման մասին կոնվենցիայի 20-ամյակին։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ԵԽ գլխավոր քարտուղարի նախաձեռնությունը՝ Նոր ժողովրդավարական պակտը։ Նա ընդգծել է՝ նախաձեռնությունն ավելի քան ժամանակին և կարևոր է, և Հայաստանի կառավարությունը լիովին աջակցում է դրան։

Կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը և կրթական անվտանգ միջավայրի ապահովմանը, երիտասարդության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր՝ կարևորելով բռնության և խտրականության կանխարգելման մեխանիզմների կատարելագործումը։

Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին՝ Հայաստանի հանդեպ ցուցաբերած ուշադրության և համագործակցության պատրաստակամության համար։ Նա վստահություն է հայտնել, որ այս հանդիպումը նոր էջ կբացի Հայաստան–ԵԽ գործնական համագործակցության պատմության մեջ՝ ի նպաստ Հայաստանի համայնքների, ուսումնական հաստատությունների, մշակութային կառույցների և քաղաքացիների բարօրության։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան