Ներքին 11 ամիս առաջ - 10:45 01-11-2025

Կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողության խնդիրներ՝ Վաղարշապատի ընտրություններում․ «Ականատես» դիտորդական առաքելություն

ՀՀ ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն՝ ընտրություններին մասնակցող ուժերի գրանցման ժամկետի ավարտից հետո մինչև քվեարկությանը հաջորդող երրորդ օրը` 3 աշխատանքային օրը մեկ, բանկերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ) տվյալներ են ներկայացնում ընտրություններին մասնակցող կուսակցությունների հաշիվների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ: ԿԿՀ-ն ամփոփում է այդ տվյալները, կազմում տեղեկանք և հրապարակում իր կայքում։ Զուգահեռաբար, ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը ամփոփում է մասնակից կուսակցությունների և դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք, որը տեղադրվում է ԿԸՀ համացանցային կայքում։

Այս երկու տեղեկանքների համադրության արդյունքում տեսնում ենք անհամապատասխանություններ՝ կուսակցության հաշվից բանկային հաշվեհամարի ելքերի և հիմնադրամ կատարված մուտքերի միջև։ Այս մասին ասված է «Ականատես» դիտորդական առաքելության հաղորդագրության մեջ։

«Մինչդեռ նման անհամապատասխանություններ չպետք է լինեն, քանի որ Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն՝ նախընտրական հիմնադրամներին փոխանցումներ կարող են կատարվել միմիայն կուսակցության բանկային հաշվեհամարներից։ Այսպես՝
Հոկտեմբերի 27-ի դրությամբ, ըստ ԿԿՀ տեղեկանքի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաշվեհամարից 10 մլն դրամ ելք է եղել դեպի նախընտրական հիմնադրամի հաշվեհամար, մինչդեռ հիմնադրամի վերաբերյալ ԿԸՀ տեղեկանքում որևէ մուտք կամ ծախս նշված չէ: Այս դեպքը առավել մտահոգիչ է, քանզի հոկտեմբերի 22-ից մեկնարկած քարոզարշավի ընթացքում արձանագրել ենք բազում քարոզչական միջոցառումներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, իսկ Ընտրական օրենսգիրքը պարտավորեցնում է քարոզչական բնույթի ծախսերն իրականացնել միմիայն նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին։

Հոկտեմբերի 22-ի դրությամբ «Հանրապետություն» կուսակցության բանկային հաշվեհամարի մասին ԿԿՀ տեղեկանքում նշված է 0 դրամի մուտք, 67,705 դրամի ելք և մոտ 4 մլն դրամի մնացորդ։ Մինչդեռ ԿԸՀ ՎՎԾ տեղեկանքում նշված է 1 մլն դրամի մուտք նախընտրական հիմնադրամում։ ԿԿՀ տեղեկանքը հետագայում թարմացվել է և կուսակցության հաշվեհամարից 1 մլն դրամի ելքը լրացվել։

Հոկտեմբերի 27-ի դրությամբ «Հայրենիք» կուսակցության բանկային հաշվեհամարի մասին ԿԿՀ տեղեկանքում կուսակցության հաշվեհամարից ելքեր չեն գրանցվել, մինչդեռ ԿԸՀ ՎՎԾ տեղեկանքներում նշված է 1 մլն դրամի մուտք նախընտրական հիմնադրամում։

Հոկտեմբերի 22-ի և 27-ի դրությամբ «Ժառանգություն» կուսակցության բանկային հաշվեհամարի մասին տեղեկանքներում բացակայում են կուսակցության ֆինանսական հոսքերի մասին տվյալները, մինչդեռ ԿԸՀ ՎՎԾ տեղեկանքում առկա են մուտքեր նախընտրական հիմնադրամում։
Հոկտեմբերի 27-ի դրությամբ «Հաղթանակ» դաշինքի նախընտրական հիմնադրամ, ըստ ԿԸՀ ՎՎԾ տեղեկանքի, մուտք է եղել 16,320,000 դրամ։ Դաշինքը կազմված է ՀՅԴ և «Առաջ» կուսակցություններից, հետևաբար միայն այդ կուսակցությունների հաշիվներից կարող են մուծումներ կատարվել դաշինքի նախընտրական հիմնադրամին։ Սակայն ԿԿՀ հոկտեմբերի 22-ի և 27-ի տեղեկանքներում գումարային ՀՅԴ և «Առաջ» կուսակցություններից ելք է եղել ընդամենը 13 մլն դրամ։

Տեղեկանքների համադրելիության խնդիրներ

ԿԿՀ-ն տեղեկանքները ներկայացնում է առանձին եռօրյա հատվածների տրամաբանությամբ։ Այս տեղեկանքները հրապարակումից հետո ենթարկվում են ընթացիկ խմբագրումների՝ այդ մասին կատարելով ընդհանուր բնույթի նշում։ Հարկ է նշել նաև, որ առկա է ԿԿՀ կողմից հրապարակվող տեղեկանքների գրաֆիկի շեղում՝ առնվազն մեկ տեղեկանքի ուշացմամբ։
ԿԸՀ ՎՎԾ-ն ներկայացնում է 1 տեղեկանք, որում 3 օրը մեկ տվյալները նորացվում են (նախորդ տվյալները չեն պահպանվում), ինչը դժվար է դարձնում այս տեղեկանքների ժամանակային համեմատությունը։

Այս երկու ձևավաչափերը էականորեն բարդացնում են ԶԼՄ-ների, դիտորդական առաքելությունների վերահսկողական գործառույթները՝ տվյալների համապատասխությունն ու արժանահավատությունը ստուգելու իմաստով։ Քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունն ապահովելու պարտավորություն ունեցող այս երկու կառույցների չհամակարգված աշխատանքը անհնար է դարձնում ընտրություններում օգտաագործվող ֆինանսական հոսքերի արդյունավետ վերահսկողությունը։

Ակնկալում ենք երկու կառույցներից տվյալների ճշգրտում և պարզաբանում, ինչպես նաև պատշաճ փոխգործակցություն երկու մարմինների միջև՝ հետագա անճշտություններից խուսափելու և թափանցիկության պահանջը լիարժեք կատարելու նպատակով»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան