ԱԺ-֊ն քննարկել է 2026 թվականի բյուջեի նախագիծը: «Առաջին անգամն է, երբ մենք Բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում: Արդեն 1 տարի 8 ամիս ՀՀ-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նաև հիշեցրել է, որ հենց այսօրվանից Հայաստանը պատրաստ է ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով: Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն իսկ հաստատված է։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ խաղաղությունն արդեն հաստատվա՞ծ է»։
Հարցվածների մեծ մասը բացասական պատասխան տվեց, որոշներ էլ ասացին, որ դեռ պարզ չէ խաղաղությունը հաստատված է, թե ոչ։
«Դեռ ոչ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ խաղաղությունը միայն Նիկոլ Փաշինյանի համար է հաստատված։ «Ի՞նչ խաղաղություն, խաղաղություն մենակ էդ հիմարի կողմից է հաստատված, մեզ համար չկա խաղաղություն»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ հայտնի չէ խաղաղություն կա, թե ոչ։ «Հայտնի չի, ամեն մեկը մի բան ա խոսում, հիմնական գլուխ չկա, որ հավատաս էդ մարդուն։ Փաշինյանին ինչ կա, իրա աթոռին նստած, մարդիկ կոտորվում են շատ պետքը չի»,- ասաց նա։
«Ոչ, չի հաստատվել։ Ես Փաշինյանի խոսքերին չեմ հավատում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․