copy image url
Ներքին Խոսք 3 շաբաթ առաջ - 20:05 27-10-2025

Քահանան կարգալույծ էր, սարկավագը՝ «քֆուրչի», երգչախումբը՝ աշխարհիկ․ դա պատարագ չէր, այլ աղանդ ու քարոզարշավ

Կարգալույծ քահանայի մատուցած «պատարագը» Հովհաննավանքում վերածվեց նախընտրական քարոզարշավի։

Այս մասին Oragir.News-հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ նշելով, որ այդ ամենը անթույլատրելի է։

«Ակնհայտ է, որ այդ օրը պատարագին մարդիկ բերված էին, և հատուկ վարչական ռեսուրսներ էին օգտագործվել մարդկանց այնտեղ հավաքելու համար։ Բնական է, որ նրանց մեծ մասը կամ գրեթե մեծ մասը, հավանաբար, առաջին անգամ էր մասնակցում պատարագի, որովհետև եկեղեցում հնչած ծափահարությունները, «Նիկոլ վարչապետ» վանկարկումները, անձի փառաբանությունը և նրանց պահվածքը պատարագի ընթացքում դրա լավագույն վկայություններն են»։

Քահանան վստահ է, որ այդ ամենը ցույց է տալիս, որ մարդիկ այնտեղ եկել էին պարզապես քանակ ապահովելու նպատակով, և ոչ թե պատարագին մասնակցելու։

«Ասեմ ավելին՝ այնտեղ իրական պատարագ չէր, այլ ինչ-որ միջոցառում կամ նախընտրական քարոզչության, ինչի մեջ նախկինում մեղադրում էին եկեղեցուն։ Բայց այսօր հենց այդ եկեղեցին իրենք վերածեցին իրենց նախընտրական քարոզարշավի մեկնակետի, ինչը խիստ դատապարտելի է․ եկեղեցու խորանից նման խոսք, քարոզ կամ անձի գովերգում անելը բացարձակ անընդունելի է»։

Խորանում Ստեփան Ասատրյանի կողքին էր նաև Ռոբերտ սարկավագ Աղազարյանը, ում ֆեյսբուքյան էջը կասկած առաջացրեց, արդյո՞ք նա սարկավագ է և առհասարակ կապ ունի եկեղեցու հետ, քանի որ ամբողջ էջը հայհոյախառը մեկնաբանություններ էին, քարոզարշավ, բռնության կոչեր և ատելության խոսք, որոնք ներկայացնում ենք ստորև։


Ռոբերտ սարկավագ Աղազարյանի մասին Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց․
«Նա ճեմարանական կրթությունը կիսատ է թողել, Մայր Աթոռի միաբան երբեք չի եղել։ Ըստ կանոնի՝ կարող է լինել սարկավագ, բայց իր վարքագիծն ու կերպարը չեն համապատասխանում եկեղեցական կոչմանը»։

Տեր Եսայիի խոսքով՝ խորանում գտնվողների մեծ մասը չուներ այնտեղ լինելու իրավունք․ ըստ քահանայի՝ Մայր Աթոռի ներկայացուցիչները՝ Տեր Մանուկը, Տեր Սարգիսը և մյուսները, փորձել են մոտենալ եկեղեցուն, սակայն նրանց թույլ չեն տվել․

«Իրավապահները և որոշ քաղաքացիներ թույլ չտվեցին, որ օրինական քահանաները մուտք գործեն եկեղեցի։ Հովհաննավանքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սեփականությունն է, սակայն մեր քահանաները իրավունք չունեցան ներս մտնելու»։

Տեր Եսային հաստատեց նաև, որ երգչախումբը նույնպես բերված էր դրսից և որևէ կապ չուներ եկեղեցու հետ։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենի խոսքով՝ կատարվածը խիստ դատապարտելի է և վկայում է եկեղեցու քաղաքականացման վտանգավոր միտումների մասին․
«Երբ խորանից հնչում է ոչ թե Սուրբ Ավետարանը, այլ որևէ անձի փառաբանություն, դա աղանդ է։ Այդ օրը եկեղեցին դարձրել էին նախընտրական քարոզչության հարթակ»։