Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 19:30 25-10-2025

Հանցակազմ և վտանգավոր մեսիջ. իրավաբանները՝ այսօրվա սկանդալային տեսանյութի մասին

Երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկում տարածվել է ինտիմ բնույթի մի քանի տեսանյութ։ Տարածողները ներկայացնում են, թե դրանցում երևում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Տեսանյութերում երևում է որ այն նկարահանվել է տանը տեղադրված գաղտնի տեսախցիկներով, որոնցից երկուսը՝ հյուրասենյակում, իսկ մեկը՝ լոգարանում։

Տեսանյութերի նկարահանման և տարածման իրավական գնահատականի վերաբերյալ Oragir.News-ը զրուցեց իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանի և փաստաբան, ՆԺԱՐ սահմանադրական շարժման վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցի հետ։

«Նման նյութի տարածումը, նախ և առաջ, խախտում է անձի անձնական կյանքի իրավունքը, և քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ կլինի պատասխանել մի քանի հարցերի։ Առաջինը՝ արդյոք այդ տեսանյութը մոնտաժված, փոփոխված կամ որևէ միջամտության ենթարկված չէ, այսինքն՝ որքանով է այն համապատասխանում իրականությանը։ Եթե պարզվի, որ այն իսկապես համապատասխանում է իրականությանը, ապա հաջորդ քայլը պետք է լինի պարզել, թե ով է տարածել այդ տեսանյութը և ինչ նպատակ է հետապնդել դրա տարածմամբ»,- ասաց Դավիթ Թումասյանը։

Իրավաբանը պարզաբանեց, որ եթե պարզվի, որ մարդու անձնական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը առանց նրա համաձայնության է օգտագործվել, իրացվել կամ հաղորդվել, կամ այդ տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգի խախտմամբ է ձեռք բերվել կամ պահվել, ապա դա արդեն համարվում է հանցագործություն։ Եթե այդ գործողությունները կատարվել են տեղեկատվության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոցների կիրառմամբ, օրինակ՝ առանց օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու գաղտնի տեսախցիկ կամ լսող սարք տեղադրելով, ապա առավելագույն պատիժը, որը նախատեսվում է նման արարքի համար, երեք տարվա ազատազրկումն է։ Իսկ եթե նման ծանրացնող հանգամանք գոյություն չունի, ապա տարբեր տեղեկատվական կամ հաղորդակցման տեխնոլոգիաների միջոցով տարածման դեպքում պատիժը կարող է լինել մինչև երկու տարվա ազատազրկում։

«Ինչ նպատակով կարող էր օգտագործվել այս տեսանյութը և ինչ ազդեցություն կարող էր ունենալ, դրա մասին արդեն վկայում է հանրային արձագանքը՝ մեղադրանքները, վիրավորանքները և պառակտումը մարդկանց միջև․ մի մասը պաշտպանում է, մյուս մասը՝ հերքում։ Տեսանյութը ուղեկցվում է տարբեր մեկնաբանություններով, որոնցում նշվում է, թե դա իրական անձանց միջև տեղի ունեցած գործողություն է։ Այդ գործողությունը՝ թե՛ մարդաբանական, թե՛ կրոնական և թե՛ բարոյական տեսանկյունից, արժանի է բացասական գնահատականի։

Այդ գնահատականը, սակայն, պետք է տրվեր պատկան մարմինների կողմից՝ առանց նյութը հանրայնացնելու։ Եթե իսկապես եղել են հիմքեր տվյալ անձի վարքագծին արձագանքելու համար, ապա դա պետք է արվեր իրավական ճանապարհով՝ կանխելով նման վարքագծի շարունակությունը, բայց ոչ թե հրապարակայնացնելով մարդու անձնական կյանքի դրվագները։ Նման ձևով՝ տեսանյութ տարածելով կամ անձնական կադրերը հանրայնացնելով, որևէ կերպ իրավաչափ չի կարող դիտվել»,- ասաց Դավիթ Թումասյանը։

Նինա Կարապետյանցը դատապարտեց տեսանյութերի նկարահանումն ու տարածումը, դրանք որակելով որպես հանցագործություն և քաղաքական մեսիջ։

«Նախ՝ միայն այս տեսանյութի տարածման մասին չէ խոսքը։ Առաջինը կամ ամենաաղմկոտը Հովիկ Աղազարյանին վերաբերող նյութերն էին։ Հրապարակվեց անձնական կյանքի վերաբերյալ տեղեկատվություն, և դա բառացիորեն հանցագործություն էր։ Եվ, ինչպես տեսաք, որևէ մեկը դրան չարձագանքեց․ այսինքն՝ իրավական գնահատական չունեցանք։ Եվ ոչ ոք չդատապարտվեց դրա համար։ Եվ այո, ես էն ժամանակ էլ էի ասում, որ սա շարունակություն է ունենալու, որովհետև մենք չենք կարող միայն իրավական կողմը վերցնել։ Բարոյական կողմը նույնքան կարևոր է։ Սա, իհարկե, պիտի անհանգստացնի բոլոր էն մարդկանց, ովքեր փորձելու են հասարակական կամ քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվել։ Սա մեսիջ է հերթով բոլորին՝ այսպես ասած, մի կրակոցով երեք մեսիջ են ուղարկում․ մեկը՝ կոնկրետ անձի, երկրորդը՝ եկեղեցու, երրորդը՝ հասարակության յուրաքանչյուր ներկայացուցչի, ով կհամարձակվի ակտիվություն դրսևորել կամ քննադատել իշխանություններին», ասաց իրավապաշտպանը։

Նրա գնահատմամբ՝ սա անբարոյական և հակաիրավական գործողություն է, որովհետև անգամ եթե ենթադրենք, որ սա որևէ քրեական գործի շրջանակներում դատարանը թույլ էր տվել դիտում իրականացնել, ինքնին արտահոսքը և անձնական կյանքի վերաբերվող տվյալների հրապարակումը հանցագործություն են՝ և՛ արտահոսքը, և՛ հրապարակումը։

«Էս դեպքում այս ամենից առաջ Փաշինյանն ինքն անձամբ էր այս մասին տեղեկացրել, դրան հաջորդեց տեսանյութի հրապարակումը։ Ես միանշանակ ուղիղ կապ եմ տեսնում։ Շատ հավանական է, որ նա վաղուց ուներ այդ տեսանյութը, որովհետև վստահ և ինքնավստահ էր խոսում այդ մասին։ Բայց շատ կարևոր է հասկանալ, թե դա որտեղի՞ց է ծագում՝ Հայաստանի ներսի՞ց, թե՞ դրսից։ Եթե Հայաստանի ներսում հնարավոր է նման գործողություններ իրականացնել, ապա դա նշանակում է՝ պետությունը չի պաշտպանում իր քաղաքացիներին»,- ասաց մեր զրուցակիցը։

Իրավապաշտպանը հիշեցրեց, որ ՀՀ քաղաքացին պետք է հասկանա՝ իր պաշտպանվածության միակ տարբերակը անկախ արդարադատության համակարգն է։

«Ամենակարևորն այժմ հանրային հստակ դիրքորոշումն է՝ պետք է դատապարտել և ամենասուր քննադատությամբ հանդես գալ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կհամարձակվեն այս հակասահմանադրական ու հակաբարոյական գործողությունը արդարացնել։ Սա վերաբերում է ոչ միայն իշխանություններին, այլև նրանց, ովքեր ներկայանում են որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ կամ փորձագետներ։ Լռել այս իրավիճակում նույնչափ հանցավոր է, որքան նման նյութեր հրապարակելը կամ դրանց օգտագործելը»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ տելեգրամյան ալիքներում տարածվող տեսանյութերին ի պատասխան Արշակ Սրբազանը գրառում է կատարել։ «Շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարհանքն ու քմծիծաղը»,- գրել է Սրբազանը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ