Եկամուտների հայտարարագրման համակարգը կպարզեցվի՝ հաշվի առնելով փաստացի ուժի մեջ մտած ժամանակահատվածը և այդ ժամանակահատվածում ի հայտ եկած խնդիրներն ու վիճակագրությունը: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 24-ին մեկնարկած արտահերթ նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան նախագիծը:
Թունյանը նախ հիշեցրեց՝ 2023 թվականին էր ընդունվել օրենք, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացիները, ֆիզիկական անձինք պետք է լրացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. դա ներդրվել էր փուլային եղանակով, 2024 թվականին լրացրել են շատ՝ մոտավորապես 20 հազար քաղաքացի, այս տարի արդեն նախորդ տարվա համար հայտարարագիր լրացնում է 1 մլն անձ, հիմնականում վարձու աշխատողները, իսկ հաջորդ տարի նախատեսվում է, որ պետք է հայտարարագիր լրացնեն ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ հանդիսացող բոլոր ֆիզիկական անձինք:
Թունյանը տեղեկացրեց՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ շուրջ 140 հազար քաղաքացիներ հայտարարագիր են լրացրել, մեծ մասը լրացրել է առանց որևէ բան փոխելու: Այսինքն՝ երբ ՊԵԿ-ը լրացնում է քաղաքացիների հայտարարագրերն ինքնաշխատ եղանակով, քաղաքացիների մեծ մասը այդտեղ որևէ փոփոխություն չի կատարել, հաստատում է այն տարբերակով, ինչ տարբերակով լրացված է եղել: Մի ստվար խումբ կա քաղաքացիների՝ մոտ 20 տոկոսը, այդտեղ ավելացրել է ընդամենը 1-2 կոմպոնենտ, որոնք վերաբերել են ստացված վարկերին և փոխառություններին և ավանդներից ստացած եկամուտներին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիների համար կարելի է ավելի հեշտ ու սահուն կազմակերպել այս պրոցեսը, կատարվել են հետևյալ փոփոխությունները.
«ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք հայտարարատու են ըստ օրենքի, կարող են մինչև վերջնաժամկետը չմտնել և չլրացնել իրենց հայտարարագրերը, և իրենց հայտարարագրերը կհամարվեն լրացված և հանձնված այն ինֆորմացիայի հիման վրա, որը ՊԵԿ-ին տեսանելի է: Այսինքն՝ եթե քաղաքացին վստահ է, որ իր ստացած եկամուտները հենց այնքան են, ինչքան ՊԵԿ-ը լրացրել է, ենթադրենք՝ աշխատավարձը, ինքը կարող է ոչինչ չանել, և ըստ այդմ՝ ՊԵԿ-ի տվյալների հիման վրա լրացված հայտարարագիրը կհամարվի լրացված և հանձնված: Ստացվում է, որ այլևս ՀՀ-ում չեն լինի քաղաքացիներ, որոնք եկամուտների հայտարարագիր լրացրած և հանձնած չեն լինի, ըստ այդմ՝ վերացնում ենք նաև պատասխանատվությունը հայտարարագիր չլրացնելու համար:
Երկրորդ կարևոր փոփոխությունը, որն անում ենք սոցիալական կրեդիտների համակարգում, այսինքն՝ այն հնարավորությունը, որ մարդիկ կարող էին իրենց վճարած եկամուտների եկամտահարկի հաշվին փոխհատուցում ստանալ կրթության և առողջապահության գծով կատարած ծախսերի ուղղությամբ, այդ հնարավորությունը կտրվի այն անձանց, որոնք գոնե մուտք կգործեն և թեկուզ առանց փոփոխության՝ հայտարարագիրը կհանձնեն կամ կհաստատեն: Իմաստը հետևյալն է, որ եթե քաղաքացին որևէ բան է ուզում ստանալ պետությունից, ապա իր հերթին պետք է կատարի որոշակի փոփոխություններ:
Երրորդ փոփոխությունը, որ անում ենք, քանի որ հիմնական շեշտը դրվում է նրա վրա, որ ինքնաշխատ տարբերակով ՊԵԿ-ն ավելի լայն հասանելիություն ունենա ինֆորմացիային և ավելի ամբողջական լրացնի հայտարարագրերը, մենք ՊԵԿ-ին որոշակի հասանելիություն ենք տալիս տարբեր տվյալների՝ բացառությամբ բանկային գաղտնիքի, բայց փոխարենը սահմանում ենք մեկ դրույթ, որ, օրինակ, եթե քաղաքացին մուտք է գործում եկամուտների հայտարարագրման համակարգի համապատասխան հարթակ, որպեսզի ձեռքով չլրացնի, թե ավանդից ինչքան տոկոս է ստացել, կլինի համապատասխան դաշտ, որով մարդն իր համաձայնությունը կտա ՊԵԿ-ին, և ՊԵԿ-ը քաղաքացու փոխարեն կստանա ավանդներից ստացված եկամուտների վերաբերյալ տվյալները, և ավտոմատ կլրացվի:
Եվս մեկ կարևոր փոփոխություն, որն այս պահին նախնական նախագծում չկա, բայց պայմանավորվել ենք առաջինից երկրորդ ընթերցում, այսինքն՝ հանձնաժողովի նիստի ընթացքում կատարել, այն է, որ ընտանիքի անդամների միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն: Այս հարցը շատ էր համաքաղաքացիներին մտահոգում, ու հարցերը բավականին շատ էին այս առումով, չնայած եթե այս փոփոխությունները չանեինք, այնպես էր, որ ընտանիքի անդամների միջև փոխանցումները հիմնականում նվազեցվող եկամուտներն են, այսինքն՝ հարկման ենթակա չեն, մենք այս դրույթով ուզում ենք ֆիքսել, որ ավելի հստակ լինի, որ ծնողի և երեխայի, քույրերի և եղբայրների, ամուսինների միջև դրամական փոխանցումները հայտարարագրելու կարիք չի լինի. խոսքը վերաբերում է չհարկվող եկամուտներին:
Նաև պայմանավորվածություն ունենք, որ հայտարարագրման առարկա չլինեն նաև ֆիզիկական անձանց կողմից ստացվող վարկերը և փոխառությունները, սակայն դրանք կանենք ոչ թե օրենքով, այլ Կառավարության որոշմամբ»,- ասաց նա: